ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԻՐԱՔԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԲԱԶՄԱԶԳ ԴԻՎԻԶԻԱՅԻ (ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՐԱՎ) (ԲԱԴ Կ-Հ) ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՆՄԱՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 8 դեկտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (կենտրոնական հարավ) (ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (կենտրոնական հարավ) (ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին փոխըմբռնման հուշագիրը (այսուհետեւ՝ Փոխըմբռնման հուշագիր) ստորագրվել է մի կողմից՝ Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության, Դանիայի Թագավորության պաշտպանության նախարարության, Դոմինիկյան Հանրապետության զինված ուժերի քարտուղարի, Ֆիլիպինների ազգային պաշտպանության դեպարտամենտի, Հոնդուրասի Հանրապետության պաշտպանության քարտուղարի, Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության, Մոնղոլիայի պաշտպանության նախարարության, Նիդեռլանդների Թագավորության պաշտպանության նախարարի, Նիկարագուայի պաշտպանության նախարարության, Նորվեգիայի Թագավորության պաշտպանության նախարարության, Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության, Էլ Սալվադորի Հանրապետության, Սլովակիայի Հանրապետության, Իսպանիայի Թագավորության, Թաիլանդի Թագավորության, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների, մյուս կողմից՝ բազմազգ դիվիզիայի ղեկավար պետություն հանդիսացող Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջեւ։

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է Մասնակիցների կողմից իրենց առաքելության իրականացման եւ բազմազգ դիվիզիայի ձեւավորման հետ կապված հարցերի կարգավորումը, Մասնակիցների պարտավորությունների, հիմնական սկզբունքների եւ ընթացակարգերի սահմանումը։

Հուշագիրն ուժի մեջ է մտել 2004թ. հուլիսի 24-ին։

Փոխըմբռնման հուշագրի համար իրավական հիմք է հանդիսանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2003թ. մայիսի 22-ի 1483 բանաձեւը, որով Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է անում աջակցել Իրաքում կայունության եւ անվտանգության հաստատմանը, հնարավորության դեպքում Իրաքի բնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն եւ Իրաքի տնտեսական ենթակառուցվածքների վերականգնմանը նպատակաուղղված միջոցներ։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ որպես իրավասու գերատեսչություն, «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի պահանջներին համապատասխան՝ 2004թ. հունիսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությանն է ներկայացրել Փոխըմբռնման հուշագրին Հայաստանի Հանրապետության միանալու առաջարկություն՝ այդ պայմանագրին միանալու նպատակահարմարության հիմնավորմամբ։ ՀՀ ԱԳՆ-ն, իր դրական եզրակացությամբ, նույն օրենքի 22 հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով, 2004թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարության համաձայնեցմանն է ներկայացրել Փոխըմբռնման հուշագրին Հայաստանի Հանրապետության միանալու՝ ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկությունը։ ՀՀ կառավարությունը նշված առաջարկությանը համաձայնություն է տվել իր՝ «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (կենտրոնական հարավ) (ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» Փոխըմբռնման հուշագրին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միանալու առաջարկությանը համաձայնություն տալու մասին» 2004թ. հուլիսի 29-ի թիվ 1087-Ա որոշմամբ։ Կառավարության այս որոշումը Հանրապետության Նախագահի կողմից վավերացվել է 2004թ. օգոստոսի 9-ին։

3. Բազմազգ դիվիզիայի առաքելությունն է Իրաքում կայունության եւ անվտանգության պահպանմանը նպաստելու նպատակով անձնակազմ, սարքավորումներ եւ այլ ռեսուրսներ տրամադրելը։

Բազմազգ դիվիզիայի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է Լեհաստանի Հանրապետությունը։ Մասնակից պետության կողմից բազմազգ դիվիզիային տրամադրված անձնակազմի (այսուհետեւ՝ ազգային կոնտինգենտ) հրամանատարությունն իրականացնում է տվյալ ազգային կոնտինգենտի հրամանատարը։

Իրաքում տեղակայված բազմազգ դիվիզիայի անդամները գտնվում են իրենց ուղարկող պետության իրավազորության ներքո եւ անձեռնմխելի են տեղական քրեական, քաղաքացիական եւ վարչական իրավազորությունից, ձերբակալությունից եւ կալանավորումից։

4. Փոխըմբռնման հուշագրով Մասնակից պետությունները պարտավորվում են տրամադրել ռազմական ուժեր եւ կարողություններ։ Յուրաքանչյուր Մասնակից պետություն պատասխանատու է իր ազգային կոնտինգենտի թիկունքային օժանդակության եւ բժշկական օգնություն տրամադրելու համար։ Ընդհանուր կանոնի համաձայն՝ յուրաքանչյուր Մասնակից ինքն է պատասխանատու իր տրամադրած ուժերի մասնակցությունը եւ բազմազգ դիվիզիայի կազմից դրանց դուրսբերումը ֆինանսավորելու համար։

Մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Փոխըմբռնման հուշագրի համաձայն տրամադրված կամ ձեռք բերված գաղտնի տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար։

Փոխըմբռնման հուշագրով, ի տարբերություն մյուս Մասնակիցների, որոշակի լրացուցիչ պարտավորություններ են նախատեսվում բացառապես Լեհաստանի Հանրապետության համար՝ որպես բազմազգ դիվիզիայի ղեկավար պետություն։

5. Մասնակցիներն ազատ են կիրառելու սահմանափակումներ իրենց կոնտինգենտի ազգային մանդատի նկատմամբ։ Համաձայն Փոխըմբռնման հուշագրի 20.2 կետի՝ Մասնակիցները պետք է բազմազգ դիվիզիայի հրամանատարին գրավոր տեղեկացնեն այն ազգային սահմանափակումների եւ նախազգուշացումների մասին, որոնք վերաբերում են ՈՒժի կիրառման կանոններին եւ իրենց ազգային կոնտինգենտի ազգային մանդատին։

Ըստ սահմանադրական դատարանում ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի պարզաբանման՝ Հայաստանի Հանրապետության կոնտինգենտի մասնակցությունը նախատեսվում է բացառապես կամավորության հիման վրա՝ սահմանափակվելով ականազերծման, փոխադրումների եւ բժշկական սպասարկման աշխատանքներով։

6. Փոխըմբռնման հուշագրի կամ դրա հավելվածների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը պետք է կողմերը լուծեն անմիջապես՝ առանց որեւէ ազգային կամ միջազգային դատարանի մասնակցության, ինչպես նաեւ երրորդ կողմի ներգրավման։

7. Հուշագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում երեք հավելվածները՝ Հավելված Ա. Կայունացման ուժերի ԲԱԴ (Կ-Հ) առաքելության հայտարարագիր, Հավելված Բ. Ֆինանսական կարգավորումներ, Հավելված Գ. Կոալիցիոն ժամանակավոր կառավարության թիվ 17 հրաման՝ «Կոալիցիայի, օտարերկրյա փոխգործողության առաքելությունների, դրանց անձնակազմերի եւ պայմանագրային աշխատողների կարգավիճակի մասին»։

8. Հուշագրի 3.3 կետով նախատեսվում է ոչ միայն ազգային սահմանադրությունների, այլեւ ազգային ողջ օրենսդրության գերակայությունը տվյալ փոխհարաբերություններում։ Այդ կետով սահմանվում է. «Սույն ՓՀ-ն պետք է համապատասխանի ազգային օրենսդրություններին եւ միջազգային իրավունքին եւ չպետք է հակասի Մասնակիցների միջեւ առկա երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրերին։ Նման հակասության ի հայտ գալու դեպքում Մասնակիցները կտեղեկացնեն միմյանց, եւ կգերակայեն ազգային օրենսդրությունը, միջազգային իրավունքը կամ գոյություն ունեցող պայմանագիրը»։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (կենտրոնական հարավ) (ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 539

print page Տպել էջը