ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 7 հուլիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝

դիմող կողմի ներկայացուցիչներ Ա. Սադոյանի, Ա. Զեյնալյանի, Ֆ. Խաչատրյանի,

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածների հիման վրա սույն գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Ա. Սահրադյանի, Տ. Մուկուչյանի, Ն. Հովհաննիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի, 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 20 հոդվածի առաջին մասի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի, 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը «Արդարություն» դաշինքի միասնական ցուցակով առաջադրված ՀՀ Ազգային ժողովի 14 պատգամավորության թեկնածուների դիմումն է սահմանադրական դատարան։

Lսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներ Հ.Նազարյանի և Վ.Պողոսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հիմք ընդունելով ընտրատարածքներում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տվյալները՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) 2003 թվականի մայիսի 31-ին ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2003 թվականի մայիսի 25-ին կայացած ընտրությունների արդյունքները:

ՀՀ ԿԸՀ-ի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված ամփոփիչ արձանագրության համաձայն՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածում սահմանված կարգով քվեաթերթիկներում ընդգրկված թվով 21 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը կազմել է 1.184.726, որը բաշխվել է հետևյալ համամասնությամբ. «Ազատական դաշինք-Ինքնորոշում միավորում (ԱԻՄ) (Քրիստոնեավարներ), Մտավորական Հայաստան, Ազատ Հայք առաքելություն» դաշինք՝ 9711 ձայն, «Ազգային համաձայնություն» կուսակցություն՝ 6078 ձայն, «Ազգային միաբանություն» կուսակցություն՝ 105480 ձայն, «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցություն՝ 10955 ձայն, «Արդարություն» դաշինք՝ 163203 ձայն, «Արդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ 6473 ձայն, «Արդյունաբերողների և կանանց միություն» դաշինք՝ 24388 ձայն, «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինք՝ 33605 ձայն, Ժողովրդական կուսակցություն՝ 13214 ձայն, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն՝ 55443 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 24991 ձայն, Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 280363 ձայն, Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցություն՝ 6200 ձայն, Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցություն՝ 34108 ձայն, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ 8057 ձայն, «Հայ արիների բռունցք» կուսակցություն՝ 3438 ձայն, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 136270 ձայն, «Հայոց համազգային շարժում» կուսակցություն՝ 7676 ձայն, «Հզոր հայրենիք» կուսակցություն՝ 39586 ձայն, Միավորված աշխատանքային կուսակցություն՝ 67531 ձայն և «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 147956 ձայն: Անճշտությունների չափը կազմել է 5600:

Վերոհիշյալ արդյունքների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 115 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր՝ 2003 թվականի մայիսի 31-ի թիվ 142-Ա որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով՝ «Ազգային միաբանություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված է ճանաչել 9, «Արդարություն» դաշինքի ընտրական ցուցակից՝ 14, Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից՝ 23, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից՝ 11, Միավորված աշխատանքային կուսակցության ընտրական ցուցակից՝ 6 և «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից՝ 12 պատգամավորության թեկնածուներ:

2. Դիմելով սահմանադրական դատարան՝ «Արդարություն» դաշինքի ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուները գտնում են, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2003 թվականի մայիսի 25-ին կայացած ընտրության արդյունքները: Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում, ինչպես նաև ըստ գործի քննության ընթացքում բերված լրացուցիչ փաստարկների՝ դիմումատուները պնդեցին, որ.

- 2003 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվեի անցկացումն անհամատեղելի է, այն նշանակվել է օրենքի խախտումով և ազդել է ընտրությունների արդյունքների վրա,

- ընտրությունների ընթացքում ՀՀ ԿԸՀ-ն և պետական այլ մարմինները չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթները՝ դրսևորելով անգործություն, չեն ընդունել ընտրությունների կազմակերպումն ապահովող իրավական ակտեր կամ այդպիսիք ընդունել են իրենց լիազորությունների գերազանցմամբ, իսկ ընտրություններն ամբողջությամբ նախապատրաստվել և անցկացվել են իշխանությունների ու ընտրական հանձնաժողովների կողմից նախապես ծրագրված ու կազմակերպված բնույթ կրող զանգվածային իրավախախտումներով և կեղծիքներով,

- ընտրատարածքները, տեղամասային կենտրոնները կազմավորվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտմամբ, համայնքների ղեկավարների կողմից զանգվածաբար խախտվել է նախընտրական քարոզչության՝ օրենքով նախատեսված հավասար պայմաններ տրամադրելու պահանջը, ընտրությունները ֆինանսավորվել են օրենքի խախտմամբ, կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները գտնվել են անհավասար պայմաններում,

- պատգամավորության թեկնածուների առաջադրման փուլում իշխանությունները խոչընդոտել են մի շարք թեկնածուների գրանցմանը, կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկվել են այլ կուսակցությունների անդամներ,

- լուրջ թերություններով են կազմվել ընտրական ցուցակները: Դրանցում որոշակի դիտավորությամբ սխալ են լրացվել բազմաթիվ ընտրողների անձնագրային տվյալներ, ծննդյան ամիս-ամսաթվի փոխարեն դրվել է պայմանական նիշ հանդիսացող «01.01» թվագրումը, սահմանված կարգով ընտրական ցուցակներից չեն հանվել արտասահմանում գտնվող և տվյալ երկրում կազմավորված ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցելու հայտ ներկայացրած ՀՀ քաղաքացիները՝ տեղիք տալով կրկնակի հաշվարկի և ՀՀ ընտրական օրենսգրքի 9 հոդվածի 2-րդ կետի պահանջների անտեսման: Խախտվել է նաև ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման՝ ՀՀ ԿԸՀ-ի 14.03.03թ. թիվ 42-Ն որոշմամբ հաստատված կարգը:

Դիմող կողմը գտնում է, որ.

խախտվել են նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, քարոզչության գործընթացում ընդգրկված են եղել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ և պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ և կազմակերպություններ, ընտրողների հետ հանդիպումներում օգտագործվել են հանրային ռեսուրսներ: Իրենց հերթին, լրատվամիջոցները՝ խախտելով ընտրական օրենսգրքի պահանջները, չեն կատարել անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելու իրենց պարտականությունը,

- նախընտրական քարոզչության ընթացքում պատգամավորության մի շարք թեկնածուների և առանձին կուսակցությունների կողմից տարաբնույթ կերպով քաղաքացիներին մատուցվել են ծառայություններ և տրվել ընտրակաշառք,

- ընտրական գործընթացն ուղեկցվել է ընդդիմադիր թեկնածուների և կուսակցությունների վստահված անձանց, ակտիվիստների նկատմամբ գործադրվող սպառնալիքի, ճնշումների ուղեկցմամբ, խախտվել են «Արդարություն» դաշինքի վստահված անձանց, ինչպես նաև միջազգային դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները և անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել դրանք վերականգնելու համար,

- ընտրական հանձնաժողովներն անգործություն են հանդես բերել ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում՝ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության կողմից փաստված խախտումները վերացնելու ուղղությամբ, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել ուրիշի փոխարեն քվեարկության, ընտրացուցակներում կեղծիքների, լցոնումների դեպքերի, ինչպես նաև՝ ընտրական փաստաթղթերի և կնիքների պահպանման կարգի խախտումները կանխելու ուղղությամբ,

- խախտվել է զինծառայողների՝ ընտրություններին մասնակցելու, ընտրությունների ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ և օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու գործող կարգը,

- առանձին ընտրատարածքներում գրանցվել են հոսանքազրկման, ընտրությունների արդյունքների՝ ընդհանրապես չամփոփման, քվեատուփերի առևանգման, պաշտոնապես ներկայացված և վստահված անձանց տրված ամփոփիչ արձանագրությունների տվյալների միջև անհամապատասխանության դեպքեր:

Դիմող կողմը գտնում է նաև, որ.

- ընտրությունների արդյունքներն ամփոփվել են իրավասու անձանց դիմում-բողոքներին ընթացք տալու կարգի խախտմամբ, ընդհանուր իրավասության դատարանները չեն ապահովել քաղաքացու արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը,

- ՀՀ դատախազությունն ընտրակեղծիքների վերաբերյալ հայտարարություններին ու դիմումներին արձագանքել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի ժամկետային պահանջների խախտմամբ: Ընտրակեղծիքներ թույլ տված անձինք շարունակում են մնալ անպատիժ, նրանց նկատմամբ իշխանությունների կողմից ձևավորվել է հանդուրժողականության մթնոլորտ,

- ԿԸՀ-ն անբավարար է կատարել ընտրական օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունները, հրաժարվել է իր գլխավոր պարտականությունից՝ ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելուց: ԿԸՀ-ն նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 3-րդ կետի պահանջների խախտմամբ է ամփոփել ընտրությունների արդյունքները, չի ապահովել նույն օրենսգրքի 41 հոդվածի 3-րդ կետի պահանջի կատարումը, ընտրության արդյունքներն ամփոփելիս թույլ է տվել թվային տարաբնույթ անճշտություններ ու շեղումներ:

Իր փաստարկները հիմնավորելու համար դիմող կողմը ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացրել դիմումներ՝ ուղղված կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ամփոփիչ արձանագրություններ, ընտրական գործընթացի արդյունքներն արտացոլող սեփական դիտարկումներ, դիմում-բողոքներ, դատարանների վճիռներ և այլ փաստաթղթեր:

3. Պատասխանող կողմը՝ դիմող կողմի ներկայացրած փաստարկների առնչությամբ գտնում է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքներն ամփոփել է ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, և ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան, քանի որ.

- դիմող կողմի նշած իրավախախտումները կարող են ապացուցված համարվել միայն ընդհանուր իրավասության դատարանների օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռների առկայության պայմաններում, սակայն ընտրախախտումների կապակցությամբ դատարաններ, որպես կանոն, դիմումներ չեն ներկայացվել, իսկ առանձին դեպքերում էլ, երբ դիմումներ ներկայացվել են, դատարաններում իրավախախտումների փաստերը չեն հաստատվել,

- դիմող կողմի դիրքորոշումը և ներկայացրած դատողությունները հիմնավորող փաստարկները՝ իրավական հիմքեր չունենալով հանդերձ, առավել քան կրում են զգացմունքային բնույթ, նպատակ են հետապնդում ոչ այնքան հիմնավորել դիմումում արտահայտված դիրքորոշումը, որքան ստեղծել զանգվածային իրավախախտումների պատրանք։ Ըստ պատասխանողի՝ դիմումում առկա առանձին փաստարկներ սխալ են և չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ պատասխանող կողմի՝ դիմումում ներկայացված բազմաթիվ դատողությունների վերաբերյալ դիմող կողմն ընդհանրապես չի ներկայացրել հիմնավորող ապացույցներ, իսկ դիմումի առանձին՝ խիստ սակավաթիվ, դրվագների հիմնավորման նպատակով ներկայացված նյութերը, ըստ պատասխանողի, որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող, դրանցում առկա են իրարամերժ, անհասցե, անստորագիր, նույն անձի անունից տարբեր ստորագրությամբ, օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված գրություններ, դրանց զգալի մասը պարունակում է չստուգված լուրեր, տպավորություններ, ենթադրություններ, որոնց հեղինակների շարքում առկա են թվով 4 սահմանված կարգով չգրանցված վստահված անձինք։ Ներկայացված նյութերում առկա են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ընդհանրապես չեն առնչվում ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին,

- նախընտրական քարոզչության ընթացքում հավասարության սկզբունքը, պատասխանողի կարծիքով, ապահովվել է՝ թեկնածուներին հավասար սակագներով վճարովի և անվճար եթերաժամանակի, ինչպես նաև պարտադիր համարվող տպագիր մամուլի հավասար ծավալների տրամադրմամբ, իսկ եթերաժամանակից, զանգվածային լրատվության միջոցներից վիճակահանությամբ սահմանված հերթականությամբ օգտվելը հավասարապես հասու է եղել ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին և նրանց դաշինքներին։ Պատասխանող կողմը գտնում է նաև, որ նախընտրական քարոզչության հավասարության սկզբունքի խախտում չեն կարող համարվել առանձին քաղաքացիների և լրատվամիջոցների կողմից կարծիք արտահայտելու ազատության, ինչպես նաև լրատվամիջոցների (հանրային և մասնավոր)՝ սեփական տեսակետ ունենալու և այն ազատորեն ներկայացնելու դրսևորումները: Իսկ նախընտրական քարոզչության ընթացքում տեղ գտած օրինախախտման առանձին դեպքեր, որոնք օրենքով նախատեսված կարգով քննության են առնվել իրավասու մարմինների կողմից, իրենց եզակի բնույթով չեն ազդել համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վրա, բռնարարքներ տեղի չեն ունեցել, այդ թվում՝ նաև «Արդարություն» դաշինքի նկատմամբ,

- պատասխանող կողմի կարծիքով, դիմող կողմի մատնանշած պաշտոնատար անձինք՝ ՀՀ վարչապետ, նախարարներ, մարզպետներ, նրանց տեղակալներ, համայնքի ղեկավարներ, դուրս են ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածով նախատեսված այն անձանց շրջանակից, որոնց արգելվում է մասնակցել նախընտրական քարոզարշավին։ Ըստ պատասխանողի՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին և այլ ծառայությունների մասին օրենքներին համապատասխան՝ դիմողի մատնանշած անձանց զբաղեցրած պաշտոնները քաղաքական կամ հայեցողական պաշտոններ են և դուրս են ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածով նախատեսված սուբյեկտների շրջանակից,

- պատասխանողի կարծիքով, առանձին ընտրատարածքների՝ որոշակի շեղումներով ձևավորումը չի կարող որևէ ազդեցություն ունենալ ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած «Արդարություն» դաշինքի ստացած քվեների նկատմամբ, քանի որ, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունն անցկացվում է Հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքում, և նման դեպքում ընտրատարածքների ձևավորումն ունի խիստ պայմանական նշանակություն։ Առանձին ընտրական տեղամասերի՝ որոշակի շեղումներով ձևավորումը, ըստ պատասխանողի, եղել է դատական կարգով ընտրական իրավունքի վերականգնման և ընտրացուցակների ճշգրտման հետևանք և, նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունն իրականացվում է Հանրապետության ամբողջ տարածքում, ապա նման շեղումներն էական ազդեցություն չեն կարող ունենալ ընտրության արդյունքների վրա,

- պատասխանող կողմը գտնում է, որ ընտրական հանձնաժողովների ձևավորումն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան։ Իսկ առանձին ընտրատարածքների վերաբերյալ բողոքները դարձել են ԿԸՀ-ի քննարկման առարկա, իսկ դրանցից մեկով՝ թիվ 16 ընտրատարածքի մասով, ընդունվել է ԿԸՀ 05.05.2003թ. թիվ 124-Ա որոշումը, որով վերականգնվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների խախտված իրավունքները։ Սակայն, բոլոր դեպքերում, քվեարկության օրը ընտրական հանձնաժողովների աշխատանքներին որպես անդամներ մասնակցել են «Արդարություն» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչները։ Կողմը նշում է նաև, որ ընտրական հանձնաժողովների անդամների իրավունքների ոտնահարման դեպքեր ԿԸՀ-ում չեն արձանագրվել,

- պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 115 հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ անճշտությունների չափը չի կարող հիմք հանդիսանալ համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու համար։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անճշտությունների չափը նշանակություն է ունենում մանդատները բաշխելիս, իսկ 5 տոկոսի սահմանագիծը հաշվարկելիս, եթե այդ չափը նույնիսկ փոփոխությունների է ենթարկվել, ապա ընտրության արդյունքի որևէ փոփոխության չի հանգեցրել և չէր էլ կարող հանգեցնել։ Կողմի կարծիքով, ՀՀ սահմանադրական դատարանը քննում է ոչ թե վերացական, այլ՝ կոնկրետ գործ, և նշված պարագայում անճշտությունների չափն ազդեցություն չի ունեցել «Արդարություն» դաշինքի ստացած քվեների վրա,

- պատասխանող կողմը գտնում է նաև, որ քվեաթերթիկների տպագրման և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին դրանց հատկացման ընթացքում խախտումներ տեղի չեն ունեցել, և դիմող կողմի դատողությունները հիմնված են ոչ ճիշտ հաշվարկի վրա, որի արդյունքում խեղաթյուրվում է իրականությունը։ Պատասխանող կողմը գտնում է նաև, որ ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրության մասնակիցների թվի արհեստական ավելացում տեղի չի ունեցել։ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամերին ընտրողների թվի վերաբերյալ ներկայացված տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2003 թվականի մայիսի 26-ին հրապարակված՝ ընտրողների ընդհանուր թվում մեխանիկորեն չի ամրագրվել թիվ 34 ընտրատարածքի և արտասահմանում ընտրությանը մասնակցած ընտրողների թիվը, ինչն առաջացրել է թվային նման անհամապատասխանություն։ Կողմը գտնում է նաև, որ այդ բացթողումը կրում է մեխանիկական բնույթ և չի ազդում ընտրության արդյունքների վրա,

- պատասխանող կողմի կարծիքով, դիմող կողմն ընտրության արդյունքների նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտում է ընդհանրական ձևով՝ հարցի քննությունը տարանջատելով մանդատների բաշխմանը «Արդարություն» դաշինքի մասնակցության և ստացած մանդատների քանակի իրավական հիմքերից,

- ԿԸՀ 14.05.2003թ. թիվ 131-Ա որոշումը, ըստ պատասխանող կողմի, հնարավորություն է ընձեռել վստահված անձանց և ընտրական հանձնաժողովների անդամներին ցանկացած կասկածի պարագայում սահմանված կարգով պահանջել համապատասխան ընտրական տեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների՝ ընտրությունների փաստացի արդյունքներին համապատասխանության ստուգում՝ բացառելով տարամեկնաբանությունները և տարակարծությունները։ Հատկանշական է, որ այդ իրավունքի իրականացման կապակցությամբ համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաբերյալ ներկայացվել է ստուգման պահանջ ընդամենը թվով 101 ընտրական տեղամասերի վերաբերյալ, որոնցից 61-ում՝ անվերապահ իրականացվել է, իսկ թվով 40-ում ընթացք չտալը պայմանավորված է եղել սոսկ այն հանգամանքով, որ չնայած առավելագույնս մանրամասնեցված կարգի առկայության, դրանք ներկայացվել են խախտումներով կամ ոչ իրավազոր սուբյեկտի կողմից։ Իրականացված ստուգումներով չեն արձանագրվել այնպիսի փաստեր, որոնք կարող էին կասկածի տակ դնել ընտրությունների օրինականությունը,

- ըստ պատասխանող կողմի՝ օրենսդրության պահանջներից է բխել նաև թիվ 3 ընտրատարածքում առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների անգործությունը վերացնելու մասին ԿԸՀ 27.05.2003թ. թիվ 140-Ա որոշումը, որով ոչ միայն իրականացվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի պահանջները՝ անգործության վերացման մասով, այլև այն նպաստել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնմանը,

- պատասխանող կողմը գտնում է նաև, որ ԿԸՀ-ն ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան է ամփոփել ՀՀ ԱԺ ընտրության արդյունքները և համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխումն առանձին կուսակցությունների ընտրական ցուցակների միջև միանշանակ համապատասխանում է նրանց օգտին տրված ձայների քանակին:

4. ՀՀ սահմանադրական դատարանի պահանջով, ինչպես նաև դիմող կողմի միջնորդություններով պատասխանող կողմը ներկայացրեց գործի քննությանն առնչվող հետևյալ փաստաթղթերը.

- ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2003թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները (ՀՀ ԿԸՀ-ի և ըստ ընտրատարածքների),

- տեղեկանքներ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգի կատարման, տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից քվեարկության արդյունքների ամփոփման, ԸԸՀ-ներին տրամադրված քվեաթերթիկների և կնիքների քանակի, ՀՀ ԸՕ-ով նախատեսված իրավասու անձանց դիմում-բողոքների քննարկման արդյունքների, ինչպես նաև կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով տրամադրվել են նաև դիմող կողմին:

5. Գործի քննության ընթացքում ակնհայտ դարձավ կողմերի տարբեր դիրքորոշումը ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 3 կետում ամրագրված դրույթի վերաբերյալ, ըստ որի՝ սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուները՝ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չեն սահմանազատված ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով սահմանադրական արդարադատություն իրականացնելու առանձնահատկությունները, մասնավորապես՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների մասով։ ՀՀ ընտրական օրենսգիրքը՝ նախատեսելով կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին՝ որպես ընտրական իրավահարաբերությունների սուբյեկտ, առանց սահմանադրական բարեփոխումների չէր կարող դրանց ճանաչել նաև որպես սահմանադրական դատարան դիմող սուբյեկտներ, ինչն առավել ներդաշնակ կլիներ սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկային: Սույն գործով սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական դատարան ներկայացված դիմումն ստորագրած պատգամավորների թվից, նրանց փաստացի ընտրված կամ չընտրված պատգամավոր լինելու պարագայից անկախ, համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուի դիմումի հիման վրա անհրաժեշտ է գործը քննության առնել ոչ միայն կոնկրետ թեկնածուի, այլև՝ տվյալ ցուցակը ներկայացրած կուսակցության (դաշինքի) ընտրական իրավունքների պաշտպանության առարկայի տեսանկյունից:

6. Գործի քննության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ ԱԺ ընտրությունների պատշաճ կազմակերպման և անցկացման վրա բացասաբար են անդրադարձել.

- ՀՀ ընտրական օրենսգրքում տեղ գտած թերություններն ու ոչ իրատեսական լուծումները։ Մասնավորապես դա վերաբերում է ընտրական ցուցակների կազմման ու վարման կարգին, հանձնաժողովների ձևավորման կարգին ու ժամկետներին, դրանց ծանրաբեռնվածությանը, որոշումների ընդունման և արձանագրությունների կազմման կարգին, քվեարկության արդյունքների բողոքարկման կարգին, քվեաթերթիկների տպագրության, բաշխման, պահպանման կարգին, ընտրակեղծիքները ժամանակին բացահայտելուն և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու անխուսափելիությունը երաշխավորելուն,

- հանձնաժողովների հետ տարված նախապատրաստական ոչ բավարար աշխատանքը, որի վկայությունն են արձանագրություններում տեղ գտած սխալներն ու բացթողումները,

- ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների օրինականության նկատմամբ ոչ բավարար հսկողությունը: Մասնավորապես, դա վերաբերում է նախընտրական քարոզչության շարունակական և համալիր վերահսկմանը, ֆինանսական միջոցների ձևավորման և օգտագործման թափանցիկության երաշխավորմանը, ընտրացուցակների կազմմանն ու վարմանը և այլն: Գործի քննությունից հետևում է, որ ընտրախախտումները հնարավոր են դառնում միայն ընտրական հանձնաժողովների անդամների՝ դրանց մասնակցության դեպքում: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգում առկա լուրջ խնդիրներին, որոնք շարունակում են բացասաբար անդրադառնալ ընտրական ողջ գործընթացի վրա։ Մասնավորապես, սույն գործի քննությունը վկայում է, որ ընտրական հանձնաժողովներ ձևավորող և ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման ու անցկացման համար պետության պատասխանատվությունը երաշխավորող իրավասուբյեկտները բավարար չափով հաշվի չեն առել ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.1999թ. ՍԴՈ-167 որոշման 10-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումը, և ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ առաջին անգամ համապետական ընտրությունների ընթացքում մի ամբողջ ընտրատարածքում (թիվ 3) տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները (70-ից ավելի) կազմակերպված բոյկոտեցին ընտրական գործընթացը։ Իսկ ԿԸՀ-ն և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հիմնականում որդեգրել են դիմումի առկայության դեպքում ձևական վերահսկման գործելաոճ, որը չի կարող երաշխավորել նրանց՝ օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք իրացումը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրությունների կազմակերպման ու անցկացման գործող կարգն օրենսդրական և նորմատիվային կարգավորման, գործընթացի կազմակերպման ու անցկացման, ընտրական իրավունքի պաշտպանության երաշխիքների ապահովման և մի շարք այլ առումներով անհրաժեշտ հանրային վստահություն չի ապահովում և բարելավման կարիք ունի։

7. Գործի քննության արդյունքները վկայում են նաև, որ ընտրական հանձնաժողովների տեսադաշտից ընդհանրապես դուրս է մնացել նախընտրական քարոզչության արդյունավետ վերահսկումը։ ԿԸՀ-ի կողմից բավարար ուշադրություն չի դարձվել այս հարցի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի 2003թ. ապրիլի 16-ի ՍԴՈ-412 որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշմանը: Անհրաժեշտ հետևողականությամբ չի ապահովվել նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջների կատարումը։ Տարբեր լրատվամիջոցներում տեղ են գտել կողմնակալ և միակողմ լուսաբանումներ:

Հարկ է նաև արձանագրել, որ ընտրական գործընթացում առկա է որոշակի դրական տեղաշարժ։ Ինչպես վկայում է ընտրությունների Միջազգային դիտորդական առաքելությունը՝ հանրային հեռուստատեսությունը կատարեց իր իրավական պարտականությունը, առաջատար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերը լուսաբանվեցին հիմնականում հավասար ձևով։

Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ ընտրական գործընթացում թեկնածուներին հավասար հնարավորությունների ընձեռումը սերտորեն առնչվում է ընտրողների կարծիքի ձևավորմանը և ենթադրում՝ պետական մարմինների չեզոքություն ընտրական գործընթացի, մասնավորապես՝ նախընտրական քարոզչության, զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումների նկատմամբ։ Սակայն, միջազգային իրավական չափանիշներից ելնելով, հարկ է քննության առարկա գործի առնչությամբ շեշտել ևս, որ այն սկզբունքը, ըստ որի նախընտրական քարոզարշավը պետք է լինի ազնիվ և արդար, չի կարող մեկնաբանվել այնքան տարածական, որ բացառվի խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու և զանգվածային լրատվամիջոցների սեփական տեսակետ ունենալու և այն ներկայացնելու իրավունքի իրականացումը։

8. 16.04.2003թ. ՍԴՈ-412 որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշմանը համապատասխան ԿԸՀ 14.05.2003թ. թիվ 131-Ա որոշումն ընդհանուր առմամբ դրական նշանակություն ունեցավ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետին համապատասխան ստուգումներ իրականացնելու համար։ Պատգամավորության թեկնածուների ու կուսակցությունների վստահված անձինք այս առնչությամբ հիմնականում իրացրել են իրենց իրավունքները: Սակայն սահմանադրական դատարանը սույն գործի քննության ընթացքում պարզեց այնպիսի դեպքեր, երբ նշված որոշման պահանջները հնարավոր չի եղել կիրառել՝ համապատասխան գրավոր դիմումները սահմանված կարգին ոչ համապատասխան ներկայացված լինելու, կամ՝ ընդհուպ ԸԸՀ-ների կողմից ծայրահեղության դրսևորման հետևանքով, ինչպես, օրինակ, քաղաքացու հայրանվան բացակայությամբ ներկայացված դիմումը համարելով անստորագիր՝ հաշվի չառնելով նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 11 հոդվածի 4-րդ կետի պահանջը: Նկատի ունենալով, որ առանձին դեպքերում սահմանված կարգի խախտումներ են թույլ տվել նաև ընտրական հանձնաժողովների՝ հատուկ կարծիք ներկայացրած անդամները, սահմանադրական դատարանը հանգում է նաև այն հետևությանը, որ ընտրական օրենսգրքի և ԿԸՀ-ի որոշումների դրույթները պատշաճորեն չեն ուսուցանվել ընտրական հանձնաժողովներում։

9. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրական օրենսգրքում վերանայման կարիք ունեն ընտրատարածքներին և ընտրական տեղամասերին հատկացված քվեաթերթիկների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ դրույթները։ Ոչ միայն անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների իրականացումը, այլև պետք է խստացվի քվեաթերթիկների տպագրության, հաշվառման, պահպանման և վերահսկման կարգը։ Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ նշված փոփոխությունները ցանկալի արդյունք կարող են տալ միայն ՀՀ ընտրական օրենսգրքի բոլոր ներքին հակասությունների վերացման պարագայում, սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին և որոշումներում ամրագրված բացահայտումներին համապատասխան իրարամերժությունները և տարակարծություն առաջացնող նորմերը վերացնելու միջոցով։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում առանձին ընտրատարածքներում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ընթացակարգ, սակայն մեծամասնական ընտրակարգով թիվ 29 կամ 12 ընտրատարածքներում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու փաստը խնդիրներ առաջադրեց նաև համամասնական ընտրակարգով ընտրությունների առնչությամբ, որոնց լուծումը գործող օրենսդրությամբ հստակեցված չէ:

10. Սահմանադրական դատարանն իրավական պետության սկզբունքներին ոչ հարիր է համարում ընտրական գործընթացում օրենքի ոչ միատեսակ կիրառման թեկուզ առանձին փաստերի առկայությունը։ Երբ միևնույն պատգամավորության թեկնածուն նույն պատճառաբանությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի մի դատարանի վճռով զրկվում է մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավորության թեկնածու գրանցվելու իրավունքից, իսկ Երևան քաղաքի մեկ այլ առաջին ատյանի դատարան նույն հիմքերով դա հնարավոր է համարում՝ համամասնական ընտրակարգի դեպքում, ինչն անվստահություն է սերմանում ընտրական իրավունքի դատական պաշտպանության համակարգի նկատմամբ։

11. Գնահատելով գործի քննության ընթացքում բացահայտված՝ ՀՀ ընտրական համակարգի հիմնական թերությունները, սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ համամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով ներկայացվող յուրաքանչյուր ընտրական վեճ պետք է քննության առարկա դառնա կոնկրետ ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից՝ հաշվի առնելով ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղ գտած՝ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումները, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այլ հարց է օրենսդրական և, դրանով պայմանավորված, կառուցակարգային բացերն ու թերացումները: Խոսքը վերաբերում է ընտրական գործընթացում տեղ գտած և ժամանակին բացահայտված ու իրավաբանորեն անհրաժեշտ հիմնավորմամբ ներկայացված այնպիսի խախտումներին, որոնք, պասիվ ընտրական իրավունքի պաշտպանության հարցով ներկայացված ընտրական վեճի դեպքում, վկայում են այդ իրավունքի պատշաճ իրացման հնարավորության բացառման մասին: Սույն գործի քննությունը վկայում է, որ այդ հնարավորությունները հիմնականում երաշխավորված են եղել:

12. Գնահատելով կողմերի ներկայացրած դիրքորոշումներն ու փաստարկները, համադրմամբ վերլուծելով դիմող և պատասխանող կողմերի՝ սահմանադրական դատարան ներկայացրած նյութերը, սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով 2003թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքները ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկող պատգամավորության թեկնածուների մտահոգություններն արդարացված են՝ ընտրական համակարգի թերությունների, գործընթացի նկատմամբ վստահության պակասի, վերահսկող ինստիտուտների արդյունավետ աշխատանքի համար դեռևս ոչ բավարար նախադրյալների ապահովման, ընտրակեղծիքներ թույլ տված անձանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի, ֆինանսական միջոցների ներգրավման ոչ բավարար թափանցիկության և մի շարք այլ հարցերի առնչությամբ: Սակայն կոնկրետ ընտրական վեճի շրջանակներում նրանց կողմից ներկայացված ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկները բավարար հիմք չեն հանդիսանում ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2003թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2003թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին պատգամավորության թեկնածուների դիմումը մերժել՝ անփոփոխ թողնելով ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին ԿԸՀ 2003թ. մայիսի 31-ի թիվ 142-Ա որոշումը:

2. ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հուլիսի 2003 թվականի
ՍԴՈ - 436

print page Տպել էջը