ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-29-Ը ԼՈՆԴՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 30 սեպտեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21/1/ հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1990 թվականի հունիսի 27-29-ը Լոնդոնում ստորագրված՝ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղման մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով ուղղումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղումն ստորագրվել է 1990 թվականի հունիսի 27-29-ը Լոնդոնում՝ նշված արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով։

2. Ըստ քննության առարկա փաստաթղթի՝ Կողմերը, մասնավորապես, ստանձնում են հետևյալ պարտավորությունները.

ուղղման մեջ նշված ժամկետներում՝

- կրճատել և ապա դադարեցնել B հավելվածի I, II և III խմբերում թվարկված կարգավորվող նյութերի օգտագործումը և արտադրումը,

- արգելել A, B հավելվածներում թվարկված կարգավորվող նյութերի ներմուծումն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած երկիր և արտահանումը նման երկրից,

- խրախուսել կարգավորվող նյութերի արտադրման և օգտագործման տեխնոլոգիաների արտահանումն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից,

- հաստատել մեխանիզմ Կողմերի ֆինանսական և տեխնիկական համագործակցությունն ապահովելու նպատակով,

- ներկայացնել Քարտուղարությանը հաշվետվություն վերահսկվող նյութերի արտադրության, ներմուծման և արտահանման վիճակագրական տվյալների վերաբերյալ։

3. Քննության առարկա ուղղումը նախատեսում է նաև Արձանագրությունից դուրս գալու, ինչպես նաև ուղղման ուժի մեջ մտնելու կարգը։ Ուղղմամբ Արձանագրությանը կցվում են B (կարգավորվող նյութեր) և C (անցումային նյութեր) հավելվածները։

4. Ուղղումը կոչված է ավելի արդյունավետ դարձնելու Կողմերի համագործակցությունը բնապահպանության ոլորտում։ Քննության առարկա փաստաթղթին Հայաստանի Հանրապետության միանալն իրավական երաշխիք կստեղծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10 հոդվածի շրջանակներում պետության ստանձնած պարտավորության կատարման համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1990թ. հունիսի 27-29-ը Լոնդոնում ստորագրված՝ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ուղղման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

30 սեպտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 449

print page Տպել էջը