ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 20 օգոստոսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, 102 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1995 թվականի նոյեմբերի 9-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Տերտերյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարությամբ) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ (այսուհետ՝ լրացուցիչ արձանագրություն) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է ճանաչել և հարգել շրջանակային կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված և իր իրավազորության ներքո գտնվող տարածքային համայնքների կամ իշխանությունների իրավունքը՝ այլ պետությունների տարածքային համայնքների կամ իշխանությունների հետ կնքելու անդրսահմանային համագործակցության համաձայնագրեր՝ իրենց ընդհանուր իրավասության ոլորտներում, իրենց կանոնադրություններում սահմանված ընթացակարգերին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան և տվյալ Կողմի ստանձնած միջազգային պարտավորությունները հաշվի առնելով։

Համաձայն լրացուցիչ արձանագրության՝ անդրսահմանային համագործակցության համաձայնագրով համատեղ ընդունած որոշումները պետք է տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից կատարվեն իրենց ազգային իրավական համակարգի շրջանակներում և իրենց ազգային օրենսդրության համաձայն։ Նշված որոշումները, այսպիսով, պետք է օժտված լինեն նույն իրավական ուժով և հետևանքներով, որոնցով օժտված են այդ համայնքների կամ իշխանությունների կողմից իրենց ազգային իրավական համակարգի համաձայն իրականացվող միջոցառումները։

Ըստ լրացուցիչ արձանագրության՝ անդրսահմանային համագործակցության համաձայնագրով կարող է ստեղծվել անդրսահմանային համագործակցության մարմին, որը կարող է ունենալ կամ չունենալ իրավաբանական անձի կարգավիճակ։

Այն դեպքում, երբ անդրսահմանային համագործակցության մարմինն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, այդպիսի կարգավիճակը սահմանվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է նրա նստավայրը։ Մյուս Պայմանավորվող կողմերը, որոնք ունեն անդրսահմանային համաձայնագրերի Կողմ հանդիսացող տարածքային համայնքներ կամ իշխանություններ, ճանաչում են մարմնի իրավաբանական անձի կարգավիճակը՝ իրենց ազգային օրենսդրության համաձայն։

Անդրսահմանային համագործակցության մարմինն իրականացնում է տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից իր նպատակին համապատասխան իրեն տրված լիազորությունները՝ տվյալ մարմնի գործունեությունը կարգավորող ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1995 թվականի նոյեմբերի 9-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

20 օգոստոսի 2003 թվականի
ՍԴՈ - 441

print page Տպել էջը