ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 22 դեկտեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետևյալ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի մայիսի 23-ին Նյու Դելիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա միջկառավարական համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև, ստորագրվել է 2003թ. մայիսի 23-ին՝ երկու երկրների ներդրողների գործունեության համար միմյանց տարածքում բարենպաստ պայմաններ ստեղծելու և ներդրումների պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Համաձայնագիրը կիրառելի է նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը կատարված ներդրումների նկատմամբ։

2. Համաձայնագրի Կողմերը միմյանց ներդրողների ներդրումների և ներդրողների եկամուտների համար ապահովում են հավասար և արդար պայմաններ։ Ըստ համաձայնագրի՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին պարտավորվում է տրամադրել ազգային կամ առավել բարենպաստության ռեժիմ:

3. Համաձայնագիրը սահմանում է ներդրողների ներդրումների պաշտպանության իրավական երաշխիքներ, այն է՝ արգելում է ներդրումների օտարումն ու ազգայնացումը, բացառությամբ համաձայնագրով նախատեսված դեպքերի, երաշխավորում է օտարման կամ ազգայնացման դեպքում անհրաժեշտ վերահսկողության հնարավորությունը՝ ազգային օրենսդրության սկզբունքների կիրառմամբ։ Մասնավորապես, համաձայնագիրը ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի պահանջներին համահունչ, մյուս Պայմանավորվող կողմի ներդրումների օտարում թույլատրում է միայն հասարակության կարիքների համար, օրենքի համաձայն և Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան վճարվող փոխհատուցմամբ։

4. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են թույլատրել միմյանց ներդրողների ներդրումների հետ կապված դրամական միջոցների ազատ փոխանցումը: Համաձայնագիրն ամրագրում է նաև Պայմանավորվող կողմերի՝ ներդրումների հետ կապված գործունեություն իրականացնելու նպատակով վարձված անձանց մուտքն իրենց երկիր թույլատրելու պարտավորություն։

5. Համաձայնագիրը նախատեսում է Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև ներդրումային վեճերի լուծման՝ միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգեր, ինչպես նաև սահմանում է Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծման կարգը:

6. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9 և 28 հոդվածների պահանջներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003թ. մայիսի 23-ին Նյու Դելիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

22 դեկտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 461

print page Տպել էջը