ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 18 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 27 հունիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 18 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու՝ սույն գործով դիմումատու Ս. Աբրահամյանի լիազոր ներկայացուցիչներ Վ. Զուռնաչյանի, Ա. Զեյնալյանի,

պատասխանող կողմի՝ թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Ա. Մարգարյանի և Ս. Մկրտումյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի, 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 20 հոդվածի առաջին մասի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի, 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 18 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Ս. Աբրահամյանի դիմումն է սահմանադրական դատարան։

Առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներով, սույն գործով պատասխանող կողմ է ճանաչվել թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ)։

Lսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Թիվ 18 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացվել են 2003 թվականի մայիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետում: Քվեարկությունը կազմակերպվել է ընտրատարածքի թվով 26 ընտրական տեղամասերում:

Ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել և քվեաթերթիկներում ընդգրկվել է Ազգային ժողովի թվով 4 պատգամավորության թեկնածու։ Թիվ 18 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության համաձայն ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը, ըստ ընտրողների ցուցակի, կազմել է 42445, ընտրություններին մասնակցել է 15070 ընտրող, պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը կազմել է 14345, իսկ անճշտությունների չափը՝ 910: Պատգամավորության թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Սուրեն Աբրահամյան՝ 4805, Գևորգ Հակոբյան՝ 7313, Քրիստինե Մխոյան՝ 628 և Ալբերտ Վարդանյան՝ 1599:

Թիվ 18 ԸԸՀ-ն ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի հիման վրա ամփոփելով ընտրության արդյունքները, իր՝ 2003 թ. մայիսի 30-ի թիվ 19 որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչել առավել կողմ ձայներ ստացած Գ. Հակոբյանին։

2. Դիմող կողմը վիճարկում է մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու վերաբերյալ թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը՝ գտնելով, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում թույլ տրված խախտումներն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

Դիմող կողմը, մասնավորապես, գտնում է, որ ընտրատարածքի թվով 8 տեղամասերում ընտրական կենտրոնները ձևավորվել են ՀՀ ԸՕ­ի 16 հոդվածի պահանջների խախտմամբ, խախտվել են նաև ընտրացուցակների կազմմանը ներկայացվող պահանջները, պատգամավորության թեկնածուի վստահված անձանց իրավունքները՝ թիվ 18 ԸԸՀ­ին հասցեագրված նրանց դիմումները թողնելով անհետևանք, թիվ 0416 ընտրատեղամասում խախտվել է զինծառայողների քվեարկության կարգը:

Դիմող կողմը գտնում է նաև, որ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ օրենքով սահմանված կարգի խախտումներ են արձանագրվել թիվ 0403, 0406, 0407, 0408, 0409, 0413 և 0414 ընտրատեղամասերում, իսկ վստահված անձանց դիմումների հիման վրա կատարված ստուգումները նույնպես վստահություն չեն ներշնչում: Ըստ դիմող կողմի՝ «իր վստահված անձանց հաշվարկներով» հատկապես թիվ 0408, 0409, 0413 և 0414 ընտրատեղամասերում արհեստականորեն ավելացվել է քվեարկության մասնակիցների և ընտրված ճանաչված թեկնածուին տրված ձայների թիվը: Այդ հաշվարկային տարբերությունը դիմումատուն գնահատում է որպես անճշտություն և գտնում, որ այն, ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետի հիման վրա, բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը:

3. Պատասխանող կողմը՝ առարկելով դիմող կողմի փաստարկներին ու հիմնավորումներին, գտնում է, որ բավարար հիմքեր չկան սահմանադրական դատարանում վիճարկելու մեծամասնական ընտրակարգով 2003 թվականի մայիսի 25­ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները թիվ 18 ընտրատարածքում, քանի որ ներկայացվող խախտումների փաստերն անհիմն են, իսկ ԸԸՀ-ն ընտրության արդյունքներն ամփոփել է ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Ըստ պատասխանող կողմի՝ տեղամասային կենտրոնների ձևավորման հարցում չեն խախտվել ՀՀ ԸՕ­ի պահանջները, ԸԸՀ­ն պատշաճ վերահսկողություն է իրականացրել ընտրատարածքում ընտրողների ցուցակների կազմման և վարման ընթացակարգի նկատմամբ՝ ղեկավարվելով ՀՀ ԸՕ­ով և ԿԸՀ­ի 2003թ. սեպտեմբերի 4­ի թիվ 11/5 որոշման պահանջներով՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ:

Վստահված անձանց իրավունքների խախտման առնչությամբ դիմող կողմի ներկայացրած փաստարկներին ի պատասխան՝ պատասխանող կողմը գտնում է, որ օրենսդրությամբ սահմանված կարգի որևէ խախտում տեղի չի ունեցել, իրավասու սուբյեկտների դիմում-բողոքները ժամանակին քննության են առնվել, դրանց հիման վրա և դիմումատուների մասնակցությամբ ստուգվել են թիվ 0403, 0406, 0408, 0409, 0413 և 0414 ընտրական տեղամասերում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին: Պատասխանող կողմը մատնանշեց նաև, որ գործում առկա փաստաթղթերը վկայում են, որ առանձին վստահված անձինք և հանձնաժողովների անդամներ քաջածանոթ չեն իրենց իրավունքներին և ժամանակին ու օրենքով սահմանված կարգով չեն ներկայացրել իրենց դիմումները կամ հատուկ կարծիքները:

Պատասխանող կողմն առարկեց նաև անճշտությունների չափի վերաբերյալ դիմող կողմի պնդումներին և դիրքորոշում արտահայտեց, որ օրենսգիրքը հստակ սահմանել է այն որոշելու կարգը և ՏԸՀ-ները դրանով առաջնորդվելով կատարել են հաշվարկը: ԸԸՀ-ն, իր հերթին, ելնելով ՏԸՀ-ների թիվ 2 ամփոփիչ արձանագրություններից և ստուգումների արդյունքներից, արձանագրել է անճշտությունների ամփոփ թիվը՝ 910, որն անհնարին չի դարձնում պարզելու ընտրված թեկնածուին, ուստի պատասխանող կողմը գտնում է, որ ԸԸՀ-ի 2003թ. մայիսի 30-ի թիվ 19 որոշումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորի ընտրության վերաբերյալ, պետք է թողնել անփոփոխ:

4. Պարզելու համար թիվ 18 ընտրատարածքի, հատկապես՝ 0403, 0406, 0407, 0408, 0409, 0413 և 0414 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում ներկայացվող ընտրախախտումների ինչպես հիմնավորվածությունը, այնպես էլ՝ ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա դրանց ազդեցության չափը, սահմանադրական դատարանը պատասխանող կողմից պահանջեց անհրաժեշտ փաստաթղթեր և բացատրություններ՝ թիվ 0403, 0406, 0408, 0409, 0413 և 0414 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված դիմում-բողոքների, դրանց ընթացքի, կատարված ստուգումների վերաբերյալ: Պահանջվեց նաև թիվ 0396, 0400, 0404, 0407, 0415, 0416, 0419 տեղամասերի թիվ 1 և թիվ 2 ամփոփիչ արձանագրությունները՝ անճշտությունների թվի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ համարեց ՀՀ գլխավոր դատախազությունից ստանալ իրավախախտումների վերաբերյալ դիմումատուի կողմից գրավոր ներկայացված հայտարարությունների պատասխանները:

ՀՀ ոստիկանությունից պահանջվեց կատարել ստուգում և տալ պարզաբանում ընտրացուցակներում մեծ թվով քաղաքացիների ծննդյան օրը և ամիսը «01.01» թվագրելու առնչությամբ, որը, ըստ դիմումատուի, կատարվում է որոշակի դիտավորությամբ:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմող կողմի վստահված անձանց և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների՝ օրենքով սահմանված կարգով ներկայացրած բոլոր պահանջներին ԸԸՀ-ն համապատասխան ընթացք է տվել: Կատարվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 40 և 62 հոդվածների պահանջները՝ ստուգումների կազմակերպման և դրանց հիման վրա վերջնական արդյունքների ամփոփման առումով: Սակայն դիմումատուն հիմնական անհամաձայնությունը հայտնում է հենց ստուգումների արդյունքների վերաբերյալ, և այդ հարցով հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան, որը քննությամբ մերժվել է:

Թիվ 0406, 0408, 0409, 0413 և 0414 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ դիմումատուի բողոքների կապակցությամբ ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության կողմից ՀՀ սահմանադրական դատարանի պահանջով ներկայացված տեղեկանքում փաստվում է, որ հերքվում են դիմումատուի փաստարկները տեղ գտած ընտրախախտումների, մասնավորապես, ընտրացուցակներում տեղ գտած կեղծիքների վերաբերյալ:

Սահմանադրական դատարանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի, լիազորված է լուծել ՀՀ ԱԺ ընտրության արդյունքների հետ կապված վեճեր՝ օրենքով սահմանված կարգով: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածը, իր հերթին, սահմանել է, որ ընտրական վեճեր լուծելիս՝ սահմանադրական դատարանում քննվող գործին առնչվող փաստական հանգամանքները քննության առարկա չեն կարող դառնալ: Ուստի սահմանադրական դատարանը կարող է հիմք ընդունել միայն ընտրախախտումների փաստական հանգամանքների գնահատման իրավասությամբ օժտված մարմինների, տվյալ դեպքում՝ դատախազության, կողմից ներկայացված տեղեկատվությունը՝ այս կամ այն կոնկրետ խախտման իրողությունը պարզելու և ընտրությունների արդյունքների վրա դրա ազդեցությունը գնահատելու համար:

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ ընտրացուցակներում քաղաքացիների ծննդյան ամիս-ամսաթիվն անհիմն ձևով նշվել է «01.01», համապատասխան համայնքների ղեկավարների և ՀՀ ոստիկանության անձնագրային մարմինների կողմից չի ապահովվել ՀՀ ընտրական օրենսգրքի 11 հոդվածի 1-ին կետի պատշաճ կատարումը՝ ստեղծելով ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության մթնոլորտ:

7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ ոչ հավաստի պետք է համարել քվեարկության արդյունքները թիվ 0407 ընտրատեղամասում, որտեղ ի հայտ են եկել իրարից էապես տարբերվող երկու ամփոփիչ արձանագրություններ: Այլ տեղամասերում, մասնավորապես թեկնածուներին տրված ձայների առումով, էական շեղումներ չկան:

8. Գնահատելով ընտրության արդյունքների վրա անճշտությունների չափի հնարավոր ազդեցությունը, այդ նպատակով ուսումնասիրելով պահանջված արձանագրությունները և գործում առկա նյութերը, սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավականորեն պատշաճ հիմնավորված քանակական անճշտությունների ընդհանուր չափն անհամեմատ ավելի փոքր է, քան առաջին երկու տեղերն զբաղեցրած թեկնածուների ձայների տարբերությունը, և, հաշվի առնելով ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետի պահանջը՝ չի բացառում ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ս. Աբրահամյանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված փաստարկները բավարար ապացուցողական հիմք չեն հանդիսանում թիվ 18 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2003 թվականի մայիսի 25­ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։

2. Սույն գործի քննության ընթացքում բացահայտված օրինախախտումների վերաբերյալ փաստերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 հունիսի 2003 թվականի
ՍԴՈ - 432

print page Տպել էջը