ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԹԱԳԵՆՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 10 փետրվարի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2000 թվականի հունվարի 29-ին Մոնրեալում ստորագրված՝ Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությունն ստորագրվել է 2000թ. հունվարի 29-ին՝ Մոնրեալում։ Արձանագրության նպատակն է ժամանակակից կենսատեխնոլոգիայից բխող՝ կենդանի վերափոխված օրգանիզմների անվտանգ փոխանցման, մշակման եւ օգտագործման ոլորտում պաշտպանության համապատասխան մակարդակ ապահովելը, հաշվի առնելով մարդկանց առողջությանն սպառնացող վտանգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այդ օրգանիզմների անդրսահմանային փոխադրումներին։

Արձանագրության անբաժան մասն են հանդիսանում թվով երեք հավելվածները, որոնցում մանրամասնված են արձանագրությամբ նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաեւ կենդանի վերափոխված օրգանիզմների հնարավոր անբարենպաստ ազդեցության գնահատման պայմանները։

2. Արձանագրությունը, բացառությամբ մարդկանց համար դեղագործական պատրաստուկ հանդիսացող կենդանի վերափոխված օրգանիզմների, նախատեսվում է կիրառել բոլոր կենդանի վերափոխված օրգանիզմների անդրսահմանային տեղափոխության, տարանցման, մշակման եւ օգտագործման նկատմամբ, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ կենսաբանական բազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման նկատմամբ, հաշվի առնելով նաեւ մարդկանց առողջությանն սպառնացող վտանգը։

Արձանագրությամբ նախատեսվում է կենդանի վերափոխված օրգանիզմների անդրսահմանային տեղափոխումը, տարանցումն իրականացնել նախապես հիմնավորված ընթացակարգերի կիրառմամբ։

Արձանագրության դրույթների իրագործման նպատակով նախատեսվում է ստեղծել հիմնական եւ օժանդակ հաստատություններ։

3. Արձանագրությամբ Կողմերն ստանձնել են հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- կենդանի որեւէ վերափոխված օրգանիզմի ձեռքբերման, մշակման, փոխադրման, օգտագործման, փոխանցման եւ բացթողման գործընթացի իրականացման ընթացքում ապահովել կենսաբազմազանությանն սպառնացող վտանգի կանխարգելումը կամ նվազեցումը՝ հաշվի առնելով նաեւ մարդու առողջությանն սպառնացող վտանգը,

- ձեռնարկել անհրաժեշտ եւ համապատասխան իրավական, վարչական եւ այլ միջոցներ արձանագրությամբ նախատեսված պարտականությունների կատարման համար եւ, մասնավորապես՝ կանխելու համար կենդանի վերափոխված օրգանիզմների ոչ կանխամտածված անդրսահմանային տեղափոխությունները,

- համագործակցել մարդկային ռեսուրսների եւ կենսաբանական անվտանգության, այդ թվում՝ կենսատեխնոլոգիայի ոլորտում կազմակերպչական հնարավորությունների զարգացման եւ ամրապնդման շրջանակներում, նաեւ՝ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է զարգացող, առավել թույլ զարգացած կամ անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող կողմերի համար,

- կենդանի վերափոխված օրգանիզմների վերաբերյալ որոշումների ընդունման մասին հանրությանը տրամադրել անհրաժեշտ՝ ոչ գաղտնի հանդիսացող, տեղեկատվություն, ապահովելով նաեւ այդպիսի որոշումների ընդունման եւ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ կողմերին ծանուցումների եւ տեղեկատվության տրամադրման՝ արձանագրությամբ նախատեսված կարգն ու պայմանները։

4. Արձանագրությունում ամրագրված պարտավորությունները բխում են Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայում ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության պարտավորություններից, ինչպես նաեւ անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում առողջության պահպանման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 34 հոդվածում ամրագրված մարդու իրավունքի իրացման համար։ Այդ պարտավորությունները նաեւ համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված՝ պետությունների հետ բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքին։

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների ամբողջությամբ ու բարեխիղճ կատարման համար անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական հիմքերի ստեղծում։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2000 թվականի հունվարի 29-ին Մոնրեալում ստորագրված՝ Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 փետրվարի 2004 թվականի
ՍԴՈ - 470

print page Տպել էջը