ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1957 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ՆԻՑՑԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԻՑՑԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 7 մայիսի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1957 թվականի հունիսի 15-ին Նիցցայում ստորագրված՝ Նշանների գրանցման նպատակներով ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ Նիցցայի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Նշանների գրանցման նպատակներով ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է Նիցցայում՝ 1957թ. հունիսի 15-ին։ Այն վերանայվել է 1967թ. հուլիսի 14-ին՝ Ստոկհոլմում, 1977թ. մայիսի 13-ին՝ Ժնեւում եւ փոփոխվել է 1979թ. սեպտեմբերի 28-ին։ Համաձայնագրի նպատակն է ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր դասակարգման ընդունումը։

2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը հիմնում են Հատուկ միություն եւ նշանների գրանցման նպատակներով ընդունում ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր դասակարգում, որը բաղկացած է դասերի ցանկից եւ ապրանքների ու ծառայությունների այբբենական ցանկից։ Հատուկ միության երկրներին իրավունք է վերապահվում այդ դասակարգումն օգտագործել որպես հիմնական կամ լրացուցիչ համակարգ։

Համաձայնագիրը ճշգրտում է ապրանքների եւ ծառայությունների դասակարգման բովանդակությունը եւ դրա կազմման լեզուները։

3. Համաձայնագրով հիմնադրվում է Փորձագետների կոմիտե, որում ներկայացված է Հատուկ միության յուրաքանչյուր պետություն։ Համաձայնագիրը սահմանում է Փորձագետների կոմիտեի գործառույթները, դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու ընթացակարգը։

Հատուկ միությունն ունի Ասամբլեա, որի անդամ է համաձայնագիրը վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետություն։

Համաձայնագիրը սահմանում է Հատուկ միության բյուջեի ֆինանսավորման աղբյուրները։

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված Հատուկ միության Ասամբլեայում ՀՀ կառավարությունը ներկայացնող պատվիրակության ծախսերը հոգալու, Հատուկ միության բյուջե տարեկան վճար մուծելու եւ Հատուկ միության շրջանառու միջոցների հիմնադրամին միանվագ վճար տրամադրելու հետ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1957թ. հունիսի 15-ին Նիցցայում ստորագրված՝ Նշանների գրանցման նպատակներով ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ Նիցցայի համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 մայիսի 2004 թվականի
ՍԴՈ - 492

print page Տպել էջը