ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 22 դեկտեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1996 թվականի մայիսի 3-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան (կից հայտարարությամբ) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականի հունվարի 25-ին դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ՝ պարտավորվել է ընդունել իրավունքի գերակայության սկզբունքը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք, ով գտնվում է իր իրավազորության ներքո, պետք է օգտվի մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից։

Նշված պարտավորության կատարումը երաշխավորելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի առջև նաև պարտավորվեց մի քանի տարվա ընթացքում ստորագրել և վավերացնել մի շարք կարևորագույն փաստաթղթեր։

2. Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականի մարտի 20-ին միացավ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիային և դրան կից արձանագրություններին, բացառությամբ No 6 արձանագրության, որին միացավ ավելի ուշ՝ 2003 թվականին։ Չնայած Կոնվենցիայի կարևորությանը, այդուհանդերձ, այդ փաստաթղթի գործողությունը սահմանափակվում էր միայն քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանությամբ։

Նշված բացը լրացնելու նպատակով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները 1961 թվականի հոկտեմբերի 18-ին ստորագրեցին Եվրոպական սոցիալական խարտիան, որն ուժի մեջ մտավ 1965 թվականի փետրվարի 26-ին։

Խարտիան, որպես 1950 թվականի կոնվենցիայի լրացում, առավել ամբողջական դարձրեց ֆիզիկական անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության շրջանակը եվրոպական տարածաշրջանում։

Հետագայում, ձգտելով արդիականացնել Խարտիայի հիմնական բովանդակությունը, որպեսզի հնարավոր լինի դրանում հաշվի առնել Խարտիայի տեքստն ընդունելուց հետո ներպետական և միջազգային կյանքում տեղի ունեցած հիմնարար սոցիալական փոփոխությունները, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները 1996 թվականի մայիսի 3-ին ընդունեցին Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան։

Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 1-ին։

Վերանայված խարտիան՝ դրան մասնակցելու ցանկություն ունեցող պետությանը պարտավորեցնում է հայտարարություն անելու միջոցով ստանձնել այնպիսի քանակությամբ պարտավորություններ, որոնց թվային գումարի ծավալը կարող է բավարար հիմք հանդիսանալ տվյալ մասնակից պետության անդամությունը ճանաչելու համար։

Հայաստանի Հանրապետությունը Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան ստորագրել է 2001 թվականի հոկտեմբերի 18-ին։ Խարտիան ստորագրելիս՝ արել է հայտարարություն, համաձայն որի՝ առաջնորդվելով Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի Ա հոդվածի 1-ին կետի բ) և գ) ենթակետերի դրույթներով, իրեն պարտավորված է համարում 1, 5, 6, 7, 8, 17, 18, 19, 20, 22, 24, 27, 28 հոդվածներով, ինչպես նաև.

2-րդ հոդվածի 1, 2, 3, 4, 5, 6,

3-րդ հոդվածի 1-ին,

4-րդ հոդվածի 2, 3, 4, 5,

12-րդ հոդվածի 1, 3,

13-րդ հոդվածի 1, 2,

14-րդ հոդվածի 2-րդ,

15-րդ հոդվածի 2, 3 կետերով։

3. Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան բաղկացած է վեց մասից և Հավելվածից։ Վերանայված խարտիայի 1-ին և 2-րդ մասերում համապատասխանաբար շարադրված են այդ միջազգային փաստաթղթով երաշխավորվող իրավունքների նպատակային ուղղվածությունը և բովանդակային նկարագրությունը։ Խարտիայի անբաժանելի մասը հանդիսացող Հավելվածը նպատակ ունի առանձին հոդվածների և դրանց կետերի մեկնաբանության միջոցով առավել պարզեցնել և կատարման համար դյուրին դարձնել Խարտիայում նշված իրավունքները։

Վերանայված խարտիայի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված են թվով 31 սոցիալ-տնտեսական իրավունքներ։

4. Հայաստանի Հանրապետությունը՝ վավերացնելով Վերանայված խարտիան (կից հայտարարությամբ), պարտավոր է նպատակաուղղված քաղաքականություն վարել դրանում նշված իրավունքների արդյունավետ իրականացմանը նպաստող պայմաններ ստեղծելու համար։ Այդ նպատակներին հասնելու համար պետք է ձեռնարկի ազգային և միջազգային բոլոր միջոցները, այդ թվում՝ ի կատարումն Խարտիայի 5-րդ մասի «Թ» հոդվածի պահանջների՝ ընդունի օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, փոփոխություններ և լրացումներ կատարի գործող օրենքներում։

5. Վերանայված խարտիայում ամրագրված սոցիալ-տնտեսական իրավունքները երաշխավորվում են ոչ միայն մասնակից պետությունների իրավազորության ներքո գտնվող քաղաքացիների, նրանց տարածքում օրինականորեն բնակվող կամ կանոնավորապես աշխատող՝ մյուս կողմի քաղաքացիների համար, այլ նաև նրանց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի, այդ թվում նաև տվյալ երկրում օրինականորեն բնակվող փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։

ՀՀ Սահմանադրության, մասնավորապես, 29, 31, 33, 35 հոդվածներում համապատասխանաբար նախատեսված՝ աշխատանքի ազատ ընտրության. բավարար կենսամակարդակի, այդ թվում բնակարանի. սոցիալական ապահովության. կրթության և այլ իրավունքներ ձևակերպված են որպես քաղաքացիներին տրվող իրավունքներ։ Այսինքն՝ ՀՀ Սահմանադրությունը միջազգայնորեն ճանաչված առանձին իրավունքներ և ազատություններ պատվիրակում է ոչ թե ընդհանրապես մարդ-կանց, այլ քաղաքացիներին։ Այս հանգամանքը որևէ կերպ չի կարող գնահատվել որպես շեղում ժողովրդավարական սկզբունքներից։ Հայաստանի Հանրապետությունը՝ միանալով 1966 թվականի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրին, դրանով իսկ ճանաչել է այդ փաստաթղթում առկա և անկախ քաղաքացիությունից՝ յուրաքանչյուր անձի համար երաշխավորվող կարևորագույն սոցիալ-տնտեսական իրավունքները։ Հետևաբար, քննության առարկա՝ Վերանայված եվրոպական խարտիայում նախատեսված՝ աշխատանքի, սոցիալական ապահովության, կրթության, բնակության վայրի և սոցիալ-տնտեսական մյուս իրավունքների ապահովումը «յուրաքանչյուրի համար», Հայաստանի Հանրապետության համար արդեն իսկ գործող միջազգային իրավական պարտավորություն է հանդիսանում։

Նման հարցադրման համար իրավական հիմք է հանդիսանում ՀՀ սահմանադրական դատարանի 2002 թվականի փետրվարի 22-ի No 350 որոշման մեջ ձևակերպված դիրքորոշումը։ ՀՀ սահմանադրական դատարանը՝ քննարկելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների դրույթների սահմանադրականության հարցը, իր որոշման մեջ նշեց, որ որպես սահմանադրաիրավական հարաբերությունները կարգավորող պարտադիր ելակետային դրույթ պետք է ընդունել ՀՀ Սահմանադրության 4 հոդվածի պահանջն այն մասին, որ՝ «Պետությունն ապահովում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»: Նշված սահմանադրական դրույթը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է բարեխղճորեն կատարել միջազգային իրավունքի սկզբունքներից ու նորմերից բխող պարտավորությունները, այդ թվում՝ միջազգային պայմանագրային պարտավորությունները։ 1966թ. դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» և «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրերը, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում են միջազգային համընդգրկուն փաստաթղթեր, որոնցով նախատեսված պարտավորությունները մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնական ազատությունների առումով, ինչպես նաև դրանց հնարավոր սահմանափակումները կամ ստանձնած պարտավորություններից շեղումները Հայաստանի Հանրապետության համար ունեն պարտադիր իրավաբանական ուժ։ ՀՀ սահմանադրական դատարանի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրության 4 և 43 հոդվածները, ըստ էության, նշված դաշնագրերի դրույթները ներառում են սահմանադրաիրավական հարաբերությունները կարգավորող նորմերի և սկզբունքների համակարգի մեջ:

6. Համաձայն Վերանայված խարտիայի, յուրաքանչյուր Կողմ, ազգային պայմաններին համապատասխան, պետք է ունենա աշխատանքային վերահսկողության համակարգ։ Իսկ Խարտիայում առկա իրավական պարտավորությունների կատարումը պետք է ենթարկվի նույն վերահսկողությանը, ինչ Եվրոպական սոցիալական խարտիան։

Վերանայված խարտիային համապատասխան կոլեկտիվ բողոքների համակարգ նախատեսող Եվրոպական սոցիալական խարտիայի լրացուցիչ արձանագրության դրույթները պետք է կիրառվեն այն պարտավորությունների նկատմամբ, որոնք տրված են Վերանայված խարտիայում նշված արձանագրությունը վավերացրած պետությունների համար։

7. Վերանայված խարտիան Կողմ պետություններին լիազորում է որոշ բացառիկ հանգամանքներում սահմանափակել այդ փաստաթղթով երաշխավորվող իրավունքները։ Միաժամանակ, նման սահմանափակում իրականացնելիս Կողմ պետությունները պարտավոր են հաշվի առնել հետևյալ երկու պայմանները.

ա) ազգի գոյությանն սպառնացող պատերազմի, ինչպես նաև պատերազմի սպառնալիքի կամ հասարակական արտակարգ իրավիճակների ժամանակ Կողմերը կարող են սահմանափակել Խարտիայով նախատեսված իրենց պարտավորություններն այն չափով, որն ուղղակիորեն պահանջվում է իրավիճակի սրությունից՝ պայմանով, որ դրանք չեն հակասի միջազգային իրավունքով նախատեսված իրենց պարտավորություններին։ Իրականացվող սահմանափակումների և դրանց պատճառների մասին անհրաժեշտ է տեղեկացնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին.

բ) իրավունքի հնարավոր սահմանափակումը կարող է իրականացվել միայն օրենքի հիման վրա և եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության և հասարակական շահերի, ազգային անվտանգության, հասարակության առողջության և բարոյականության պաշտպանության համար։

8. Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայում ամրագրված իրավունքները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու և քաղաքացու համապատասխան իրավունքներին։ Հայաստանի Հանրապետության օրենսդրական համակարգը պարունակում է իրավական անհրաժեշտ նախադրյալներ նշված իրավունքները Հայաստանում բնակվող կամ նրա իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձին երաշխավորելու համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1996 թվականի մայիսի 3-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

22 դեկտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 460

print page Տպել էջը