ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 6 սեպտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի ապրիլի 3-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ տեխնիկական, ֆինանսական եւ հումանիտար համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2004թ. ապրիլի 3-ին՝ Երեւանում, որի նպատակն է ամրապնդել բարեկամական կապերը Կողմերի միջեւ եւ զարգացնել արդյունավետ տեխնիկական, ֆինանսական եւ հումանիտար համագործակցություն եւ վերջինիս իրականացմանն ուղղված նախագծերի (Ծրագրերի) իրագործման համար կանոնների եւ ընթացակարգերի համապատասխան դաշտի ստեղծումը։

2. Որպես նպատակ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին համապատասխան, նաեւ կարեւորված է հարգանքը ժողովրդավարության սկզբունքների եւ մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ, ինչպես նաեւ պայքարը կոռուպցիայի դեմ։

3. Համաձայնագրով նախանշված են համագործակցությանն ուղղված Ծրագրերի իրականացման պայմանները եւ ձեւերը, մասնավորապես, այն կիրականացվի.

- տեխնիկական, ֆինանսական եւ տնտեսական օգնության, ինչպես նաեւ հումանիտար եւ արտակարգ օգնության ձեւով,

- դրամաշնորհների (բնեղեն, ծառայություններ, ֆինանսական միջոցներ) կամ արտոնյալ վարկերի տրամադրման կամ հավասար մասնակցության ձեւով,

- երկկողմ հիմքի վրա կամ այլ դոնորների կամ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով,

- մասնավոր կամ պետական կազմակերպությունների եւ հաստատությունների միջոցով։

4. Համաձայնագրում մանրամասնված են նաեւ տեխնիկական, ֆինանսական, տնտեսական եւ հումանիտար օգնության պայմանները եւ ձեւերը, որոնք նպատակաուղղված պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով խավերին օգնություն տրամադրելուն, ինչպես նաեւ ուղղված լինեն տնտեսության մասնավոր սեկտորի, տեղական եւ հանրապետական հումանիտար կազմակերպությունների հնարավորությունների զարգացմանը։

5. Ըստ համաձայնագրի 5-րդ հոդվածի՝ այն պետք է կիրառվի ինչպես Կողմերի միջեւ համաձայնեցված ծրագրերի, յուրաքանչյուր Կողմի հանրային կամ մասնավոր միավորումների, հաստատությունների նկատմամբ, ինչպես նաեւ համաձայնագրին նախորդող եւ ընթացքի մեջ գտնվող կամ նախապատրաստվող ծրագրերի նկատմամբ, արտակարգ իրավիճակների դեպքում։

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- Շվեյցարական կողմից դրամաշնորհի հիման վրա ֆինանսավորված բոլոր սարքավորումները, ծառայությունները, փոխադրամիջոցները, նյութերը եւ քննության առարկա համաձայնագրի շրջանակներում Ծրագրերի իրականացման կարիքների համար ժամանակավորապես ներմուծված սարքավորումներն ազատել հարկերից, մաքսատուրքերից, գանձումներից, այլ պարտադիր վճարներից եւ նույն պայմաններով թույլ տալ դրանց վերաարտահանումը,

- թույլ տալ համաձայնագրի շրջանակներում Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակավոր ներմուծումը,

- համաձայնագրի շրջանակներում Ծրագրեր իրականացնող մարմիններին ազատել եկամտահարկից, շահութահարկից, գույքահարկից եւ/կամ այն հարկերից, որոնք գանձվում են Ծրագրի վերաբերյալ կնքված՝ համաձայնագրից բխող վարձատրությունից եւ ձեռքբերումներից,

- դյուրացնել Ծրագրերից բխող եւ օտարերկրյա անձնակազմի կողմից իրականացվող՝ արտարժույթի միջազգային փոխանցումների հետ կապված ընթացակարգի կատարումը,

- Ծրագրերն իրականացնող անձնակազմին եւ նրա անդամների ընտանիքներին ազատել որեւէ եկամտահարկից եւ գույքահարկից, ինչպես նաեւ ցանկացած այլ հարկումից, մաքսատուրքից, գանձումից, որեւէ անձնական իրի համար գանձվող պարտադիր վճարից, նրանց թույլատրել ներմուծել եւ վերաարտահանել իրենց անձնական իրերը (կենցաղային ապրանքներ, մեքենա եւ սարքավորումներ, ներառյալ մասնագիտական եւ անձնական օգտագործման սարքավորումները) իրենց նշանակման ժամկետը լրանալուց հետո։ Անձնակազմին եւ նրա անդամների ընտանիքներին տրամադրել օրենքով պահանջվող՝ կացության հետ կապված փաստաթղթեր եւ աշխատելու թույլտվություններ,

- ապահովել անձնակազմի, ինչպես նաեւ նրա անդամների ընտանիքների անվտանգությունը եւ դյուրացնել նրանց վերադարձը,

- ազգային օրենսդրության շրջանակներում անձնակազմին, ինչպես նաեւ նրա անդամների ընտանիքներին անվճար եւ առանց ուշացումների տրամադրել մուտքի վիզաներ,

- աջակցել անձնակազմին՝ իրականացնելու համաձայնագրից բխող իր առաջադրանքները եւ նրան տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունը,

- հայտարարել ՀՀ մտադրության մասին՝ փոխադարձաբար մյուս Կողմի հետ միավորելու իր ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի գործում, մասնավորապես հայտարարելով, որ ցանկացած առաջարկ, նվիրատվություն, վճարում, վարձատրություն կամ ցանկացած տեսակի շահույթ, որը կարող է համարվել անօրինական գործողություն կամ կոռուպցիայի դրսեւորում, չի տրամադրվել կամ չի տրամադրվի ուղղակիորեն կամ անուղղակի ձեւով որեւէ անձի քննության առարկա համաձայնագրի իրականացման ընթացքում,

- փոխադարձաբար մյուս Կողմին լիարժեք տեղեկացնել համաձայնագրի շրջանակներում նախաձեռնվող Ծրագրերի վերաբերյալ։

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջպետական հարաբերությունների հաստատման եւ զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից եւ չեն հակասում այլ պետությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերով ստանձնած համանման պարտավորություններին, միաժամանակ, բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հիմքերի հետագա ամրապնդման եւ պետության սոցիալական գործառույթների իրականացման համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004 թվականի ապրիլի 3-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ տեխնիկական, ֆինանսական եւ հումանիտար համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 505

print page Տպել էջը