ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 24 սեպտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնեւում ստորագրված՝ Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիան ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում՝ 2002թ. հոկտեմբերի 7-ին Քիշնեւում։ Այն ուժի մեջ է մտել 2004թ. ապրիլի 27-ին։

Կոնվենցիայի նպատակն է քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու բնագավառում Պայմանավորվող կողմերի միջեւ համագործակցության զարգացումը, կողմերի քաղաքացիների եւ նրանց տարածքներում բնակվող այլ անձանց անձնական, գույքային եւ ոչ գույքային իրավունքների հուսալի իրավական պաշտպանության ապահովումը։

2. Քննության առարկա կոնվենցիայի համաձայն՝ մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները, նրա տարածքում բնակվող այլ անձինք մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օգտվում են իրենց անձնական, գույքային եւ ոչ գույքային իրավունքների նույն իրավական պաշտպանությունից, ինչ այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիները։

Պայմանավորվող կողմերի քաղաքացիները եւ նրանց տարածքներում բնակվող այլ անձինք միմյանց տարածքներում ազատվում են դատական եւ նոտարական տուրքերի վճարումից եւ օգտվում են անվճար իրավաբանական օգնությունից նույն պայմաններով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները։

3. Կոնվենցիայով նախատեսվում են կողմերի միջեւ քաղաքացիական եւ ընտանեկան գործերով համագործակցության հետեւյալ ձեւերը. իրավական փոխադարձ օգնության տրամադրում, արդարադատության հիմնարկների որոշումների ճանաչում եւ կատարում։

Պայմանավորվող կողմերի միջեւ քրեական գործերով համագործակցությունն իրականացվում է իրավական օգնություն տրամադրելու, հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց հանձնման, ինչպես նաեւ դատավճիռների ճանաչման եւ կատարման միջոցով։

4. Պայմանավորվող կողմերը, կոնվենցիայով սահմանված կարգով ներկայացված հանձնարարության հիման վրա, միմյանց իրավական օգնություն են տրամադրում քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով։ Կոնվենցիայի 6 հոդվածը մանրամասնում է փոխադարձ իրավական օգնության կարգով կատարվող դատավարական գործողությունները։ Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի 6 հոդվածի կապակցությամբ կատարած վերապահման ուժով, չի կատարի կատարողական մակագրությունների ճանաչման եւ կատարման գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարությունները։

Կոնվենցիան սահմանում է իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության բովանդակությանն ու ձեւին ներկայացվող պահանջները, հանձնարարության կատարման կարգը, իրավական օգնությունը մերժելու հիմքերը, հանձնարարության հիման վրա առանձին դատավարական գործողություններ կատարելու կարգը:

Կոնվենցիայով նախատեսված ընդհանուր կանոնի համաձայն՝ իրավական օգնություն ցույց տալու հետ կապված ծախսերը կրում է այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում դրանք առաջացել են։

Պայմանավորվող կողմերի քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց իրավունք է վերապահվում բողոքարկել միմյանց արդարադատության հիմնարկների պաշտոնատար անձանց՝ կոնվենցիայի դրույթները կիրառելիս կատարած գործողությունները։

Կոնվենցիայով երաշխավորվում է իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն ստանալու փաստի եւ բովանդակության, ինչպես նաեւ դրա կատարման արդյունքում ձեռք բերված տեղեկությունների գաղտնիությունը։

5. Կոնվենցիայի 2-րդ բաժնով սահմանված կոլիզիոն նորմերը մատնանշում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որով կարգավորվում են օտարերկրյա տարր պարունակող միջազգային մասնավոր հարաբերությունները։ Վերջիններս, մասնավորապես, կողմերի քաղաքացիների անձնական կարգավիճակի, ամուսնության, ամուսնալուծության, ամուսնությունն անվավեր ճանաչելու, հայրությունը կամ մայրությունը պարզելու եւ վիճարկելու, խնամակալության եւ հոգաբարձության, որդեգրման, ժառանգման, գույքային իրավունքների կապակցությամբ ծագող իրավահարաբերություններն են։

6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձաբար պարտավորվում է ճանաչել եւ կատարել մյուս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների՝ քաղաքացիական եւ ընտանեկան գործերով կայացրած որոշումները, ինչպես նաեւ քրեական գործերով կայացրած դատավճիռները։ Կոնվենցիան սահմանում է որոշումների եւ դատավճիռների ճանաչման եւ կատարման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու կարգը, դրանց ճանաչման եւ կատարման կարգը, ճանաչումը մերժելու հիմքերը։

7. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան, հարցման հիման վրա միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար։

Կոնվենցիան սահմանում է հանձնման վերաբերյալ հարցում ներկայացնելու կարգը, հարցումը բավարարելու պայմանները, հանձնումը մերժելու հիմքերը, անձին ժամանակավորապես հանձնելու հնարավորությունը։

Կողմերը պարտավոր են իրենց օրենսդրությանը համապատասխան երաշխավորել կոնվենցիայի դրույթներին համապատասխան կալանքի վերցված (ձերբակալված)՝ հանձնման ենթակա անձանց պաշտպանության իրավունքը։

Հանձնվող անձանց տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը կրում է հայցող պետությունը, իսկ հանձնման, ժամանակավոր փոխանցման ծախսերը՝ այն պետությունը, ում տարածքում առաջացել են այդ ծախսերը։

8. Պայմանավորվող կողմերը, միմյանց հանձնարարությամբ, պարտավորվում են իրենց օրենսդրությանը համապատասխան քրեական հետապնդում իրականացնել իրենց այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կասկածվում, մեղադրվում են հայցող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործություններ կատարելու մեջ, ինչպես նաեւ իրենց տարածքում գտնվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց եւ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ՝ նրանց հանձնումը մերժելու դեպքում։

Քրեական հետապնդում իրականացնելու հանձնարարության հիման վրա քրեական գործը վարույթ ընդունելու պահից սկսած հայցող Պայմանավորվող կողմը չի կարող կասկածվող, մեղադրվող անձին պատասխանատվության ենթարկել այն արարքի համար, որի կապակցությամբ քրեական հետապնդում իրականացնելու հանձնարարություն է ներկայացվել։

Քրեական գործով Պայմանավորվող կողմերի իրավասությունների բախման դեպքում տվյալ քրեական գործն ընդդատյա է այն Պայմանավորվող կողմի դատարանին, որի տարածքում ավարտվել է նախնական քննությունը։

Կոնվենցիան նախատեսում է երաշխիքներ, որոնք կբացառեն միեւնույն արարքի համար անձին կրկին քրեական պատասխանատվության ենթարկելը։

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են տեղեկություններ հաղորդել միմյանց քաղաքացիների նկատմամբ իրենց դատարանների կայացրած՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռների մասին։

9. Հայաստանի Հանրապետությունը վերապահում ներկայացնելով կոնվենցիայի 25 հոդվածի առնչությամբ, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման ու պաշտպանության առումով երաշխավորում է Սահմանադրության առաջին հոդվածի (իրավական պետության առնչությամբ) եւ 4 հոդվածի նորմ-սկզբունքների իրականացումը։

10. Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները բխում են պետությունների միջեւ իրավական փոխօգնության, հանցագործության կատարման մեջ մեղադրվող կամ դատապարտված անձանց հանձնման եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ 1966 թվականի դեկտեմբերի 16-ի Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով՝ կից կամընտիր արձանագրությամբ, Քաղաքացիական դատավարության մասին 1954 թվականի մարտի 1-ին Հաագայում ստորագրված կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (4, 16, 38, 39, 40, 41, 42 հոդվածներ, 55 հոդվածի 17-րդ կետ, 81 հոդվածի 1-ին կետ) կոչված են ապահովելու Պայմանավորվող կողմերի միջեւ հարաբերությունների զարգացումը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2002թ. հոկտեմբերի 7-ին Քիշնեւում ստորագրված՝ Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 511

print page Տպել էջը