ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1976 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՌԱԿՈՂՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 5 նոյեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1976 թվականի հունիսի 21-ին Ժնեւում ընդունված՝ Աշխատանքի միջազգային նորմերի կատարմանն աջակցելու համար եռակողմ խորհրդակցությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1976թ. հունիսի 21-ին՝ Ժնեւում։ Կոնվենցիայի նպատակն է աշխատանքի միջազգային նորմերի կիրառմանն աջակցելու համար եռակողմ մեխանիզմի ստեղծումը։

Կոնվենցիան հիմնվում է «Միավորման ազատության եւ կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին» 1948թ. կոնվենցիայի, «Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու եւ վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին» 1949թ. կոնվենցիայի եւ «Արդյունաբերական ու ազգային մակարդակներով խորհրդակցությունների մասին» 1960թ. կոնվենցիայի վրա։

2. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կիրառել այնպիսի ընթացակարգեր, որոնք կապահովեն կառավարության, գործատուների եւ աշխատավորների միջեւ արդյունավետ խորհրդակցություններ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության գործունեությանը վերաբերող՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված հարցերով։ Գործատուները եւ աշխատավորները պետք է հավասարապես ներկայացված լինեն այն մարմիններում, որոնց միջոցով իրականացվում են այդ խորհրդակցությունները։

Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի վարչական ապահովման համար պատասխանատվությունը կրում է Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը։ Իրավասու մարմինը, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է զեկույց՝ կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի իրականացման վերաբերյալ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1976թ. հունիսի 21-ին Ժնեւում ընդունված՝ Աշխատանքի միջազգային նորմերի կատարմանն աջակցելու համար եռակողմ խորհրդակցությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

5 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 528

print page Տպել էջը