ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ» 3999 AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 6 դեկտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի նոյեմբերի 19-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Աղքատության կրճատման աջակցության վարկ» 3999 AM զարգացման վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2004 թվականի նոյեմբերի 19-ին Երեւանում ստորագրված զարգացման վարկի համաձայնագիրը նպատակ ունի ֆինանսավորելու Հայաստանի Հանրապետության տարածքում աղքատության վերացմանն ուղղված՝ կառավարության պլանավորված գործողությունների ծրագիրը:

2. Համաձայնագրի կնքմանը նախորդել է Միջազգային զարգացման ընկերակցության հավանությանն արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կողմից մակրոտնտեսական քաղաքականության, ինչպես նաեւ համաձայնագրի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ ժամանակացույցում նկարագրված միջոցառումների իրականացումը:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է կազմում նաեւ 1-ին ժամանակացույցը, որում սահմանված են վարկային միջոցների ծախսը բացառող պայմանները:

3. Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում վարկ՝ տասներեք միլիոն յոթ հարյուր հազար (13.700.000) փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարով՝ սկսած 2015 թվականից մինչեւ 2044 թվականը մարման ժամկետով, պարտավորության վճարի եւ ծառայությունների վարձի վճարման պայմաններով, որոնք մանրամասնված են համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.04, 2.05 եւ 2.06 բաժիններում:

Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված են վարկի մարման այլ մանրամասներ:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- պատշաճ ջանասիրությամբ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը վերացնելու համար պլանավորված գործողությունների ծրագիրը,

- պարբերաբար կարծիքներ փոխանակել Միջազգային զարգացման ընկերակցության հետ՝ աղքատության վերացման ծրագրի կատարման վերաբերյալ եւ ներկայացնել հաշվետվություններ,

- Միջազգային զարգացման ընկերակցության խնդրանքով, միասնականորեն կիրառվող սկզբունքներին համապատասխան, վարկի դեպոզիտային հաշիվը ենթարկել աուդիտի՝ ներկայացնելով աուդիտորների հաշվետվության վավերացված պատճենը,

- Միջազգային զարգացման ընկերակցությանը տրամադրել ավանդային հաշվի եւ դրա աուդիտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի դրույթներին, քանի որ լրացուցիչ միջոցներ են ապահովում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսապայմանների բարելավման ուղղությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004 թվականի նոյեմբերի 19-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Աղքատության կրճատման աջակցության վարկ» 3999 AM զարգացման վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 538

print page Տպել էջը