ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ) ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 7 մայիսի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի (Ռուսաստանի բանկի) միջեւ վարկային կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի միջեւ քննարկվող համաձայնագիրն ստորագրվել է 2003թ. հունվարի 17-ին՝ Մոսկվայում, որի նպատակը Կողմերի միջեւ բանկային գործունեության կարգավորման ոլորտում փոխըմբռնման հասնելն ու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ազգային բանկային համակարգերի հուսալիության եւ արդյունավետության ապահովումն է։

2. Համաձայնագրով սահմանված են վարկային կազմակերպությունների գործունեության վերահսկման ուղղությամբ Կողմերի համագործակցության հետեւյալ բնագավառները. վարկային կազմակերպությունների գործունեության արտոնագրում, փաստաթղթային վերահսկողություն, տեսչական ստուգումների անցկացում, մյուս Կողմի պետության տարածքում դուստր վարկային կազմակերպությունների ստեղծում,

ինչպես նաեւ դուստր վարկային կազմակերպություններ, մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ ունեցող վարկային կազմակերպությունների գործունեության նախանշված ոլորտների վերահսկողություն։

Համաձայնագրով նախատեսված է նաեւ համագործակցություն վարկային կազմակերպությունների բաժնետոմսեր ձեռք բերելու հարցում։

3. Համաձայնագրի առանձին հոդվածներում մանրամասնված են վերոթվարկյալ բնագավառներում Կողմերի համագործակցության կարգն ու սկզբունքները։

4. Համաձայնագրով կողմերն ստանձնել են հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- համապատասխան Կողմի վարկային կազմակերպությունների վերահսկողության արդյունավետությունն ապահովելու եւ ամրապնդելու նպատակով, ինչպես նաեւ գործող բանկային օրենսդրության, բանկային վերահսկողության նորմերի եւ պահանջների, դրանցում սկզբունքային փոփոխությունների մասին տեղեկատվության տրամադրում եւ փոխաջակցություն, տեղեկատվության փոխանակման բնագավառում գաղտնիության ապահովման վերաբերյալ Կողմերի օրենսդրության նորմերի պահպանում,

- վարկային կազմակերպությունների վերահսկողության կատարելագործմանն առնչվող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով բանկային վերահսկողության մարմինների ներկայացուցիչների հանդիպումների անցկացում,

- համաձայնագրի իրագործման հետ կապված ծախսերի ինքնուրույն կատարում։

5. Համաձայնագրում կարեւորված է համագործակցության արդյունքում ստացված տեղեկատվության օգտագործումն ըստ նախանշված նպատակի։

Տեղեկատվության գաղտնիության ապահովման հարցերը կարգավորված են համաձայնագրի 12 հոդվածի դրույթներով, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողության մարմինների հետ տեղեկատվության գաղտնիության ապահովման հարցերը կարգավորվում են «Բանկային գաղտնիքի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Վերջինիս 57 հոդվածի 4-րդ կետում նախատեսված են բանկային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկությունները ՀՀ կենտրոնական բանկի կողմից ազգային այլ բանկ կամ այլ մարմին միջազգային պայմանագրով սահմանված կարգով հաղորդելու պայմանները։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանըՈՐՈՇԵՑ.

1. 2003 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի (Ռուսաստանի բանկի) միջեւ վարկային կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 մայիսի 2004 թվականի
ՍԴՈ - 489

print page Տպել էջը