ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 22 ապրիլի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Թ. Մարգարյանի բացատրությունները, հետազոտելով կանոնադրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ստորագրվել է Քիշնև քաղաքում՝ 2002 թվականի հոկտեմբերի 7-ին։

2. Կանոնադրությամբ Պայմանագրի մասնակից պետություններն ստանձնում են հետևյալ հիմնական պարտավորությունները.

- հիմնադրել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի միջազգային տարածաշրջանային կազմակերպություն,

- համատեղ միջոցներ ձեռնարկել Կազմակերպության շրջանակներում հավաքական անվտանգության գործուն համակարգի կազմավորման ուղղությամբ,

- համակարգել և միավորել ջանքերը միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրանյութերի և հոգեներգործող նյութերի, զենքի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի և անդամ պետությունների անվտանգությանն այլ սպառնալիքների դեմ պայքարում,

- համաձայնեցնել և համակարգել արտաքին քաղաքական դիրքորոշումներն անվտանգության միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ,

- միջոցներ ձեռնարկել հավաքական անվտանգության համակարգի գործունեությունը կանոնակարգող իրավապայմանագրային բազայի զարգացման, պաշտպանության, ռազմական շինարարության և անվտանգության հարցերով ազգային օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ։

3. Կանոնադրությունը բովանդակում է նաև դրույթներ Կազմակերպության մարմինների, դրանց լիազորությունների և գործունեության կարգի, Կազմակերպության բյուջեի ձևավորման, կանոնադրության ուժի մեջ մտնելու, դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

4. Կազմակերպությունը գործում է անդամ պետությունների անկախության, հարգանքի, մասնակցության կամավորության, իրավունքների և պարտականությունների հավասարության հիմունքների վրա։ Կանոնադրությունը չի շոշափում անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով ձեռք բերված իրավունքները և պարտականությունները։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

1. 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 ապրիլի 2003 թվականի
ՍԴՈ - 415

print page Տպել էջը