ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 20 ապրիլի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ 2004 թվականի փետրվարի 15-ին ստորագրված՝ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգավիճակի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրը կնքվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի 12.01.2004թ. նամակի եւ Քուվեյթի Պետության փոխվարչապետ, պաշտպանության նախարարի 15.02.2004թ. պատասխան նամակի փոխանակման միջոցով։ Համաձայնագրի նպատակն է Քուվեյթի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների իրավական կարգավիճակի սահմանումը։

2. Քննության առարկա համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձաբար պարտավորվում է հրաժարվել Քուվեյթի Պետության կամ Քուվեյթի Պետության ուժերի որեւէ անդամի դեմ ուղղված ցանկացած պահանջից՝ իր անձնակազմին պատճառված վնասվածքի կամ իրեն պատկանող գույքի կորստի կամ վնասի դեպքում, եթե այդպիսի վնասվածքը, մահը, վնասը կամ կորուստը պատճառվել են Քուվեյթի Պետության զինված ուժերի անձնակազմի գործողության կամ անգործության հետեւանքով՝ համաձայնագրին համապատասխան իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ։

Քուվեյթի Պետության տարածքում տեղակայված զինված ուժերը պարտավոր են հարգել Քուվեյթի Պետության ներպետական իրավական ու սովորութային նորմերը եւ չմիջամտել Քուվեյթի Պետության ներքին գործերին։

Հայաստանի Հանրապետությանն իրավունք է վերապահվում ցանկացած ժամանակ իր զինված ուժերը դուրս բերել Քուվեյթի Պետության տարածքից՝ այդ մասին վերջինիս ծանուցելուց հետո։

3. Քննության առարկա համաձայնագրով Քուվեյթի Պետությունը ՀՀ զինված ուժերի անձնակազմին իր տարածքում տրամադրում է վարչական եւ տեխնիկական անձնակազմի համար նախատեսված արտոնություններ եւ անձեռնմխելիություններ՝ համաձայն 1961թ. ապրիլի 18-ի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի։

Քուվեյթի Պետությունը ՀՀ զինված ուժերին ազատում է օդակայանային հարմարություններից օգտվելու հարկերից, տուրքերից եւ այլ վճարներից, ՀՀ զինված ուժերի անդամներին ազատում է լիցենզիաներից, մաքսատուրքերից եւ հարկերից։

Համաձայնագրով Քուվեյթի Պետությանն իրավունք է վերապահվում ցանկացած պահի Հայկական կողմից պահանջել իր զինված ուժերը դուրս բերել Քուվեյթի Պետության տարածքից։

4. Համաձայնագիրը Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ներկայությունը պայմանավորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով։ Վերջիններիս բովանդակությունը վկայում է, որ դրանք ուղղված են բավականին տարբեր իրավահարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ քննության առարկա համաձայնագիրը՝ վկայակոչելով այդ բանաձեւերը, չի ճշգրտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն կոնկրետ բանաձեւերը, որոնք իրավական հիմք են հանդիսանում Քուվեյթի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայության համար։

Միաժամանակ, համաձայն «Պաշտպանության մասին» ՀՀ 29.05.97թ. օրենքի 11-րդ հոդվածի՝ «Զինված ուժերի տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա»։ Հետեւաբար, ՀՀ զինված ուժերը Քուվեյթի Պետության տարածքում տեղակայելու քաղաքական եւ ռազմական նպատակահարմարության, ինչպես նաեւ դրա օգտագործման եղանակների վերաբերյալ հարցերը կարող են քննության առնվել ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն համաձայնագրի վավերացման ժամանակ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ 2004 թվականի փետրվարի 15-ին ստորագրված՝ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգավիճակի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 ապրիլի 2004 թվականի
ՍԴՈ - 487

print page Տպել էջը