ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 24 սեպտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1992 թվականի հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիան ստորագրվել է 1992թ. հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայում տարբեր երկրների մշակութային բազմազանության պաշտպանության, մասնավորապես, այդպիսի բազմազանության ստեղծման եւ արտահայտման միջոց հանդիսացող կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության ամրապնդման նպատակով։

2. Կոնվենցիան կիրառելի է կողմերից երեքում գրանցված առնվազն երեք արտադրողի համատեղ արտադրության կամ անդամ կողմերում չգրանցված մեկ կամ մի քանի արտադրողների նկատմամբ, ինչպես նաեւ այն պայմաններով, որոնք մասնավորեցված են կոնվենցիայի 2-րդ հոդվածում։

3. Կոնվենցիայի կիրառման ոլորտում գտնվող կինեմատոգրաֆիական ստեղծագործություններին տրվում է այնպիսի կարգավիճակ, ինչպիսին ազգային ֆիլմերին։

4. Կոնվենցիայի 5, 6, 9-րդ հոդվածներում սահմանված են համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու կարգը, համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ներդրումների համամասնությունը։ Ընդ որում, կոնվենցիան նախատեսում է նաեւ պարտադիր տեխնիկական եւ գեղարվեստական մասնակցության ձեւով ներդրում՝ յուրաքանչյուրի միջազգային պարտավորությանը համապատասխան։ Կոնվենցիան երաշխավորում է ներդրումների, համատեղ արտադրությանը գեղարվեստական եւ տեխնիկական մասնակցության առումով կողմերի միջեւ հարաբերությունների հավասարակշռություն։ Միաժամանակ, մերժվում են բռնությունն արդարացնող կամ բացահայտորեն մարդու արժանապատվությունը ոտնահարող ծրագրերը։

5. Կոնվենցիայի նպատակների անխափան իրագործման համար նախատեսվում է կողմ երկիր մուտք գործելու եւ կեցության դյուրին ընթացակարգի կիրառում։

Կոնվենցիան պարունակում է նաեւ դրույթներ համատեղ արտադրությանը մասնակից երկրների վերաբերյալ նշագրման, համատեղ արտադրության արտահանման, կինեմատոգրաֆիական ստեղծագործության վերջնական տարբերակում լեզվակիրառման կարգի, միջազգային փառատոններում այդ արտադրանքի ներկայացման վերաբերյալ։

6. Ըստ կոնվենցիայի՝ համատեղ արտադրության պայմանագրի յուրաքանչյուր կողմ ունի կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության պատկերի եւ ձայնի բնօրինակ նեգատիվի նկատմամբ համատեղ սեփականության իրավունք։

7. Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է բաղկացուցիչ երկու հավելվածով եւ 5-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ կոնվենցիայի դրույթների իրականացման պատասխանատու իրավասու մարմնի վերաբերյալ կից հայտարարությամբ։

8. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- դյուրացնել համատեղ արտադրության մասնակից մյուս կողմերի տեխնիկական եւ գեղարվեստական անձնակազմերի մուտք գործելը եւ կեցությունը, ինչպես նաեւ իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը,

- թույլ տալ կոնվենցիայի շրջանակներում իրականացված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների արտադրության եւ ցուցադրման համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակավոր ներմուծումը եւ վերարտահանումը։

9. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները լրացուցիչ երաշխիքներ են նախատեսում մարդու սոցիալ-մշակութային իրավունքների՝ մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 36 հոդվածում ամրագրված՝ գեղարվեստական ստեղծագործության ազատության եւ մտավոր սեփականության պաշտպանության իրացման համար, միաժամանակ, Սահմանադրության 9 հոդվածին համապատասխան ապահովելով միջպետական փոխշահավետ համագործակցություն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1992թ. հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 514

print page Տպել էջը