ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԲԵՌՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 9 մարտի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գ. Եգանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի հոկտեմբերի 30-ին Բեռնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. 2003թ. հոկտեմբերի 30-ին Բեռնում ստորագրված միջկառավարական համաձայնագիրը նպատակ ունի դյուրացնել Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունումը եւ ապահովել անձի՝ իր երկիր վերադառնալու սահմանադրական իրավունքի իրացումը։

Համաձայնագիրը հանդիսանում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարի միջազգային իրավական միջոց։

2. Համաձայնագրով, փոխադարձ սկզբունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հետ ընդունել Շվեյցարիայի տարածքում առանց թույլտվության գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաեւ երրորդ երկրի քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք ՀՀ տարածքում գտնվելու իրավունք ունեն որեւէ իրավական կարգավիճակի ուժով։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաեւ առանց տարանցման վիզայի թույլատրել վերադարձի ենթակա՝ երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը։ Համաձայնագիրը միաժամանակ նախատեսում է տարանցումը մերժելու հիմքերը։

Հայկական կողմը պարտավորություններ է ստանձնում նաեւ համաձայնագրի իրականացման եւ մեկնաբանման հարցերում համագործակցության կապակցությամբ։

3. Համաձայնագիրը սահմանում է վերադարձի ենթակա անձանց հետընդունման ժամկետները, ինչպես նաեւ հետընդունման հետ կապված ծախսերը Կողմերի միջեւ բաշխելու կարգը։

Քննության առարկա համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում հավելվածը, որը մանրամասնում եւ ճշգրտում է համաձայնագրի առանձին դրույթներ։

Համաձայնագիրը նախատեսում է դրա իրականացման համար տրամադրված անձնական տվյալների պաշտպանության միջոցներ, որոնք իրավական երաշխիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20 հոդվածում ամրագրված՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության համար։

4. Համաձայնագիրը համահունչ է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության՝ պետությունների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած այլ միջազգային պարտավորություններին։ Համաձայնագիրը կնպաստի նաեւ ՀՀ Սահմանադրության 22 հոդվածում ամրագրված՝ ՀՀ քաղաքացիների Հանրապետություն վերադառնալու իրավունքի իրացմանը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003թ. հոկտեմբերի 30-ին Բեռնում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

9 մարտի 2004 թվականի
ՍԴՈ - 476

print page Տպել էջը