ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 43 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 18 հունիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 20 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մ. Մալխասյանի, նրա ներկայացուցիչներ Մ. Մկրտչյանի և Ա. Զեյնալյանի,

պատասխանող կողմի՝ թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ՝ հանձնաժողովի նախագահ Հ. Օհանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի, 21 և 57 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 20 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Մ. Մալխասյանի դիմումն է սահմանադրական դատարան:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31, 39, 40 և 57 հոդվածներով, սահմանադրական դատարանը 2003թ. հունիսի 9-ի աշխատակարգային որոշմամբ սույն գործն ընդունել է քննության և գործով պատասխանող կողմ է ներգրավել թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

Լսելով սույն գործով զեկուցող՝ սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, կողմերի բացատրություններն ու միջնորդությունները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Թիվ 20 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2003թ. մայիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68 հոդվածում և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով ձևավորված թվով 64 ընտրական տեղամասերում:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42 և 114 հոդվածներով նախատեսված կարգով թիվ 20 ընտրատարածքում ընտրության օրը՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության քվեաթերթիկում ընդգրկված են եղել թիվ 20 ԸԸՀ-ի կողմից գրանցված պատգամավորության թեկնածուներ Լյովա Խաչատրյանը, Մյասնիկ Մալխասյանը, Վահան Մովսիսյանը և Կորյուն Սարգսյանը:

Թիվ 20 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների վերաբերյալ թիվ 20 ԸԸՀ-ի 2003թ. մայիսի 30-ի ամփոփիչ արձանագրության համաձայն ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 47676, ընտրությանը մասնակցել է 28044 ընտրող, բոլոր թեկնածուների օգտին տրված ձայների թիվը կազմել է 27156:

Ձայները բաշխվել են՝ Լ. Խաչատրյան - 17255, Մ. Մալխասյան - 8964, Վ. Մովսիսյան - 527, Կ. Սարգսյան - 410: Անճշտությունների չափն արձանագրվել է 2387:

Թիվ 20 ԸԸՀ-ի 2003թ. մայիսի 30-ի որոշմամբ մեծամասնական ընտրակարգով թիվ 20 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Լ. Խաչատրյանը:

2. Դիմող կողմը վիճարկում է թիվ 20 ԸԸՀ-ի որոշումը և խնդրում՝ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն այդ ընտրատարածքում ճանաչել անվավեր: Նա գտնում է, որ ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի լուրջ խախտումներ, որոնք ազդել են ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա: Մասնավորապես նշվում է, որ ԸԸՀ-ի կողմից չպետք է գրանցվեր պատգամավորության թեկնածու Լ. Խաչատրյանը, ինչպես նաև թույլ են տրվել նախընտրական քարոզչության և քվեարկության կարգի խախտումներ, ընտրական ցուցակների վարման հետ կապված թերացումներ:

Ըստ դիմող կողմի՝ բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել նաև քվեաթերթիկների հաշվարկի և արձանագրությունների կազմման ընթացքում: Այդ պատճառով ընտրությունների հաջորդ օրը, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետի համաձայն, Մ. Մալխասյանի վստահված անձինք և թիվ 20 ԸԸՀ-ի մի շարք անդամներ պահանջել են ստուգել թիվ 20 ընտրատարածքի թվով 12 ընտրական տեղամասերի տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրության փաստացի արդյունքներին:

Դիմող կողմը գտնում է, որ թիվ 0553 ընտրական տեղամասում ամփոփիչ արձանագրություններն ստորագրված են ՏԸՀ 2 անդամի, թիվ 0505-ում՝ 4 անդամի, թիվ 0552-ում՝ 5 անդամի, թիվ 0507, 0515, 0521, 0533, 0539 և 0555 տեղամասերում՝ 6 անդամի կողմից, իսկ թիվ 0526, 0527 ու 0530 տեղամասերում ամփոփիչ արձանագրությունները չեն ստորագրել ՏԸՀ-ների նախագահները և դրանց վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել: Միաժամանակ կասկածահարույց են համարվում առանձին ընտրատեղամասերի արձանագրային տվյալները՝ ընտրությանը մասնակցածների թվի և քվեաթերթիկների թվի վերաբերյալ:

Դիմող կողմը գտնում է, որ բերված փաստարկները բավարար հիմք են ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 20 ընտրատարածքում 2003թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ թիվ 20 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան, քանի որ թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրությունների արդյունքներն ամփոփել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ իրենց կողմից կատարված ստուգումների և ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա: Ինչ վերաբերում է դիմող կողմի նշած իրավախախտումներին, ապա դրանք տեղի չեն ունեցել, իսկ այդ մասին հայտարարությունները կարող են ապացուցված համարվել միայն վերադաս ընտրական հանձնաժողովի որոշման կամ դատարանի վճիռների առկայության պայմաններում, որպիսիք գոյություն չունեն:

Ըստ պատասխանող կողմի՝ ստուգումներն իրականացվել են գրավոր պահանջների ստացման հերթականությամբ և թիվ 0549 և 0555 ընտրական տեղամասերում ստուգումներ չեն անցկացվել ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածով և ԿԸՀ-ի 14.05.2003թ. N 131-Ա որոշման 14 կետով սահմանված ժամկետի լրանալու պատճառով:

Տեղամասային արձանագրությունների թվային անհամապատասխանությունները մեխանիկական թվաբանական սխալի հետևանք են, որոնք ստուգվել են և ընտրության արդյունքների վրա որևէ ազդեցություն ունենալ չեն կարող: Մեխանիկական սխալի հետևանք է նաև անճշտությունների չափի վերաբերյալ 2387 թիվը, որն իրականում կազմել է 961: Թիվ 0521, 0528, 0533 և 0535 տեղամասերում, մասնավորապես, անճշտությունների տողում լրացվել է կամ ընտրողների, կամ քվեաթերթիկների թիվը:

Ըստ պատասխանող կողմի՝ Արագածոտնի մարզի դատախազության տեղեկանքի համաձայն 2003թ. մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 20 ընտրատարածքից ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել:

4. Գործի նյութերը վկայում են, որ թիվ 20 ԸԸՀ-ն թերացել է նախընտրական քարոզչության նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու գործում: Միաժամանակ, ըստ ԸԸՀ-ի ներկայացրած ամփոփիչ տվյալների՝ թիվ 0492 ընտրատեղամասում քվեատուփում առկա և մարված քվեաթերթիկների թիվը 8-ով ավելին է ՏԸՀ-ին տրված քվեաթերթիկների թվից, թիվ 0459 և 0501 տեղամասերում այդ տարբերությունը 2 է, թիվ 0528 ընտրատեղամասում ընտրողների թիվն արձանագրված է 546 մարդ, սակայն անճշտությունների չափը 873 է, թիվ 0533 տեղամասում կա 77 ընտրող, իսկ անճշտությունների չափը ներկայացված է 126, թիվ 0521 տեղամասում՝ համապատասխանաբար 304 և 438:

Նման թվային շեղումները և անհստակությունները վկայում են համապատասխան արձանագրությունների ոչ ճիշտ կազմման և որոշակի ընտրախախտումների մասին: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ թիվ 20 ընտրատարածքում էական խախտումներ էին մատնանշվել նաև սահմանադրական դատարանի 16.04.2003թ. ՍԴՈ-412 որոշման մեջ՝ համապատասխան նյութերը տրամադրելով ՀՀ գլխավոր դատախազությանը:

5. Գործի քննության ընթացքում, ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ դիմող կողմի մատնանշած թիվ 0505, 0507, 0515, 0521, 0526, 0527, 0530, 0533, 0539, 0552, 0553 և 0555 ընտրական տեղամասերի ամփոփիչ արձանագրություններն ստորագրված են ՏԸՀ 5-9 անդամների կողմից, այսինքն՝ վավեր են, քանի որ ՀՀ ընտրական օրենսգրքի 39 հոդվածի 7 կետին համապատասխան քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

6. Թիվ 20 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Լ. Խաչատրյանի գրանցման օրինականության վիճարկման կապակցությամբ, սահմանադրական դատարանը պարզեց, որ այդ հարցն օրենքով սահմանված կարգով քննարկվել է թիվ 20 ԸԸՀ-ի 23.05.2003թ. նիստում և կայացվել է թիվ 22/2Ն որոշումը՝ գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ: Սույն որոշումը դիմող կողմը ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածին համապատասխան ընդհանուր իրավասության դատարանում չի բողոքարկել, որի իրավասությանն է վերաբերում տվյալ հարցով փաստական հանգամանքների հետազոտումը:

7. Ինչ վերաբերում է դիմումատուի վստահված անձանց և թիվ 20 ԸԸՀ-ի մի շարք անդամների գրավոր պահանջին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետի համաձայն ստուգելու թիվ 20 ընտրատարածքի մի շարք ընտրական տեղամասերի տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրության փաստացի արդյունքներին, ապա սահմանադրական դատարանը քննությամբ պարզեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետի համաձայն թիվ 0507, 0549, 0554 և 0555 ընտրական տեղամասերի վերաբերյալ այդպիսի պահանջ ներկայացվել է իրավասու սուբյեկտների կողմից, իսկ մյուս ընտրական տեղամասերի վերաբերյալ, ըստ գործի նյութերի, ստուգման պահանջ ներկայացվել է դրա իրավասությունը չունեցող անձանց կողմից: Թիվ 20 ԸԸՀ-ի կողմից ստուգվել են միայն 0507 և 0554 ընտրական տեղամասերի արդյունքները:

Թիվ 20 ընտրատարածքի նշված տեղամասերում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների ստուգումները վկայում են, որ տեղ են գտել արձանագրային տվյալների զգալի տարբերություններ: Նման պայմաններում ԸԸՀ-ն չի կատարել ԱԺ պատգամավորության թեկնածուի վստահված անձանց օրինական պահանջը՝ թիվ 0549 և 0555 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10 կետի պահանջներին համապատասխան ստուգելու վերաբերյալ:

ՀՀ սահմանադրական դատարանը՝ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 16.04.03թ. ՍԴՈ-412 որոշման մեջ ամրագրված իր իրավական դիրքորոշումը, գտնում է, որ թիվ 0549 և 0555 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անհրաժեշտ է համարել ոչ հավաստի:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հաշվի առնելով պատգամավորության թեկնածուների ձայների էական տարբերությունը և գնահատելով ապացուցողական նշանակության հիմքերով փաստարկված ընտրախախտումների ազդեցությունն ընտրության արդյունքների վրա, անփոփոխ թողնել թիվ 20 ԸԸՀ-ի 30.05.2003թ. թիվ 23 Ն1 որոշումը՝ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության վերաբերյալ, և մերժել դիմումը՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

2. Գործի քննության ընթացքում ի հայտ եկած իրավախախտումների փաստերը ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 հունիսի 2003 թվականի
ՍԴՈ - 428

print page Տպել էջը