ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 5 նոյեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Աշխատանքի վիճակագրության մասին 1985 թվականի հունիսի 25-ին Ժնեւում ընդունված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Աշխատանքի վիճակագրության մասին կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1985թ. հունիսի 25-ին՝ Ժնեւում։

Կոնվենցիայի նպատակը Աշխատավարձի եւ աշխատաժամանակի վիճակագրության մասին 1938թ. կոնվենցիայի վերանայումն է։

Կոնվենցիան պարտավորություններ է առաջացնում բացառապես Կազմակերպության անդամների համար։

2. Կոնվենցիայով Կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կանոնավոր կերպով հավաքել, մշակել եւ հրապարակել աշխատանքի մասին հիմնական վիճակագրական տվյալներ։ Կոնվենցիայի 1-ին հոդվածը սահմանում է այն ոլորտները, որոնք կարող են ներառվել վիճակագրական տվյալներում։

3. Կոնվենցիան Կազմակերպության անդամներին հնարավորություն է ընձեռում պարտավորություններ ստանձնել կոնվենցիայի 2-րդ բաժնում ամրագրված մեկ կամ մի քանի ոլորտներին վերաբերող վիճակագրական տվյալներ հավաքելու, մշակելու եւ հրապարակելու կապակցությամբ։ Ընդ որում, Կազմակերպության անդամը կարող է հետագայում ընդլայնել այն ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ հավաքելու, մշակելու եւ հրապարակելու իր պարտավորությունների շրջանակը, որոնց կապակցությամբ նա սկզբնապես պարտավորություն չի ստանձնել։

Հայաստանի Հանրապետությունն օգտվելով կոնվենցիայով ընձեռված հնարավորությունից՝ կոնվենցիան վավերացնում է հայտարարությամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը վիճակագրական տվյալներ հավաքելու, մշակելու եւ հրապարակելու պարտավորություն է ստանձնում միայն կոնվենցիայի 7, 12 եւ 13 հոդվածներով նախատեսված ոլորտների, այն է՝ տնտեսապես ակտիվ բնակչության, զբաղվածության, գործազրկության, սպառողական ապրանքների գների ցուցիչների, տնային տնտեսությունների վարման եւ ընտանիքների ծախսերի կապակցությամբ։

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաեւ առաջին իսկ հնարավորության դեպքում Աշխատանքի միջազգային բյուրո ուղարկել հրապարակված վիճակագրական տվյալներ, որոնք նախապատրաստվել են ի կատարումն կոնվենցիայի, եւ դրանց հրապարակմանը վերաբերող տեղեկություն։

Առաջին իսկ հնարավորության դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է Աշխատանքի միջազգային բյուրո ուղարկեն նաեւ կոնվենցիայով նախատեսված վիճակագրական տվյալների հավաքման եւ մշակման ժամանակ օգտագործվող աղբյուրների, հասկացությունների, սահմանումների եւ մեթոդաբանության մանրամասն նկարագրությունները, որոնք ենթակա են թարմացման եւ հրապարակման ազգային իրավասու մարմնի կողմից։

5. Կոնվենցիան չի պարտադրում Կազմակերպության անդամներին հրապարակել կամ բացահայտել տվյալներ, որոնք կարող են հանգեցնել ցանկացած կերպով այնպիսի առանձին վիճակագրական միավորներին վերաբերող տեղեկատվության բացահայտմանը, ինչպիսիք են անձը, տնային տնտեսությունը, հիմնարկը կամ ձեռնարկությունը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Աշխատանքի վիճակագրության մասին 1985 թվականի հունիսի 25-ին Ժնեւում ընդունված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

5 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 526

print page Տպել էջը