ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 13 ապրիլի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ հետեւյալ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2003 թվականի հուլիսի 21-ին ստորագրված՝ «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա արձանագրությունն Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2003 թվականի հուլիսի 21-ին:

Արձանագրության նպատակն է հստակեցնել 2000 թվականի հունիսի 20-ին ստորագրված՝ «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) կիրառման ոլորտները եւ դրա դրույթների իրականացման համար ստեղծել կոնկրետ ու գործող մեխանիզմ:

2. Արձանագրությամբ փոփոխվում են համաձայնագրի 2 եւ 6 հոդվածները, որոնք համապատասխանաբար սահմանում են Կողմերի միջեւ ռազմական նշանակության արտադրանքի արտոնյալ պայմաններով մատակարարման նպատակն ու կարգը եւ այդ արտադրանքը, առանց մատակարարող Կողմի նախնական գրավոր համաձայնության, օտարերկրյա պետություններին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամ միջազգային կազմակերպություններին չվաճառելու կամ չփոխանցելու՝ ստացող Կողմի պարտավորությունը:

3. Արձանագրությամբ համաձայնագիրը լրացվում է նոր հոդվածով, որով Կողմերը պարտավորվում են սեղմ ժամանակամիջոցում միմյանց ռազմատեխնիկական օգնություն տրամադրել այնպիսի իրավիճակի առաջացման դեպքում, որը Հավաքական անվտանգության խորհրդի կողմից կգնահատվի որպես Կողմի դեմ ագրեսիայի ակտի իրականացման սպառնալիք, կամ երբ Կողմն իրականացնում է անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իր իրավունքը, կամ երբ Կողմն ահաբեկչական ակտերի կամ իր ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն սպառնացող այլ վտանգի օբյեկտ է դարձել:

Սույն արձանագրությունը հանդիսանում է համաձայնագրի անբաժանելի մասը:

4. Արձանագրությունում նախատեսված է դրույթ՝ դրա ուժի մեջ մտնելու վերաբերյալ:

Արձանագրությունը կնքված է մեկ բնօրինակով՝ ռուսերենով:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2000 թվականի հունիսի 20-ին ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել 2001 թվականի փետրվարի 27-ին, եւ համաձայնագիրը վավերացվել է 2001 թվականի ապրիլի 4-ին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003 թվականի հուլիսի 21-ին ստորագրված՝ «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

13 ապրիլի 2004 թվականի
ՍԴՈ - 486

print page Տպել էջը