ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 18 մարտի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 2003թ. հոկտեմբերի 31-ին՝ Նյու Դելիում։ Կոնվենցիայի նպատակն է Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների կրկնակի հարկումը բացառելը, այդ անձանց կողմից հարկումից խուսափումը կանխելը։

2. Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ։ Կոնվենցիայով սահմանված են այն հարկատեսակները, որոնց նկատմամբ կիրառելի են կոնվենցիայի դրույթները։ Հայաստանի Հանրապետության դեպքում այդպիսիք են՝ շահութահարկը, եկամտահարկը եւ հողի հարկը, Հնդկաստանի Հանրապետության դեպքում՝ եկամտահարկը, ներառյալ՝ վերջինիս հետ կապված ցանկացած լրացուցիչ գանձում։

Նախատեսված է կիրառել նաեւ նշված հարկատեսակների հետ նույնական կամ ըստ էության համանման այնպիսի հարկատեսակներ, որոնք Պայմանավորվող կողմերը կսահմանեն կոնվենցիայի ստորագրումից հետո։

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքի հիման վրա, պարտավորվում է.

- ձեռնպահ մնալ մյուս Կողմի կամ երկու Կողմերի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտները հարկելուց, որոնց հարկման իրավունքը կոնվենցիայով վերապահված է մյուս Պայմանավորվող կողմին,

- կոնվենցիայով սահմանված՝ կրկնակի հարկումը բացառելու մեթոդներին համապատասխան ՀՀ ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում հարկվող եկամուտ ստանալիս թույլատրել այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում մյուս Պայմանավորվող պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով,

- անխտրականության սկզբունքին համապատասխան՝ մյուս Կողմի քաղաքացիների եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց համար ապահովել իր ազգային անձանց համեմատ հարկման ոչ պակաս նպաստավոր պայմաններ,

- ապահովել, որպեսզի երկու Կողմերի իրավասու մարմինները փոխանակեն այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է գանձվող ցանկացած տեսակի եւ բնույթի հարկերի առնչությամբ կոնվենցիայի կամ ներքին օրենքների դրույթների կատարման համար, այնքանով, որքանով այդ օրենքների սահմանած հարկումը չի հակասում կոնվենցիային,

- օգնություն ցուցաբերել մյուս Պայմանավորվող պետությանը եկամտային հայցերի հավաքման գործում,

- ճանաչել մի Պայմանավորվող պետությունում եկամուտ ստացող մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի իրավունքը՝ օգտվելու կոնվենցիայով սահմանված արտոնություններից, որոնք տրամադրվում են առաջին Պայմանավորվող պետության ռեզիդենտներին՝ որպես «որակավորված անձ»։

4. Կոնվենցիայի դրույթները որեւէ կերպ չեն խոչընդոտում դիվանագիտական եւ հյուպատոսական հաստատությունների ներկայացուցիչներին՝ օգտվելու միջազգային իրավունքի համընդհանուր նորմերով եւ հատուկ համաձայնագրերով իրենց տրամադրված հարկային արտոնություններից։

Կոնվենցիան մանրամասնում է դրանում գործածված հասկացությունների բովանդակությունը։

5. Կոնվենցիայում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են ՀՀ Սահմանադրության 8 եւ 9 հոդվածներին, քանի որ նպաստում են տնտեսական գործունեության ազատությանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ապահովում են պետությունների հետ բարիդրացիական եւ փոխշահավետ համագործակցություն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Դելիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 մարտի 2004 թվականի
ՍԴՈ - 480

print page Տպել էջը