ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1983 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 20 օգոստոսի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Քննության առարկա կոնվենցիայի նպատակն է նպաստել, որպեսզի տուժողները փոխհատուցում ստանան այն պետության կողմից, որի տարածքում կատարվել է հանցագործությունը, մասնավորապես, երբ հանցագործություն կատարած անձը չի բացահայտվել կամ փոխհատուցման միջոցներ չունի:

Կոնվենցիան նախատեսում է, որ պետությունը պարտավոր է աջակցել այն տուժողներին փոխհատուցում վճարելու հարցում, ովքեր բռնությամբ կատարված դիտավորյալ հանցագործության ուղղակի արդյունքում ծանր մարմնական վնասվածք կամ առողջությանը պատճառած վնաս են ստացել, և (կամ) նման հանցագործության հետևանքով մահացածի խնամքի տակ գտնվող անձ են:

Ըստ կոնվենցիայի՝ նշված անձանց փոխհատուցում պետք է տրվի նույնիսկ այն դեպքում, երբ հանցանք կատարած անձը չի կարող հետապնդվել և պատժվել:

Կոնվենցիան նախատեսում է, որ փոխհատուցումը պետք է կատարի այն պետությունը, որի տարածքում կատարվել է հանցագործությունը: Ընդ որում, փոխհատուցումը պետք է կատարվի ինչպես կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների քաղաքացիներին, այնպես էլ Եվրոպայի խորհրդի բոլոր մյուս անդամ պետությունների քաղաքացիներին, որոնք մշտական բնակության վայր ունեն այն պետության տարածքում, որտեղ կատարվել է հանցագործությունը:

Կոնվենցիան մասնակիցներին լիազորում է, հաշվի առնելով դիմողի ֆինանսական վիճակը, ինչպես նաև տուժողի կամ դիմողի գործողությունները մինչև հանցագործությունը, դրա ընթացքում կամ դրանից հետո կամ կապված այլ հանգամանքների հետ՝ նվազեցնել կամ ընդհանրապես մերժել փոխհատուցման տրամադրումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

20 օգոստոսի 2003 թվականի
ՍԴՈ - 443

print page Տպել էջը