ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ՝ ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 23 նոյեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից՝ Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող՝ 2000 թվականի մայիսի 25-ին Նյու Յորքում ընդունված կամընտիր արձանագրությունում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2000թ. մայիսի 25-ին՝ Նյու Յորքում։

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2002թ. փետրվարի 12-ին։

Արձանագրությունը բացվել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մասնակից կամ կոնվենցիան ստորագրած ցանկացած պետության ստորագրման, ինչպես նաեւ ցանկացած այլ պետության միանալու համար։

Հայաստանի Հանրապետությունը, որպես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մասնակից պետություն (Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է 1992թ. հուլիսի 1-ին), արձանագրությունն ստորագրել է 2003թ. սեպտեմբերի 24-ին՝ Նյու Յորքում։

Արձանագրության նպատակը զինված հակամարտություններին երեխաների մասնակցությունն արգելելն է։

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս մյուս մասնակից պետությունների, մասնավորապես ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

- ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու համար, որ ՀՀ զինված ուժերի՝ 18 տարեկան չդարձած զինծառայողներն ուղղակիորեն չմասնակցեն ռազմական գործողություններին,

- ապահովել, որ 18 տարեկան չդարձած անձինք ենթակա չլինեն պարտադիր զորակոչի ՀՀ զինված ուժերում,

- «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 38 հոդվածի 3-րդ կետում նշված տարիքի համեմատ բարձրացնել ՀՀ զինված ուժերում անձանց կամավոր զորակոչի նվազագույն տարիքը՝ հաշվի առնելով այդ հոդվածում պարունակվող սկզբունքները եւ ընդունելով, որ 18 տարին չլրացած անձինք, կոնվենցիային համապատասխան, հատուկ պաշտպանության իրավունք ունեն,

- արգելել Հայաստանի Հանրապետության զինված ուժերից տարբեր այլ զինված խմբերի կողմից բոլոր պարագաներում 18 տարեկան չդարձած անձանց հավաքագրումը կամ զինված գործողություններում օգտագործումը, նաեւ նախատեսել այդպիսի հավաքագրման եւ օգտագործման համար քրեական պատասխանատվություն սահմանող «անհրաժեշտ իրավական միջոցների ընդունում»,

- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ իրավական, վարչական եւ այլ միջոցներն արձանագրության դրույթների արդյունավետ կիրառումն ու իրագործումն ապահովելու համար։ Մեծահասակների եւ երեխաների շրջանում համապատասխան միջոցներով ապահովել արձանագրության դրույթների եւ սկզբունքների լայնորեն տարածումն ու քարոզումը։ Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար, որ ՀՀ իրավասության ներքո գտնվող անձինք, ովքեր, հակառակ քննության առարկա արձանագրության, հավաքագրված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում, զորացրվեն կամ այլ ձեւով ազատվեն զինվորական ծառայությունից։ Անհրաժեշտության դեպքում այդ անձանց ցուցաբերել պատշաճ օգնություն նրանց ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի վերականգնման, ինչպես նաեւ նրանց սոցիալական վերաինտեգրման նպատակով,

- Հայաստանի Հանրապետության համար արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացնել արձանագրության դրույթների, ներառյալ մասնակցությանը եւ զորակոչին վերաբերող դրույթների իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետության ձեռնարկած միջոցների մասին համապարփակ տեղեկատվություն պարունակող զեկույց։

3. Համաձայն արձանագրության 3-րդ հոդվածի 2-րդ կետի՝ արձանագրությունը վավերացնող պետությունը ներկայացնելու է պարտադիր հայտարարություն՝ նշելով կամավոր զորակոչի ենթակա անձանց նվազագույն տարիքը եւ այն երաշխիքները, որով բացառվելու է այդպիսի զորակոչի բռնի կամ հարկադիր բնույթը:

4. Արձանագրությամբ առաջադրված խնդիրներն ու ՀՀ ստանձնած պարտավորությունները գտնվում են Սահմանադրության 32 հոդվածի շրջանակում, որով ամրագրված է հասարակության եւ պետության պարտավորությունը մանկության հովանավորման եւ պաշտպանության ոլորտում:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից՝ Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող՝ 2000 թվականի մայիսի 25-ին Նյու Յորքում ընդունված կամընտիր արձանագրությունում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 532

print page Տպել էջը