ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ՝ 1983 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 6 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 15 հուլիսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ 1983 թվականի ապրիլի 28-ին Ստրասբուրգում ստորագրված մահապատժի վերացման վերաբերյալ թիվ 6 արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետությունը՝ միանալով 1949թ. մայիսի 5-ի Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը, ինչպես նաև 1950թ. նոյեմբերի 4-ի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային և դրան կից 1, 4 և 7 արձանագրություններին, պարտավորվել է իր երկրում ճանաչել իրավունքի գերակայության սկզբունքը և, ի կատարումն այս սկզբունքի արմատավորման, իրականացնել պետական ինստիտուտների բարեփոխումներ և երկրի հասարակական ու քաղաքական կյանքի շարունակական ժողովրդավարացում՝ դրանք եվրոպական երկրներում գործող միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը Մահապատժի վերացման վերաբերյալ թիվ 6 արձանագրությունն ստորագրել է 2001 թվականի հունվարի 25-ին:

Թիվ 6 արձանագրության նպատակն է մասնակից պետությունների համար որպես պարտադիր կատարման ենթակա պարտավորություն հաստատել մահապատժի վերացման սկզբունքը: Այն պետությունը, որը միանում է արձանագրությանը, պարտավոր է իր օրենսդրությունից հանել մահապատիժը՝ որպես պատժատեսակ: Միաժամանակ, արձանագրությունը թույլատրում է մասնակից պետությանն իր օրենսդրությամբ նախատեսել մահապատիժ՝ պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում կատարված գործողության համար: Նման դեպքերում մահապատիժ կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և դրա դրույթներին համապատասխան:

Ըստ թիվ 6 արձանագրության՝ այն պետությունը, որի օրենսդրությունը նախատեսում է մահապատժի վերաբերյալ դրույթ, պարտավոր է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին դրանց վերաբերյալ ներկայացնել հաղորդում:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածը մասնակից պետություններին թույլատրում է «պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ» միջոցներ ձեռնարկել՝ ի շեղումն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների: Թիվ 6 արձանագրության 3-րդ հոդվածը նախատեսում է, որ, բացառությամբ արձանագրության 2-րդ հոդվածում նախատեսված դեպքերի, Կոնվենցիայի 15-րդ հոդվածի հիմքով որևէ այլ շեղում չի թույլատրվում:

Թիվ 6 արձանագրությունը «լրացուցիչ» է, և այն չի փոխարինում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին:

Թիվ 6 արձանագրության 4-րդ հոդվածն արգելում է ստորագրող պետությանը՝ հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 57-րդ հոդվածի վրա, արձանագրության դրույթների նկատմամբ անել որևէ վերապահում:

2. Հայաստանի Հանրապետությունը, իր անկախությունը հռչակելուց հետո, միանալով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ կարևորագույն համընդգրկուն և տարածաշրջանային միջազգային պայմանագրերին, ճանաչեց մարդուն, նրա կյանքը և առողջությունը, պատիվը և արժանապատվությունը, անձեռնմխելիությունը և անվտանգությունը որպես բարձրագույն սոցիալական արժեք:

3. Մարդու իրավունքների պաշտպանության բարձրագույն իրավաբանական երաշխիք է հանդիսանում ՀՀ Սահմանադրությունը, որի 14 - 48 հոդվածները նվիրված են կոնկրետ իրավունքների և ազատությունների բովանդակային շարադրանքին, իսկ 4 հոդվածն ամրագրում է, որ պետությունն ապահովում է այդ իրավունքների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող իրավունքների համակարգում նշված է նաև կյանքի իրավունքի պաշտպանությունը: Սահմանադրությունը, այս իրավունքը դիտելով որպես բացարձակ և անօտարելի, իր 45 հոդվածում նշում է, որ ոչ մի պարագայում կյանքի իրավունքը չի կարող սահմանափակվել:

ՀՀ Սահմանադրությունը 17 հոդվածում սահմանելով, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, այդ իրավունքի պաշտպանության առնչությամբ պարունակում է միայն մեկ շեղում՝ կապված մահապատժի հետ: Դա Սահմանադրության նույն 17 հոդվածում ամրագրված այն դրույթն է, համաձայն որի «Մահապատիժը՝ մինչև դրա վերացումը, որպես բացառիկ պատժամիջոց կարող է սահմանվել օրենքով՝ առանձնապես ծանր հանցագործությունների համար»:

4. Ինչպես ՀՀ Սահմանադրության համակարգային վերլուծությունը, այնպես էլ ՀՀ միջազգային պայմանագրերի բովանդակության ուսումնասիրությունը վկայում են, որ հանրապետությունը, որպես կյանքի իրավունքի երաշխավորման գործոն, մերժում է մահապատիժը՝ որպես պատժատեսակ, և որպես նորմ-նպատակ ամրագրում է մահապատժի վերացումը:

Մահապատժի վերացումը պայմանավորելով հասարակական գիտակցության մեջ որոշակի արժեքների փոխակերպման անհրաժեշտությամբ, որի կարևոր տարրերից է նաև ժամանակի գործոնը, Սահմանադրության 17 հոդվածը մահապատիժը թույլատրում է որպես «ժամանակավոր» և «բացառիկ» պատժատեսակ, և որ այն կարող է նշանակվել միայն «ծանր հանցագործությունների համար»: Միաժամանակ, ըստ Սահմանադրության 17 հոդվածի՝ մահապատիժը, որպես բացառիկ պատժատեսակ, կարող է նշանակվել օրենքով:

5. Նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 62 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը, Սահմանադրությունն Ազգային ժողովի հայեցողությանն է թողել առանձին ծանր հանցագործությունների համար մահապատիժ սահմանելու կամ չսահմանելու հարցը: Իրավունքի տեսակետից սա ենթադրում է, որ ցանկացած պահի Ազգային ժողովը կարող է այս կամ այն հանցագործության, ինչպես նաև բոլոր հանցագործությունների համար՝ միասին վերցրած, վերացնել մահապատիժը՝ որպես պատժատեսակ: ՀՀ Սահմանադրության մյուս հոդվածներն Ազգային ժողովի այս լիազորության իրականացման համար որևէ պայման կամ խոչընդոտ չեն նախատեսում:

6. Ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարող է, գործելով իր լիազորությունների շրջանակում, քրեական հանցագործությունների համար պատժատեսակների սահմանման հարցը լուծել նաև այս կամ այն միջազգային պայմանագիրը վավերացնելով կամ նման պայմանագիրը չեղյալ հայտարարելու միջոցով:

ՀՀ Ազգային ժողովը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 6 հոդվածում ամրագրված դրույթը, ըստ որի՝ վավերացված ՀՀ միջազգային պայմանագիրն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան ՀՀ օրենքները, իրավասու է վավերացնել այնպիսի միջազգային պայմանագիր, որով նախատեսված պատժատեսակները, դրանց սահմանման կամ կիրառման կարգը լինեն այլ, քան նախատեսված է ՀՀ քրեական օրենսդրությամբ:

Վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերը չեն կարող փոփոխել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված պատժատեսակների սահմանման կարգին առնչվող դրույթները:

7. Նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 17 հոդվածը մահապատժի ժամանակավոր նախատեսման հարցը պայմանավորում է ՀՀ Ազգային ժողովի կամքով, իսկ ՀՀ Ազգային ժողովն իրավասու է իրավահարաբերությունների կարգավորման իրավական հիմքերը փոփոխել ոչ միայն ՀՀ օրենսդրական համակարգը փոփոխելու, այլ նաև միջազգային պայմանագրերը վավերացնելու կամ չեղյալ հայտարարելու միջոցով, ուստի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մահապատժի՝ որպես ժամանակավոր պատժատեսակի, վերացման վերաբերյալ ցանկացած միջազգային պայմանագրի վավերացման կամ մահապատիժն արգելող միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու հետ կապված հարցերի քննարկումը և լուծումը լիովին գտնվում են ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ 1983 թվականի ապրիլի 28-ին Ստրասբուրգում ստորագրված մահապատժի վերացման վերաբերյալ թիվ 6 արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

15 հուլիսի 2003 թվականի
ՍԴՈ - 437

print page Տպել էջը