ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 19 հոկտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2004 թվականի հուլիսի 30-ին Երեւանում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության (վարկառու) եւ Միջազգային զարգացման ընկերակցության (վարկատու) միջեւ ստորագրվել է 2004թ. հուլիսի 30-ին՝ սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի ֆինանսավորման նպատակով։

2. Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը (Ընկերակցություն), Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությանը համաձայնագրում նշված պայմաններով եւ ժամկետներում տրամադրում է տարբեր տարադրամներով երեք միլիոն վեց հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (3.600.000 ՓՀԻ) գումար։ Ծրագրի նպատակն է բարելավել վարկառուի կարողությունները՝ աշխատանքի եւ հանրային զբաղվածության, կենսաթոշակների եւ սոցիալական աջակցության առավել արդյունավետ եւ կայուն համակարգ ձեւավորելու համար։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2007թ. հունիսի 30-ը։

3. Ծրագրի բաղադրատարրերն են՝ ընդհանուր աջակցությունը սոցիալական պաշտպանությանը, աշխատանքի եւ զբաղվածության բարելավումը, կենսաթոշակային համակարգի վարչարարության արդիականացումը, սոցիալական աջակցության բարելավումը, ծրագրի կառավարումը։

Ըստ համաձայնագրի՝ վարկի փակման օրը 2007թ. դեկտեմբերի 31-ն է կամ Ընկերակցության կողմից սահմանվող ավելի ուշ ժամկետ։

4. Համաձայնագիրն ունի հինգ հավելված, որոնք վերաբերում են համապատասխանաբար՝ վարկի միջոցներից առհանմանը, Ծրագրի նկարագրությանը, գնումներին, իրականացման ծրագրին եւ հատուկ հաշվին։

Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում Ընկերակցության 1985թ. հունվարի 1-ի «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները» (1999թ. հոկտեմբերի 6-ի փոփոխություններով)։

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ընկերակցությանը վճարել կատարման ենթակա վճար՝ Ընկերակցության կողմից սահմանվող տոկոսադրույքի չափով, որը չպետք է գերազանցի տարեկան մեկ տոկոսի կեսը (1%-ի 1/2-ը), ինչպես նաեւ սպասարկման վճար՝ տարեկան մեկ տոկոսի երեք քառորդի չափով (1%-ի 3/4-ը)՝ հաշվարկված վարկի հիմնական գումարից առհանված եւ չվճարված գումարներից։

Վարկի գումարը ենթակա է մարման կիսամյակային մուծումներով՝ սկսած 2014 թվականի նոյեմբերից մինչեւ 2044թ. մայիսի 1-ը։

6. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ծրագիրն իրականացնել պատշաճ ջանասիրությամբ եւ արդյունավետությամբ՝ պահպանելով վարչական, ֆինանսական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան պահանջները եւ սեղմ ժամկետներում, եթե անհրաժեշտ է, տրամադրել միջոցներ, գրասենյակներ, ծառայություններ եւ այլ ռեսուրսներ, որոնք պահանջվում են Ծրագրի համար։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաեւ վարել ֆինանսական կառավարման համակարգ, ներառյալ գրառումներն ու հաշիվները, եւ պատրաստել Ընկերակցության համար ընդունելի՝ հետեւողականորեն կիրառելի ֆինանսական հաշվետվություններ, որոնք ճշգրտորեն կարտացոլեն Ծրագրի աշխատանքները, ռեսուրսները եւ ծախսերը, ինչպես նաեւ Ընկերակցությանը ներկայացնել Ընկերակցությանը բավարարող ձեւով եւ բովանդակությամբ ֆինանսական մոնիտորինգի հաշվետվություն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2004 թվականի հուլիսի 30-ին Երեւանում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19 հոկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 524

print page Տպել էջը