ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈՓՈԽՈՂ ԵՎ ԼՐԱՑՆՈՂ ԹԻՎ 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 17 սեպտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի մայիսի 13-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վերահսկողության համակարգը փոփոխող եւ լրացնող թիվ 14 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Արձանագրությունն ստորագրվել է 2004թ. մայիսի 13-ին՝ Ստրասբուրգում, որի նպատակն է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Նախարարների կոմիտեի ծանրաբեռնվածության շարունակվող աճի պայմաններում պահպանել եւ բարձրացնել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի կատարման նկատմամբ վերահսկողության համակարգի արդյունավետությունը, մասնավորապես, ապահովելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջատար դերը Եվրոպայում՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում։

2. Արձանագրությամբ նախատեսվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործառույթների առավել արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք փոփոխություններ, որոնք առնչվում են.

- դատավորների պաշտոնավարման կարգին եւ երկարացված ժամկետին (9 տարի, առանց վերընտրվելու իրավունքի),

- դատարանի նիստերի գումարման ընթացակարգին (հիմնվում է դատարանի միանձնյա դատավորի կազմի ինստիտուտ, անհրաժեշտության դեպքում՝ որոշակի ժամկետով առավել սեղմ թվակազմով դատարանի Պալատների ձեւավորման հնարավորություն),

- դատարանում անհատական դիմումների քննարկման նոր կարգին, այդ թվում՝ դատավորի կողմից միանձնյա կարգով, որի նպատակը դատարան հասցեագրված անհատական դիմումների քննարկման առավել ճկուն եւ արագացված ընթացակարգ ապահովելն է,

- դատարանում քննվող գործերով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի դատավարական մասնակցության հնարավորությանը,

- դատարանում գործի քննության ընթացակարգում գործի նախնական ուսումնասիրմանը՝ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ,

- կողմերի միջեւ գործով հաշտության համաձայնության կնքմանը եւ վերջինիս իրագործման նկատմամբ Նախարարների կոմիտեի կողմից վերահսկողության իրականացման հնարավորությանը,

- դատարանի վերջնական վճիռների կատարման առավել գործուն հնարավորությունների նախատեսմանը եւ դրանց իրագործմանը Նախարարների կոմիտեի առավել ակտիվ ներգրավմանը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, վերջինիս նախաձեռնությամբ դատարանի կողմից իր վերջնական վճռի մեկնաբանման, նաեւ՝ դատարանի վճիռների չկատարման դեպքում Նախարարների կոմիտեի կողմից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորությանը։

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է՝

- ճանաչել դատարանի ինստիտուցիոնալ կառույցների՝ սույն արձանագրությամբ վերապահված իրավունքները,

- ապահովել այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են դատարանի կողմից արդյունավետ քննություն իրականացնելու համար,

- Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է դատարանի՝ այն գործերի կապակցությամբ կայացրած վերջնական վճիռները կատարելու իր պարտավորությունը, որոնցում կողմ է հանդիսանում։

4. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վերահսկողական համակարգը փոփոխող եւ լրացնող վերոհիշյալ արձանագրության մեջ ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ընդհանուր առմամբ լրացուցիչ երաշխիքներ են նախատեսում ՀՀ Սահմանադրության 4 հոդվածին համապատասխան մարդու իրավունքների եւ ազատությունների՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաեւ Սահմանադրության 38 հոդվածում ամրագրված՝ մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունքը նաեւ միջազգային դատարանում գործադրելու համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004թ. մայիսի 13-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վերահսկողության համակարգը փոփոխող եւ լրացնող թիվ 14 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 509

print page Տպել էջը