ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 11 նոյեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Ահաբեկչության արգելման մասին եվրոպական կոնվենցիան փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն արձանագրությունը ԵԽ-ի անդամ պետություններն ստորագրել են՝ նկատի ունենալով ԵԽ-ի Նախարարների կոմիտեի 2001թ. սեպտեմբերի 12-ի և 2002թ. մայիսի 3-ի հռչակագրերը, ինչպես նաև Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մասին 2001թ. սեպտեմբերի 21-ի որոշումը, Միջազգային ահաբեկչության վերացմանն ուղղված միջոցների մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումներն ու հռչակագրերը՝ նպատակահարմար գտնելով փոփոխություններ կատարել Ահաբեկչության արգելման մասին 1977թ. հունվարի 27-ի եվրոպական կոնվենցիայում (այսուհետև՝ Կոնվենցիա) ու ամրապնդել դրա կատարման արդյունավետությունը:

Հայաստանի Հանրապետությունը սույն արձանագրությունն ստորագրել է 2003 թվականի մայիսի 15-ին:

2. Արձանագրությամբ ընդլայնվում է Կոնվենցիայով նախատեսված այն հանցագործությունների շրջանակը, որոնք հանձնման նպատակով պայմանավորվող պետությունների կողմից չեն կարող համարվել քաղաքական հանցագործություն, քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություն կամ քաղաքական շարժառիթներով կատարվող հանցագործություն: Կոնվենցիայի այս փոփոխությանը համապատասխան՝ պայմանավորվող պետությունները պարտավորվում են չմերժել արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների կապակցությամբ հանձնման պահանջը՝ վկայակոչելով այդ հանցագործությունների քաղաքական բնույթը:

3. Սույն արձանագրության ուժով՝ բոլոր այն պայմանավորվող պետությունների հարաբերություններում, որոնք միմյանց հետ չունեն հանձնման վերաբերյալ պայմանագիր, Կոնվենցիան կարող է դիտվել որպես հանձնման իրավական հիմք:

4. Արձանագրությունը ճանաչում է պայմանավորվող պետությունների իրավունքը՝ մերժելու հանձնման պահանջը, եթե հանձնման ենթակա անձին հայցող պետությունում սպառնում է խոշտանգումների ենթարկվելու վտանգ կամ մահապատիժ: Արձանագրության այս դրույթը համահունչ է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին:

5. Արձանագրությունը սահմանում է Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու պարզեցված ընթացակարգ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Ահաբեկչության արգելման մասին եվրոպական կոնվենցիան փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

11 նոյեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 453

print page Տպել էջը