ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 27 օգոստոսի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Ն. Դավիդյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի մայիսի 21-ին Ժնեւում ընդունված՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա կոնվենցիան ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մարմնի՝ Առողջապահության գլխավոր ասամբլեայի կողմից 2003թ. մայիսի 21-ին՝ Ժնեւում, եւ բացվել է ստորագրման Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր պետությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ չհանդիսացող, սակայն Միավորված ազգերի կազմակերպության անդամ հանդիսացող պետությունների, ինչպես նաեւ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների համար Ժնեւում՝ 2003թ. հունիսի 16-22-ը եւ Նյու Յորքում՝ 2003թ. հունիսի 30-ից մինչեւ 2004թ. հունիսի 29-ը։

Կոնվենցիան ստորագրել է 168 պետություն։

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան չի ստորագրել։

Կոնվենցիան դեռեւս ուժի մեջ չի մտել։

Կոնվենցիայի նպատակն է ազգային, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում կողմերի իրականացմանը ենթակա՝ ծխախոտի դեմ պայքարի համար համապատասխան շրջանակներ ապահովելու միջոցով ներկա եւ ապագա սերունդներին ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության՝ մարդկանց առողջության համար քայքայիչ հետեւանքներից, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ տնտեսական հետեւանքներից պաշտպանելը, որպեսզի մշտապես եւ էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը։

2. Կոնվենցիայով հիմնվում է կողմերի համաժողով։ Կողմերի համաժողովը կանոնավոր կերպով քննարկում է կոնվենցիայի իրականացումը եւ ընդունում է որոշումներ, որոնք անհրաժեշտ են կոնվենցիայի արդյունավետ իրականացմանն աջակցելու համար, եւ կարող է ընդունել կոնվենցիայի արձանագրություններ, հավելվածներ եւ լրացումներ՝ կոնվենցիայի 28, 29 եւ 33 հոդվածներին համապատասխան։

Կողմերի համաժողովը նշանակում է մշտական քարտուղարություն եւ ապահովում է նրա գործառնության պայմանները։ Կոնվենցիան սահմանում է քարտուղարության գործառույթները։

3. Կոնվենցիայի հավելվածները կազմում են նրա անբաժանելի մասը, եւ եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ, ապա հղումը կոնվենցիային միեւնույն ժամանակ հանդիսանում է հղում կոնվենցիայի ցանկացած հավելվածի։ Հավելվածները սահմանափակվում են ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերին վերաբերող ցուցակներով, ձեւերով եւ ցանկացած այլ նկարագրական նյութով։ Հավելվածները ենթակա են ընդունման կոնվենցիայի կողմերի կողմից։

Կոնվենցիայի արձանագրությունների կողմեր կարող են լինել միայն կոնվենցիայի կողմերը։ Արձանագրությունները պարտադիր են միայն համապատասխան արձանագրությունների կողմերի համար։ Կոնվենցիայի արձանագրությունների ուժի մեջ մտնելու պայմանները սահմանվում են այդ արձանագրություններով։

Կոնվենցիայի 3 հոդվածի համաձայն՝ կոնվենցիայի նպատակը միաժամանակ հանդիսանում է նաեւ կոնվենցիայի արձանագրությունների նպատակ։

4. Կոնվենցիայի 5 հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ ընդհանուր պարտավորությունները.

- կոնվենցիային եւ արձանագրություններին համապատասխան մշակել, իրագործել, պարբերաբար նորացնել եւ վերանայել ծխախոտի դեմ պայքարի՝ համակողմանի բազմոլորտ ազգային ռազմավարությունները, պլանները եւ ծրագրերը,

- նշված նպատակին հասնելու համար իր հնարավորություններին համապատասխան ստեղծել կամ ամրապնդել եւ ֆինանսավորել ծխախոտի դեմ պայքարի ազգային համակարգման մեխանիզմը կամ համակարգող մարմինները եւ ընդունել ու իրականացնել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական եւ/կամ այլ միջոցներ եւ համապատասխան դեպքերում համագործակցել այլ կողմերի հետ ծխախոտի օգտագործման, նիկոտինից կախվածության եւ ծխախոտի ծխի ազդեցության կանխման ու նվազեցման համապատասխան քաղաքականության մշակման գործում,

- հանրային առողջապահության՝ ծխախոտի դեմ պայքարի իր քաղաքականության մշակման եւ իրականացման ընթացքում, ազգային օրենսդրությանը համապատասխան, պաշտպանել ՀՀ քաղաքականությունը ծխախոտի արդյունաբերության առեւտրային եւ այլ կորպորատիվ շահերից,

- համագործակցել մյուս կողմերի հետ կոնվենցիայի եւ արձանագրությունների իրականացման առաջարկվող միջոցների, ընթացակարգերի եւ ղեկավար սկզբունքների մշակման գործում,

- կոնվենցիայի եւ արձանագրությունների նպատակներին հասնելու համար համապատասխան դեպքերում համագործակցել իրավասու միջազգային եւ տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների եւ այլ մարմինների հետ,

- իր տրամադրության տակ գտնվող միջոցների եւ ռեսուրսների շրջանակներում համագործակցել մյուս կողմերի հետ ֆինանսավորման երկկողմ եւ բազմակողմ մեխանիզմների օգնությամբ կոնվենցիայի արդյունավետ իրականացման համար ֆինանսական միջոցների մոբիլիզացման նպատակով։

5. Բացի Կոնվենցիայի 5 հոդվածով նախատեսված ընդհանուր պարտավորություններից, Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է նաեւ.

- կոնվենցիային եւ դրա արձանագրություններին առնչվող հարցերով կամ կոնվենցիայի եւ դրա արձանագրությունների նկատմամբ լրացուցիչ հանդիսացող հարցերով չկնքել այնպիսի երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր, ներառյալ տարածաշրջանային կամ ենթատարածաշրջանային համաձայնագրերը, որոնք անհամատեղելի կլինեն կոնվենցիայով եւ դրա արձանագրություններով նախատեսվող պարտավորությունների հետ,

- ընդունելով, որ գնային եւ հարկային միջոցները բնակչության տարբեր խմբերի, հատկապես երիտասարդության շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ եւ կարեւոր միջոցներ են, առանց հարկային քաղաքականության մշակման եւ հաստատման՝ ՀՀ ինքնիշխան իրավունքը խախտելու, հաշվի առնել ծխախոտի դեմ պայքարին վերաբերող՝ առողջապահության բնագավառում ՀՀ ազգային նպատակները եւ, համապատասխան դեպքերում, ձեռնարկել կամ պահպանել միջոցներ, ներառյալ. ա) ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ հարկային քաղաքականության եւ, նպատակահարմարության դեպքում, գնային քաղաքականության իրականացումը՝ ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված առողջապահության ոլորտի նպատակներին հասնելուն աջակցելու համար, բ) համապատասխան դեպքերում՝ միջազգային ուղեւորություններ իրականացնող անձանց՝ հարկերից եւ տուրքերից ազատված ծխախոտային արտադրատեսակների վաճառքի եւ/կամ նրանց կողմից այդ արտադրատեսակների ներմուծման արգելումը կամ սահմանափակումը,

- ընդունելով, որ համակողմանի ոչ գնային միջոցները հանդիսանում են ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ եւ կարեւոր միջոց, ընդունել եւ իրականացնել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի 8-13 հոդվածներով նախատեսված պարտավորությունների կատարման համար, եւ, համապատասխան դեպքերում, անմիջականորեն կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով համագործակցել այլ կողմերի հետ այդ պարտավորությունների իրականացման նպատակով,

- ընդունելով, որ գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդությունների եւ հաշմանդամության պատճառ է՝ ազգային օրենսդրությամբ սահմանված առկա ազգային իրավազորության ոլորտներում ընդունել, իրականացնել եւ իրավազորության այլ մակարդակներում ակտիվորեն աջակցել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական եւ/կամ այլ միջոցների ընդունմանը եւ իրականացմանը, որոնք ապահովում են ծխախոտի ծխի ազդեցությունից պաշտպանությունն աշխատանքային տեղերում, շինությունների ներսում, հասարակական տրանսպորտում, փակ հասարակական վայրերում եւ, համապատասխան դեպքերում, այլ հասարակական վայրերում,

- ազգային իրավասու մարմինների հավանությունն ստանալու դեպքերում ընդունել եւ իրականացնել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ ծխախոտային արտադրատեսակների բաղադրության եւ դրանցից արտազատվող նյութերի փորձաքննության եւ չափման, ինչպես նաեւ այդ բաղադրության եւ արտազատվող նյութերի կարգավորման վերաբերյալ,

- ազգային օրենսդրությանը համապատասխան ձեռնարկել եւ իրականացնել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որոնք ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներից եւ ներմուծողներից պահանջում են կառավարական մարմիններին տեղեկատվություն տրամադրել ծխախոտային արտադրատեսակների եւ դրանցից արտազատվող նյութերի բաղադրության մասին, ինչպես նաեւ ձեռնարկել եւ իրականացնել ծխախոտային արտադրատեսակների թունավոր բաղադրիչների եւ արտազատվող նյութերի մասին հանրությանը իրազեկելու արդյունավետ միջոցներ,

- իր համար կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից 3 տարվա ընթացքում, ազգային օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկել եւ իրականացնել արդյունավետ միջոցներ, որպեսզի՝ ա) ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորումը եւ պիտակավորումը չխթանեն ծխախոտային արտադրատեսակի վաճառքը ցանկացած՝ կեղծ, մոլորեցնող, խաբեական կամ ծխախոտի արտադրատեսակի բնութագրի, առողջության նկատմամբ ազդեցության, վտանգների կամ արտազատվող նյութերի մասին սխալ տպավորություն ստեղծող ճանապարհով, ներառյալ ցանկացած տերմինը, նկարագրությունը, առեւտրային պիտակը, սիմվոլիկ կամ ցանկացած այլ նշան, որոնք ուղղակի կամ անուղղակի կեղծ տպավորություն են ստեղծում այն մասին, որ որոշակի ծխախոտային արտադրատեսակ այլ ծխախոտային արտադրատեսակներից պակաս վնասակար է, բ) ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփի, փաթեթի, ցանկացած արտաքին փաթեթավորման եւ այդ արտադրատեսակների պիտակի վրա նույնպես նշված լինեն նախազգուշացումներ առողջության համար վնասակար լինելու մասին, նկարագրեն ծխախոտի օգտագործման քայքայիչ հետեւանքները, զետեղվեն այլ համապատասխան տեղեկություններ, ներառյալ տեղեկատվություն ծխախոտային արտադրատեսակների համապատասխան բաղադրիչների եւ դրանցից արտազատվող նյութերի մասին, ինչպես սահմանված է ազգային մարմինների կողմից։ Պահանջել, որպեսզի նշված նախազգուշացումները ծխախոտային արտադրատեսակի յուրաքանչյուր տուփի, փաթեթի, ցանկացած արտաքին փաթեթի եւ պիտակի վրա զետեղվեն ՀՀ հիմնական լեզվով կամ հիմնական լեզուներով,

- պահպանել եւ ամրապնդել բնակչությանը ծխախոտի դեմ պայքարի հարցերի մասին իրազեկելու համակարգը՝ համապատասխան դեպքում օգտագործելով տեղեկատվության փոխանցման առկա բոլոր միջոցները,

- ընդունելով, որ ծխախոտի արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման եւ հովանավորության լիակատար արգելումը կհանգեցնի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանը՝ ՀՀ Սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան, ամբողջությամբ արգելել ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը եւ հովանավորությունը (ներառյալ ՀՀ տարածքից անդրսահմանային գովազդը, վաճառքի խթանումը եւ հովանավորությունը), այդ կապակցությամբ իր համար կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում ձեռնարկել օրենսդրական, գործադիր, վարչական եւ/կամ այլ միջոցներ եւ կոնվենցիայի 21 հոդվածին համապատասխան ներկայացնել զեկույցներ։ ՀՀ Սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը եւ հովանավորությունն ամբողջովին արգելելու հնարավորություն չունենալու դեպքում կիրառել ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման եւ հովանավորության սահմանափակումներ, այդ կապակցությամբ ձեռնարկել օրենսդրական, գործադիր, վարչական եւ/կամ այլ միջոցներ եւ Կոնվենցիայի 21 հոդվածին համապատասխան ներկայացնել զեկույցներ,

- մշակել եւ տարածել համապատասխան, համակողմանի եւ համալիր ղեկավար սկզբունքներ, որոնք հիմնված են գիտական տվյալների եւ լավագույն փորձի վրա, հաշվի առնելով ազգային հանգամանքներն ու գերակայությունները, եւ ձեռնարկել արդյունավետ միջոցներ ծխախոտի օգտագործման դադարեցմանն աջակցելու եւ ծխախոտից կախվածության համապատասխան բուժումն ապահովելու համար,

- ընդունելով, որ ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առեւտրի բոլոր ձեւերի վերացումը, այդ թվում՝ մաքսանենգության, ապօրինի արտադրության եւ կեղծման վերացումը, ինչպես նաեւ, բացի ենթատարածաշրջանային, տարածաշրջանային եւ գլոբալ համաձայնագրերից, համապատասխան ազգային օրենսդրության մշակումը եւ իրականացումը հանդիսանում են ծխախոտի դեմ պայքարի անհրաժեշտ բաղադրիչներ, ընդունել եւ իրականացնել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որպեսզի ապահովվի ծխախոտային արտադրատեսակների բոլոր տուփերի, փաթեթների եւ յուրաքանչյուր արտաքին փաթեթի պիտակավորումը՝ ծխախոտային արտադրատեսակների ծագումը որոշելու գործում կողմերին օգնելու համար եւ, ազգային օրենսդրությանն ու համապատասխան երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերին համապատասխան, շեղման կետը որոշելու, ծխախոտային արտադրատեսակների տեղաշարժի մոնիտորինգի, փաստաթղթավորման եւ վերահսկողության, ինչպես նաեւ իրավական կարգավիճակը որոշելու գործում կողմերին օգնելու համար,

- համապատասխան կառավարական մակարդակում ձեռնարկել եւ իրականացնել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ ծխախոտային արտադրատեսակների վաճառքն ազգային օրենսդրությամբ սահմանված տարիքին չհասած կամ 18 տարին չլրացած անձանց արգելելու համար։ Արգելել կամ նպաստել բնակչության մեջ եւ հատկապես անչափահասների շրջանում անվճար ծխախոտային արտադրատեսակների տարածման արգելմանը։ Ձգտել արգելել ծխախոտի վաճառքը հատով կամ փոքր փաթեթներով, որոնք մեծացնում են այդ արտադրատեսակների մատչելիությունն անչափահասների համար։ Ձեռնարկել եւ իրականացնել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, ներառյալ սանկցիաները, մանրածախ եւ մեծածախ առեւտրականների նկատմամբ՝ կոնվենցիայի 16 հոդվածի 1-5 կետերում սահմանվող պարտավորությունների պահպանման ապահովման նպատակներով,

- համագործակցելով մյուս կողմերի եւ իրավասու միջազգային եւ տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում աջակցել ծխախոտի արտադրությամբ եւ աճեցմամբ զբաղվող՝ տնտեսապես կենսունակ այլ կազմակերպություններին եւ, համապատասխան դեպքերում, անհատ վաճառողներին,

- կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները կատարելու ընթացքում պատշաճ ձեւով հաշվի առնել շրջակա միջավայրի եւ շրջակա միջավայրի հետ կապված՝ մարդկանց առողջության պահպանման հարցերը,

- ձեռնարկել տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների զարգացմանը եւ աջակցությանն ու գիտահետազոտական ծրագրերի համակարգմանն ուղղված միջոցներ։ Համապատասխան դեպքերում ստեղծել ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ ծրագրեր ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության ծավալների, կառուցվածքների, որոշիչ գործոնների եւ հետեւանքների համաճարակային հսկողության համար,

- ֆինանսական աջակցություն տրամադրել կոնվենցիայի նպատակին հասնելուն ուղղված ՀՀ ազգային գործունեությանը՝ ՀՀ ազգային պլաններին, գերակայություններին եւ ծրագրերին համապատասխան։

6. Կոնվենցիայի 13 հոդվածի 1-ին կետի համաձայն. «Յուրաքանչյուր կողմ, իր Սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան, ամբողջությամբ արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը եւ հովանավորությունը...»։ Կոնվենցիայի 13 հոդվածի 3-րդ կետի համաձայն. «Այն կողմը, որն իր Սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան հնարավորություն չունի ամբողջովին արգելում մտցնելու, կիրառում է ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման եւ հովանավորության սահմանափակումներ...»։

Նշված պարտավորությունները կոնվենցիայի յուրաքանչյուր կողմից պահանջում են հաշվի առնել իր Սահմանադրության կամ սահմանադրական սկզբունքների պահանջները եւ այդ պայմանների պահպանմամբ իրավական հնարավորություն են ընձեռում կողմերին կա°մ ամբողջությամբ արգելել ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը եւ հովանավորությունը, կա°մ դրանց նկատմամբ կիրառել սահմանափակումներ։

7. Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (4, 10, 34 հոդվածներ), հաշվի առնելով մարդկանց առողջության պահպանման իրավունքը եւ շրջակա միջավայրը պահպանելու՝ ՀՀ սահմանադրական պարտականությունը, կոչված են ապահովելու կողմերի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003 թվականի մայիսի 21-ին Ժնեւում ընդունված՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 օգոստոսի 2004 թվականի
ՍԴՈ - 503

print page Տպել էջը