ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԲԵՌՆԵՐԻ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 13 ապրիլի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2003թվականի հոկտեմբերի 10-ին Երեւանում ստորագրված՝ Բեռների մուլտիմոդալ փոխադրումների մասին բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով բազմակողմ համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Բազմակողմ համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Բուլղարիայի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի գործադիր իշխանությունների միջեւ 2003թ. հոկտեմբերի 10-ին՝ Երեւանում։ Համաձայնագիրը բաց է այլ պետությունների միանալու համար։ Համաձայնագրի նպատակն է զարգացնել տնտեսական հարաբերությունները, ստեղծել բեռների ժամանակակից միջազգային փոխադրումների համակարգ։

2.Համաձայնագիրը նախատեսում է բեռների մուլտիմոդալ՝ համակցված միջազգային փոխադրումների, ուղեկցվող եւ չուղեկցվող փոխադրումների, հիշյալ բեռնափոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների՝ Կողմերի պետական սահմանն անցնելու կարգը։

3. Բեռների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախկինում կնքված երկկողմ համաձայնագրերը չեն խոչընդոտի համաձայնագրի գործողությանը, որի դրույթների մեկնաբանման եւ կիրառման, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակման նպատակով Կողմերի իրավասու մարմինները կստեղծեն համատեղ կոմիտեներ։

4. Բազմակողմ համաձայնագրով Կողմերը պարտավորվում են՝

- ապահովել, որպեսզի բեռների համակցված միջազգային փոխադրումների ժամանակ փոխադրամիջոցն ունենա բեռների փոխադրման վերաբերյալ միջազգային կանոններով պահանջվող փոխադրման փաստաթղթեր,

- աջակցել երկաթուղային ընկերություններին եւ համընդհանուր օգտագործման նավահանգիստներին՝ համակցված փոխադրումների ենթակառուցվածքի զարգացմանն օժանդակելու համար,

- համակցված փոխադրումների հոսքն ապահովելու համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հիշյալ փոխադրումների մաքսազերծումը սահմանն անցնելու կետերից դեպի միջազգային բեռնահամալիրներ տեղափոխելու համար,

- խրախուսել երկաթուղային ընկերությունների համագործակցությունը փոխադրումներ իրականացնող տարբեր կազմակերպությունների հետ,

- մշակել մրցութային առաջարկներ համակցված փոխադրումների համար,

- ազատել միմյանց տարածքում գրանցված ավտոտրանսպորտային փոխադրամիջոցները եւ փոխադրումների համար շահագործվող տրանսպորտային միավորներն իրենց տարածք ժամանակավորապես մուտք գործելիս՝ ներմուծման մաքսատուրքից, ճանապարհային, մուտքի եւ տարանցման վճարից,

- տեղեկացնել միմյանց բեռների միջազգային համակցված փոխադրումների հետ կապված ծառայությունների որակի եւ չափորոշիչների բարելավմանն ուղղված միջոցառումների եւ կանոնների մասին եւ այլն։

5. ՀՀ սահմանադրական դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի սույն համաձայնագրում գործածված օտարալեզու հասկացությունները ներկայացվեն հայերեն համարժեքներով։

6. Բազմակողմ համաձայնագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ նմանատիպ միջազգայինիրավական այլ պարտավորություններին եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 8, 9) կոչված է ապահովել տնտեսական գործունեության ազատությունը, պետությունների հետ հաստատել բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003թ. հոկտեմբերի 10-ին Երեւանում ստորագրված՝ Բեռների մուլտիմոդալ փոխադրումների մասին բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

13 ապրիլի 2004 թվականի
ՍԴՈ - 485

print page Տպել էջը