ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 22 ապրիլի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վ. Մարությանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի , 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տնտեսության կարիքների, ռազմական և հումանիտար փոխադրումների համար տրանսպորտային հաղորդակցության ցանցի օգտագործման և զարգացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Մարությանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 2001թվականի մայիսի 31-ին՝ Մինսկում։

Համաձայնագիրն ստորագրելիս՝ Կողմերը նպատակ են ունեցել համաձայնեցնել տնտեսության կարիքների, ռազմական և հումանիտար փոխադրումների համար տրանսպորտային հաղորդակցության ցանցի օգտագործմանն ու զարգացմանն ուղղված իրենց գործողությունները։

Ստորագրելով համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

ա) աջակցել զորքերի, զորախմբերի, առանձին զինծառայողների, ինչպես նաև ռազմական բեռների տեղափոխությանը մի կետից մյուսը, անկախ փոխադրման ծավալից, բովանդակությունից, նպատակներից և նշանակությունից, ինչպես նաև տրանսպորտի տեսակից.

բ) աջակցել բեռների և մարդկանց փոխադրումներին, որոնք ուղղված են բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանը, դրանց հետևանքով տուժած մարդկանց կյանքը փրկելուն և առողջության պահպանմանը, շրջակա բնական միջավայրին պատճառված վնասների և նյութական կորուստների չափերի նվազեցմանը, արտակարգ իրավիճակի տարածքի սահմանազատմանը, դրան բնութագրող վտանգավոր գործոնների գործունեության դադարեցմանը, ինչպես նաև էվակուացիոն միջոցառումների իրականացմանը.

գ) անցկացնել հատուկ միջոցառումներ՝ ուղղված ՀՀ տարածքում տրանսպորտային հաղորդակցության ցանցի աշխատանքային վիճակի պահպանմանը, վերանորոգմանը, զարգացմանը, ինչպես նաև խաղաղ և պատերազմական ժամանակ ավերված հաղորդակցության ուղիների և տրանսպորտային օբյեկտների տեխնիկական արգելափակմանն ու արագ վերականգնմանը՝ դրանց ներկայացվող ռազմատեխնիկական պահանջներին համապատասխան.

դ) հոգալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման հետ կապված բոլոր ծախսերը։

Համաձայնագիրը չի շոշափում Հայաստանի Հանրապետության կողմից նախկինում ստորագրված, այդ թվում նաև սույն համաձայնագրի Կողմ հանդիսացող պետությունների հետ կնքված պայմանագրերից և համաձայնագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, և չի խոչընդոտում տվյալ համաձայնագրի կատարմանը չհակասող այլ միջազգային պայմանագրերի կնքմանը։

Համաձայնագրում սահմանված են վերջինիս ուժի մեջ մտնելու, կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերի լուծման, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, համաձայնագրին միանալու և դրանից դուրս գալու կարգը, ինչպես նաև գործողության ժամկետները։

Համաձայնագրի կարգավորման խնդիրը՝ մասնակից պետությունների տնտեսության կարիքների, ռազմական եւ հումանիտար փոխադրումների համար տրանսպորտային հաղորդակցության ցանցի օգտագործման եւ զարգացման համար փոխադարձ համաձայնեցված պայմանների ստեղծումն է, որը համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ կոչված է ավելի դյուրին դարձնելու այդ ոլորտում պետության սահմանադրական պարտավորությունների կատարումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տնտեսության կարիքների, ռազմական և հումանիտար փոխադրումների համար տրանսպորտային հաղորդակցության ցանցի օգտագործման և զարգացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 ապրիլի 2003 թվականի
ՍԴՈ - 416

print page Տպել էջը