ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 28 սեպտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հուլիսի 30-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկի համաձայնագրում (Պետական կառավարման համակարգի արդիականացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկի համաձայնագիրը (Պետական կառավարման համակարգի արդիականացման ծրագիր) ստորագրվել է 2004 թվականի հուլիսի 30-ին՝ Երեւանում, որի նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է՝ փորձնական նախաձեռնությունների իրականացման, կառավարման համակարգում որոշումների կատարման եւ քաղաքականության իրականացման թափանցիկության բարելավման միջոցով։

2. Վերոհիշյալ նպատակով Միջազգային զարգացման ընկերակցությունը (վարկատու) նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը (վարկառու) տրամադրել 6.800.000 փոխառության հատուկ իրավունքներին հավասար, տարբեր արտարժույթներով արտահայտված գումար, որի դիմաց վարկատուին ենթակա են վճարման կատարման ենթակա եւ սպասարկման վճարներ՝ այն պայմաններով եւ ժամկետներում, որպիսիք նախատեսված են համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.04 եւ 2.05 բաժիններում։

Վարկի փակման ժամկետն ըստ համաձայնագրի՝ սահմանված է 2009 թվականի մարտի 31-ը, իսկ մարմանը՝ 2044 թվականի մայիսի 1-ը։

3. Ըստ համաձայնագրի՝ պետական կառավարման համակարգի արդիականացման ծրագրի իրականացումը, կնքվելիք փոխըմբռնման հուշագրերին համապատասխան, պետք է նաեւ համաֆինանսավորվի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության կողմից տրվող դրամաշնորհներով՝ 680.000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով։

4. Համաձայնագրի անբաժան մասն են կազմում. Միջազգային զարգացման ընկերակցության կողմից 1985 թվականի հունվարի 1-ին (1999 թվականի հոկտեմբերի 6-ի փոփոխություններով հանդերձ) ընդունված «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները», ինչպես նաեւ թվով 5 հավելվածներ, որոնցում մանրամասնված են վարկային համաձայնագրերի կատարման ընթացակարգերը, վարկի միջոցներն ըստ ծրագրի բնագավառների ծախսման, կատարվող գնումների, ծրագրի կատարման ղեկավարման եւ վերահսկման ընթացակարգերը, ինչպես նաեւ ծրագրի նկարագիրը։

5. Պետական կառավարման համակարգի արդիականացման ծրագրի ֆինանսավորումը, ըստ համաձայնագրի 2-րդ հավելվածի, նախատեսվում է իրականացնել մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 30-ը, եւ ընդգրկում է հետեւյալ բնագավառները.

- քաղաքացիական ծառայության կառավարման ամրապնդում, որի շրջանակներում նախատեսվում է Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի տեստավորում եւ ատեստավորում, այդ խորհրդի համար սարքավորումների ձեռքբերում, խորհրդատվական ծառայությունների մատուցում, ինչպես նաեւ Պետական կառավարման ակադեմիայի գործառնական կարողությունների ամրապնդում,

- պետական կառավարման բնագավառում էլեկտրոնային գնումների համակարգի ներդրում, այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, Պետական գնումների գործակալությունում տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի մշակում եւ սարքավորումներով հագեցում,

- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի գործառնական կարողությունների ամրապնդում, այդ նպատակով հաշվեքննական չափորոշիչների մշակման եւ հաշվեքննական գործունեության կատարելագործման ուղղությամբ խորհրդատվական ծառայությունների մատուցում, գրասենյակային սարքավորումների ձեռքբերում,

- գործադիր իշխանության հանրապետական մարմինների, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի աշխատակազմի գործառնական կարողությունների բարելավման նպատակով խորհրդատվական ծառայությունների եւ տեխնիկական աջակցության մատուցում, գրասենյակային ու այլ սարքավորումների ձեռքբերում, կադրերի վերապատրաստում,

- տեղական ինքնակառավարման գործառույթի զարգացում, այդ նպատակով միջհամայնքային միավորումների ստեղծման ու գործունեության հայեցակարգային եւ իրավական մոտեցման մշակում, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների վերապատրաստում, համայնքներում էլեկտրոնային ծառայությունների եւ կառավարման տեղեկատվական համակարգի ձեւավորում, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի աշխատակազմին տեխնիկական աջակցության եւ խորհրդատվական ծառայության մատուցում,

- ծրագրով նախատեսվում է նաեւ առանձին նախարարությունների ինտերնետային էջերի կատարելագործման ու տեղեկատվական ծառայությունների համար միջոցների հատկացում։

Վարկային համաձայնագրում ներկայացված ծրագրային նպատակները շատ ընդհանուր են եւ մի շարք ուղղություններով բյուջետային ու վարկային հատկացումների հստակեցման անհրաժեշտություն է առաջանում։

6. Ծրագրի իրականացման վերոհիշյալ բնագավառներում վարկային միջոցները, ըստ համաձայնագրի 1-ին հավելվածի, նախատեսվում է ծախսել.

- ապրանքներ ձեռք բերելու նպատակով՝ 4.780.000 ՓՀԻ չափով գումար,

- խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով՝ 1.550.000 ՓՀԻ չափով գումար,

- ուսուցման եւ ուսումնական այցելությունների նպատակով՝ 105.000 ՓՀԻ չափով գումար,

- գործառնական ընթացիկ ծախսերի նպատակով՝ 365.000 ՓՀԻ չափով գումար։

7. Համաձայնագրի 4-րդ հավելվածին համապատասխան ծրագրի իրականացման ընդհանուր ղեկավարումը պետք է իրականացվի ՀՀ վարչապետի 1999թ. սեպտեմբերի 3-ի թիվ 544 որոշմամբ ստեղծված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի եւ վերջինիս հաշվետու՝ աշխատանքային խմբերի կողմից։

8. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- վարկի դիմաց Ընկերակցությանը վճարել կատարման ենթակա վճար՝ վարկի չառհանված գումարի ոչ ավելի, քան տարեկան 1 տոկոսի կեսը, ինչպես նաեւ սպասարկման վճար՝ հաշվարկված վարկի հիմնական գումարից առհանված եւ չվճարված գումարի տարեկան 1 տոկոսի երեք քառորդ չափով՝ այն կարգով եւ ժամկետներում, որպիսիք սահմանված են համաձայնագրի 2 հոդվածի 2.04, 2.05 եւ 2.06 բաժիններում,

- վարկի հիմնական գումարը մարել կիսամյակային մուծումներով՝ այն պայմաններով ու ժամկետներում, որպիսիք սահմանված են համաձայնագրի 2 հոդվածի 2.07 բաժնում,

- ծրագիրն իրականացնել համաձայնագրին համապատասխան, պատշաճ, ջանասիրությամբ եւ արդյունավետությամբ՝ պահպանելով վարչական եւ տեխնիկական համապատասխան պահանջները,

- անհրաժեշտության դեպքում սեղմ ժամկետներում տրամադրել միջոցներ, ծառայություններ եւ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ ռեսուրսներ,

- Ընկերակցության համար ընդունելի առեւտրային որեւէ բանկում բացել ծրագրի հաշիվ՝ 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարից ոչ պակաս հաշվեկշռով՝ ծրագրի իրականացման տեղական այլ գործընկերների գործունեությունը ֆինանսավորելու նպատակով,

- Ընկերակցության հետ համաձայնեցված ժամկետում վերջինիս ներկայացնել Ընկերակցության հետ քննարկված ծրագրի ապագա գործողության պլան,

- վարել ծրագրի ֆինանսական կառավարման համակարգ, համաձայնագրի 4 հոդվածի 4.01 բաժնում սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացնել հաշվետվություններ, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվություն՝ 4.02 բաժնում սահմանված կարգով ու ժամկետներում։

9. Ըստ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից ներկայացված տեղեկանքի՝ սույն համաձայնագրի ստորագրման համար հիմք է հանդիսացել ՀՀ Նախագահի համաձայնությունը։

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված մի շարք վարկերը եւ դրամաշնորհները պարունակում են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին ուղղված բաղադրիչներ, այդ թվում պետական բյուջեով նախատեսված միջոցներից զատ տեխնիկական եւ խորհրդատվական ծառայությունների համար վարկային ու դրամաշնորհային միջոցներ են հատկացվել քննության առարկա ծրագրում ներառված նախարարություններին ու գերատեսչություններին։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 77 հոդվածի պահանջների եւ ՀՀ միջազգային պարտավորությունների հետեւողական կատարման համար անհրաժեշտ է համաձայնագրի վավերացման փուլում հատուկ ուշադրություն դարձնել նախկինում համանման նպատակների համար հատկացված բյուջետային, դրամաշնորհային, վարկային միջոցների տրամադրման, օգտագործման եւ նոր հատկացումների անհրաժեշտության համադրման խնդրին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանըՈՐՈՇԵՑ.

1. 2004 թվականի հուլիսի 30-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ զարգացման վարկի համաձայնագրում (Պետական կառավարման համակարգի արդիականացման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 516

print page Տպել էջը