ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 16 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 1 հուլիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝

դիմող կողմի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 16 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Շ. Քոչարյանի ներկայացուցիչներ Ա. Ավետիսյանի, Դ. Մխիթարյանի, Ա. Արզաքանցյանի,

պատասխանող կողմի՝ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ա. Գևորգյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի և 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 16 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 16 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Շավարշ Քոչարյանի դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Զ. Ղուկասյանի հաղորդումը, կողմերի բացատրություններն ու պարզաբանումները, ինչպես նաև հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Թիվ 16 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացվել են 2003թ. մայիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68 հոդվածում և ՀՀ ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետներում՝ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով ձևավորված թվով 25 ընտրական տեղամասերում։

Թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները, 2003թ. մայիսի 30-ին որոշում է կայացրել Վլադիմիր Բադալյանի՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու մասին:

Համաձայն թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2003 թվականի մայիսի 25-ի ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության, կազմված՝ 30.05.2003թ., թիվ 16 ընտրատարածքում առաջադրված և ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով քվեաթերթիկներում ընդգրկված 8 պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Ս. Ասատրյան ՝ 491, Վ. Բադալյան՝ 4954, Ա. Գիվոև՝ 456, Ա. Զուրաբյան՝ 1303, Է. Կարտոյան՝ 262, Վ. Մխիթարյան՝ 235, Վ. Փիլիպոսյան՝ 626, Շ. Քոչարյան՝ 3736։ Ըստ թիվ 16 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության՝ ընտրատարածքում ընտրողների թիվը 43624 է, ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը՝ 13822։

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Շավարշ Քոչարյանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով խնդրում է պատգամավորի ընտրությունը թիվ 16 ընտրատարածքում ճանաչել անվավեր: Դիմող կողմը գտնում է, որ խախտվել է ընտրատարածքի և տեղամասային կենտրոնների ձևավորման՝ օրենքով սահմանված կարգը, տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում /0365/ ընդգրկված է եղել հանձնաժողովի անդամ լինելու իրավունք չունեցող անձ, մի շարք տեղամասերում խախտվել է ստորագրված քվեաթերթիկների փաթեթավորման կարգը, խախտվել է քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատանքային հերթափոխների իրականացման կարգը, տեղ են գտել ուրիշի փոխարեն քվեարկության, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ սպառնալիքի և ճնշման դեպքեր, առանձին տեղամասային կենտրոններում փակցված և տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից օգտագործված ընտրացուցակների միջև առկա են եղել անհամապատասխանություններ, թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատշաճորեն չի իրականացրել տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների և քվեարկության փաստացի արդյունքների համապատասխանության ստուգման աշխատանքները։

Դիմող կողմը գտնում է նաև, որ թիվ 0351 և 0347 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն ամփոփելիս փոխվել են քվեաթերթիկները և կեղծվել են վիճակահանությամբ քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովների անդամների ստորագրությունները, ԸԸՀ-ի կողմից պատվիրվել և շրջանառության մեջ են դրվել օրենքով սահմանվածից ավելի քվեաթերթիկներ, կամայական մոտեցում է դրսևորվել հանձնաժողովների անդամների, ինչպես նաև նրանց կողմից կատարվող պարտականությունների փոփոխությանը, թիվ 0345 և թիվ 0351 ընտրատեղամասերում տեղամասային կենտրոններում փակցված և հանձնաժողովի անդամների մոտ գտնվող ընտրացուցակների տարբերության հետևանքով առանձին քաղաքացիներ ստիպված են եղել դատական կարգով վերականգնել իրենց ընտրական իրավունքը, դա այն դեպքում, երբ ՀՀ ընտրական օրենսգրքի 13 հոդվածի համաձայն ՏԸՀ-ներին երկու օրինակով հանձնվող ընտրական ցուցակները պետք է վավերացված նույն օրինակները լինեն:

Դիմումատուի կարծիքով՝ թիվ 16 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և արդյունքների ամփոփման ժամանակ խախտվել են ՀՀ Սահմանադրության 1, 3, 27 և ՀՀ ընտրական օրենսգրքի 1, 2, 4, 6, 9, 16, 30, 32, 38, 40 և բազմաթիվ այլ հոդվածների պահանջները:

Դիմողն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ իր պահանջը հիմնավորելու համար դիմումին կից ներկայացրել է քվեարկության օրը թիվ 16 ընտրատարածքի առանձին տեղամասերում կատարված օրինախախտումների վերաբերյալ արձանագրությունների և դիմում-բողոքների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումների պատճեններ, արձանագրություններ, առանձին քաղաքացիների հայտարարություններ՝ իրենց փոխարեն ուրիշների կողմից քվեարկված լինելու վկայություններով, ընտրացուցակների պատճեններ, այլ նյութեր:

3. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ դիմողի մատնանշած խախտումները հիմնավորված չեն, և դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Պատասխանող կողմը պարզաբանեց, որ ՏԸՀ-ների անդամների հատուկ կարծիքների ու գրավոր պահանջների, ինչպես նաև թեկնածուի վստահված անձանց դիմումների հիման վրա սահմանված կարգով ստուգվել են թիվ 0347, 0351, 0352, 0363, 0365, 0366 և 0367 ընտրատեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ ժամանակին քննարկվել են բոլոր դիմում-բողոքները, և հիմնավոր չի համարում դիմումատուի պնդումներն անգործության մատնված լինելու վերաբերյալ:

Պատասխանող կողմի կարծիքով, մի շարք թերություններ՝ կապված ընտրացուցակների և ամփոփիչ արձանագրությունների ոչ ճիշտ կազմման, քվեաթերթիկների ընդհանուր թվի որոշման ու բաշխման հետ, և այլն, պայմանավորված են տեխնիկական գործոններով և ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալ չէին կարող:

Պատասխանող կողմն ընդունեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 34 հոդվածի խախտումով է կազմավորվել թիվ 0365 տեղամասային ընտրական հանձնաժողովը՝ ի սկզբանե հայտնվելով ոչ լեգիտիմ կարգավիճակում: Ընդունեց նաև այն իրողությունը, որ ստուգումներ կատարելու ժամանակ արձանագրվել են թիվ 0347 և 0351 ՏԸՀ-ների անդամներ Ա. Վարդանյանի, Վ. Պետրոսյանի, Ա. Խանազադյանի հայտարարություններն այն մասին, որ քվեաթերթիկների վրա նրանց ստորագրությունները կեղծված են: Միաժամանակ տեղեկացրեց, որ այդ հարցով հանձնաժողովների անդամների՝ ԿԸՀ-ին հղած դիմումներին տրված պատասխանին տեղակ չէ, իսկ ՀՀ դատախազական մարմիններն այդ հարցով ԸԸՀ-ի մասնակցությամբ որևէ ստուգում չեն կատարել:

4. Գործը քննության նախապատրաստելու ընթացքում սահմանադրական դատարանի պահանջով պատասխանող կողմը ներկայացրել է թիվ 16 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին 30.05.03թ. թիվ 16 ԸԸՀ-ի որոշման, ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության պատճենները, թիվ 16 ընտրատարածքում 25.05.03թ. քվեարկության արդյունքների վերաբերյալ ԸԸՀ մուտքագրված դիմում-բողոքների պատճենները և տեղեկանք՝ դրանց ընթացք տալու արդյունքների վերաբերյալ։

Սահմանադրական դատարանը թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից պահանջել է նաև թիվ 16 ընտրատարածքի համապասխան ընտրատեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների՝ ընտրությունների փաստացի արդյունքներին համապատասխանության ստուգման արդյունքների արձանագրությունների պատճենները, տեղեկանք թիվ 16 ԸԸՀ-ի պատվերով տպագրված մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկների քանակի վերաբերյալ, թիվ 16 ԸԸՀ-ի գործավարության մատյանի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներին մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկների հանձնման գրառումների հատվածի պատճենը։

Սահմանադրական դատարանի պահանջով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը տրամադրել է տեղեկանքներ՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված՝ Շավարշ Քոչարյանի դիմումներում նշված փաստերի կապակցությամբ քննության արդյունքների վերաբերյալ։

5. Ըստ դիմող կողմի՝ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պատվերով տպագրվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածով նախատեսված թվաքանակից ավելի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկ։

Գործում առկա՝ թիվ 16 ԸԸՀ-ի պատվերով տպագրված քվեաթերթիկների հանձնման-ընդունման 21.05.03. ակտի համաձայն՝ տպագրվել, հաշվարկվել և փաթեթավորվել է 46.787 քվեաթերթիկ։

Համաձայն թիվ 16 ԸԸՀ-ի 26.05.03թ. ամփոփիչ արձանագրության՝ ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 43.624։ Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածի 7-րդ կետի պահանջի՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք է տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացներ ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից 5 տոկոս ավելի քանակով քվեաթերթիկ, այն է՝ 45.805։ Մինչդեռ, ըստ թիվ 16 ԸԸՀ-ի՝ սահմանադրական դատարան ներկայացված ամփոփիչ արձանագրության՝ թվով 25 տեղամասային ընտրական հանձնաժողովներին հանձնվել է 46.008 քվեաթերթիկ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներին 46.008 քվեաթերթիկ հանձնելու պարագայում էլ թիվ 16 ԸԸՀ-ի պատվերով տպագրված և ստացված քվեաթերթիկների ու տեղամասային ընտրական հանձնաժողովներին հանձնված քվեաթերթիկների տարբերությունը կազմում է 779 քվեաթերթիկ, որը մնացել է ԸԸՀ-ում և ըստ պատասխանող կողմի՝ մարվել:

6. Գործի քննությամբ պարզվեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 34 հոդվածի պահանջները խախտելով՝ թիվ 0365 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել և հետագայում նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվել Հակոբ Բեգլարյանը, որն ընդգրկված է եղել ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուների ցուցակում: Նման փաստի առկայությունը ոչ հավաստի է դարձնում տվյալ ընտրատեղամասում քվեարկության արդյունքները:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից չի կատարվել սահմանադրական դատարանի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի պահանջներից բխող հանձնարարականը՝ ընտրացուցակների իսկությունն ստուգելու վերաբերյալ, սակայն միևնույն ժամանակ իրավաչափության խնդիր չառաջադրելով՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը դիմումատուի պահանջով կատարում է նման ստուգում՝ ԿԸՀ-ից պահանջելով թիվ 0367 և 0345 ընտրատեղամասերի աշխատանքային ընտրացուցակները և փաստում, որ այդ և տեղամասային կենտրոններում փակցված նույնանուն ընտրացուցակներում առկա են որոշ տարբերություններ:

8. Գործի քննությամբ պարզվեց նաև, որ թիվ 0347 և 0351 ընտրատեղամասերում քվեաթերթիկների վրա ստորագրությունների կեղծման մասին ՀՀ գլխավոր դատախազությանը դիմումատուի կողմից տեղեկացվել է 29.05.2003թ. և 30.05.2003թ.: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության կողմից 23.06.2003թ. և 01.07.2003թ. ՀՀ սահմանադրական դատարանի հարցումներով տրված պատասխաններից հետևում է, որ տվյալ ընտրախախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստումը չի ավարտվել:

Նկատի ունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի առաջին կետի պահանջը, համաձայն որի հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի հիման վրա սահմանադրական դատարանը գործը պետք է քննության առնի և որոշում կայացնի դիմումն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օր հետո, սահմանադրական դատարանը գտնում է, որ գործում առկա նյութերի գնահատման հիման վրա ոչ հավաստի պետք է ճանաչել նաև քվեարկությունների արդյունքները թիվ 0347 և 0351 ընտրական տեղամասերում:

9. Գործի քննությամբ պարզվեց, որ ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության մեջ սխալ է որոշվել նաև անճշտությունների չափը: ԸԸՀ-ի կողմից սահմանադրական դատարան ներկայացված տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվ 2 արձանագրությունների հիման վրա ամփոփումից հետևում է, որ այդ թիվն հասնում է 90-ի:

10. Գնահատելով դիմող և ընտրված ճանաչված թեկնածուների օգտին տրված ձայների փաստացի տարբերությունը, անճշտությունների չափը և թիվ 0347, 0351, 0365 ընտրատեղամասերի ոչ հավաստի գնահատվող քվեարկության արդյունքները, սահմանադրական դատարանը գտնում է, որ, անգամ այլ ընտրախախտումները հաշվի չառնելու դեպքում, արդեն իսկ բացառվում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Շ. Քոչարյանի դիմումը՝ թիվ 16 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2003թ. մայիսի 25-ի պատգամավորի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1 հուլիսի 2003 թվականի
ՍԴՈ - 434

print page Տպել էջը