ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1977 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԴՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 14 մայիսի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1977 թվականի ապրիլի 28-ին Բուդապեշտում ստորագրված՝ Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտի պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Պայմանագիրն Արդյունաբերական սեփականության պահպանության միջազգային միության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 1977թ. ապրիլի 28-ին (1980թ. սեպտեմբերի 26-ի փոփոխություններով) Բուդապեշտում՝ արտոնագրային գործընթացի կապակցությամբ միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման միություն ստեղծելու նպատակով։

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1980թ. օգոստոսի 19-ից։

2. Պայմանագրով Պայմանավորվող կողմերը ստեղծում են միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման միություն։

Պայմանագիրը սահմանում է կրկնակի ավանդադրման կարգը, միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը, այդ կարգավիճակի ձեռքբերման եւ դադարեցման կարգը։

3. Պայմանագրի հիման վրա ստեղծվող միությունն ունի Ասամբլեա, որում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ներկայացված է իր պատվիրակության միջոցով:

Պայմանագրով սահմանված են Ասամբլեայի գործառույթները, գործունեության կազմակերպաիրավական ձեւերն ու ընթացակարգերը:

4. Պայմանագրի կատարման գործընթացում կարեւոր մանրամասների, վարչական պահանջների, հարցերի եւ ընթացակարգերի կարգավորումը կատարվում է պայմանագրում վկայակոչված Կանոնակարգով։ Քննության առարկա պայմանագրի հետ միաժամանակ ընդունված Կանոնակարգը հանդիսանում է պայմանագրի հավելվածը։ Պայմանագրի եւ Կանոնակարգի դրույթների միջեւ հակասության դեպքում գերակայում են պայմանագրի դրույթները։

5. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ճանաչել միկրոօրգանիզմների ավանդադրումը ցանկացած միջազգային ավանդադրման մարմնում, չպահանջել այլ կամ լրացուցիչ պահանջների համապատասխանություն՝ բացի պայմանագրով եւ Կանոնակարգով սահմանվածներից։

Հայաստանի Հանրապետությունը կարող է միկրոօրգանիզմների որոշ տեսակների ներմուծման կամ արտահանման նկատմամբ սահմանափակումներ կիրառել միայն այն դեպքում, եթե դրանք անհրաժեշտ են ազգային անվտանգության կամ առողջապահության եւ շրջակա միջավայրի պահպանության նպատակով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1977թ. ապրիլի 28-ին Բուդապեշտում ստորագրված՝ Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտի պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 մայիսի 2004 թվականի
ՍԴՈ - 493

print page Տպել էջը