ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 30 մարտի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով լրացուցիչ արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2003թ. մայիսի 15-ին։

Արձանագրության նպատակը 1999թ. հունվարի 27-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան լրացնելն է եւ Եվրախորհրդի շրջանակներում 1996թ. ընդունված՝ կոռուպցիայի դեմ գործունեության ծրագրի իրականացման շրջանակն ընդլայնելը։

2. Արձանագրության 2-րդ եւ 3-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են ազգային միջնորդ դատավորների ակտիվ եւ պասիվ կաշառակերության հանցակազմեր։

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, ներպետական իրավունքին համապատասխան, ձեռնարկել այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են քրեականացնելու համար.

- ազգային միջնորդ դատավորների՝ արձանագրության 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված արարքները,

- արձանագրության 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված արարքները, երբ դրանցում ներգրավված են օտարերկրյա միջնորդ դատավորներ, ազգային երդվյալ ատենակալներ։

4. Արձանագրության իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասությունը՝ 7-րդ հոդվածին համապատասխան, վերապահված է Եվրախորհրդի շրջանակներում գործող՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խմբին (GRECO)։

Արձանագրության 2-6-րդ հոդվածները դիտվում են որպես Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ եւ Կոնվենցիայի դրույթների համեմատ օժտված են առավել բարձր իրավաբանական ուժով։

5. Արձանագրությունը ՀՀ Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում վերապահմամբ, համաձայն որի՝ արձանագրության 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված արարքները քրեականացնելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնի, եթե այդ արարքների կատարմանը ներգրավված են օտարերկրյա երդվյալ ատենակալներ։

6. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին եւ 4-րդ հոդվածներում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին, քանի որ լրացուցիչ պայմաններ են ստեղծում իրավական, ժողովրդավարական պետության կայացման, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003թ. մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության (կից հայտարարությամբ) մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30 մարտի 2004 թվականի
ՍԴՈ - 484

print page Տպել էջը