ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ «ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ» ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 7 հունվարի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ա. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2000 թվականի հոկտեմբերի 20-ի Ֆլորենցիայի «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայում» ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստորագրման համար բացվել է 2000թ. հոկտեմբերի 20-ին, Ֆլորենցիայում՝ լանդշաֆտի պահպանությանը, կառավարմանը եւ պլանավորմանը նպաստելու, ինչպես նաեւ այդ ոլորտում եվրոպական համագործակցությունը կազմակերպելու նպատակով։

2. Քննության առարկա կոնվենցիայով Պայմանավորվող պետությունները պարտավորվում են ձեռնարկել ընդհանուր եւ կոնկրետ միջոցառումներ, որպիսիք, մասնավորապես, ներառում են լանդշաֆտների պահպանությանը, կառավարմանը եւ պլանավորմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը, այդ գործընթացին շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովումը, լանդշաֆտները շրջանային եւ քաղաքաշինական պլանավորման քաղաքականության մեջ ներառելը, հանրության իրազեկության բարձրացումը, համապատասխան ուսուցողական եւ կրթական միջոցառումների իրականացումը, լանդշաֆտների ճանաչումն ու գնահատումը։

Կոնվենցիայով Պայմանավորվող պետություններն ստանձնում են նաեւ միմյանց հետ համագործակցելու պարտավորություն՝ տեխնիկական եւ գիտական աջակցություն տրամադրելու, մասնագետների եւ տեղեկատվության փոխանակման միջոցով։

3. Կոնվենցիան նախատեսում է միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության համակարգ եւ որպես խրախուսման միջոց սահմանում Եվրոպայի խորհրդի լանդշաֆտային մրցանակ՝ լանդշաֆտի պահպանության, կառավարման եւ պլանավորման լավագույն քաղաքականության եւ միջոցառումների համար։

4. Կոնվենցիան կնպաստի շրջակա միջավայրի պահպանության եւ վերարտադրության, ինչպես նաեւ բնական պաշարների բանական օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված սահմանադրաիրավական պարտավորության կատարմանը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2000թ. հոկտեմբերի 20-ի Ֆլորենցիայի «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայում» ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունվարի 2004 թվականի
ՍԴՈ - 469

print page Տպել էջը