ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 7 հունվարի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ստորագրված՝ Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիան ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 9-ի թիվ 54/109 բանաձեւով՝ Նյու Յորքում։ Այն ուժի մեջ է մտել 2002թ. ապրիլի 10-ին։

Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 2001թ. նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքում։

Կոնվենցիան հիմնվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ ահաբեկչությունը դատապարտող մի շարք բանաձեւերի, այդ թվում 1994թ. դեկտեմբերի 9-ի թիվ 49/60 բանաձեւի վրա, որով ընդունվել է «Միջազգային ահաբեկչության բացառման միջոցների մասին» հռչակագիրը։

Կոնվենցիան, հաշվի առնելով, որ ահաբեկչության ծավալն ու լրջությունը պայմանավորված են ահաբեկչության ֆինանսավորմամբ, նպատակ ունի ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ ահաբեկչության ֆինանսավորումը կանխարգելելու եւ դրան հակազդելու գործում։

2. Քննության առարկա կոնվենցիայի անբաժանելի մասն է կազմում հավելվածը, որում թվարկված են ահաբեկչական հանցագործությունները սահմանող միջազգային իրավական փաստաթղթերը, որոնց կիրառման ոլորտի ֆինանսավորման վրա տարածվում է սույն կոնվենցիան։

Կոնվենցիայի 2-րդ հոդվածը սահմանում է ահաբեկչության ֆինանսավորման հանցակազմը։

Պայմանավորվող պետությունները պարտավորվում են իրենց ներպետական օրենսդրությամբ որպես հանցագործություն ճանաչել կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված արարքները, դրանց կատարման փորձը, հանցակցությունն այդ արարքներին, ինչպես նաեւ սահմանել այդ հանցագործություններին համարժեք պատժամիջոցներ։

Պայմանավորվող պետությունները, իրենց ներպետական օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ կոնվենցիայով նախատեսված հանցագործություններից ստացված եկամուտները բռնագրավելու համար։ Բռնագրավված միջոցներն ուղղվելու են այդ հանցագործությունից տուժած անձանց փոխհատուցմանը։

Քննության առարկա կոնվենցիայով Պայմանավորվող կողմերն ստանձնում են նաեւ Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների քննության, քրեական կամ հանձնման վարույթների կապակցությամբ միմյանց իրավական օգնություն տրամադրելու պարտավորություն։

3. Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ընդգրկված են համարվում մինչեւ սույն կոնվենցիայի ուժի մեջ մտնելը Պայմանավորվող կողմերի միջեւ կնքված հանձնման մասին պայմանագրերում եւ պետք է ներառվեն նաեւ հետագայում կնքվելիք պայմանագրերում։ Այն դեպքում, երբ Մասնակից պետությունը հանձնումն իրականացնում է համաձայնագրի առկայության պայմանով եւ մեկ այլ Մասնակից պետությունից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր չունի, ստանում է հանձնման վերաբերյալ խնդրանք, իր հայեցողությամբ կարող է սույն կոնվենցիան դիտել որպես իրավական հիմք՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կապակցությամբ հանձնում իրականացնելու համար։

Հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության նպատակով 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից ոչ մեկը չի կարող դիտվել որպես քաղաքական կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող հանցագործություն, կամ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործություն։ Հետեւաբար, այդ հանցագործությունների վերաբերյալ գործերով հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ դա կապված է քաղաքական հանցագործության հետ կապ չունեցող կամ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործության հետ։

4. Կոնվենցիայի համաձայն՝ Պայմանավորվող պետությունները պարտավորվում են նաեւ համագործակցել ահաբեկչության ֆինանսավորումը կանխարգելելու գործում։ Կոնվենցիան նախատեսում է այդ հանցագործության կանխարգելմանն ուղղված համագործակցության հիմնական ձեւերը։

Կոնվենցիան նաեւ երաշխավորում է դրանով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքների պաշտպանությունը՝ մարդու իրավունքների միջազգային իրավանորմերին համապատասխան։

5. Կոնվենցիան համահունչ է ՀՀ Սահմանադրության 1, 4 եւ 9 հոդվածներում ամրագրված՝ պետության ինքնիշխանության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության եւ արտաքին քաղաքականության սկզբունքներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1999թ. դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ստորագրված՝ Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունվարի 2004 թվականի
ՍԴՈ - 466

print page Տպել էջը