ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 14 դեկտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ անձանց միջազգային դատարաններ փոխանցելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ ստորագրվել է 2004թ. հոկտեմբերի 16-ին Երեւանում՝ համաձայնագրով նախատեսված անձանց փոխանցումը միջազգային դատարաններին բացառելու նպատակով։

2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար պարտավորվում են միմյանց քաղաքացիներին, կառավարության ներկա կամ նախկին պաշտոնատար անձանց, զինվորական կամ քրեական իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից օգտվող կամ ամեն դեպքում իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց չհանձնել կամ որեւէ եղանակով չփոխանցել որեւէ միջազգային դատարան։ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաեւ նշված անձանց չհանձնել կամ որեւէ եղանակով չփոխանցել որեւէ այլ մարմնի կամ երրորդ պետության կամ վտարել երրորդ պետություն՝ որեւէ միջազգային դատարան հանձնելու կամ փոխանցելու համար։

Պայմանավորվող կողմերը վերոհիշյալ անձանց երրորդ պետության հանձնելու կամ փոխանցելու դեպքում չպետք է համաձայնեն, որ այդ անձը երրորդ պետության կողմից հանձնվի կամ փոխանցվի որեւէ միջազգային դատարան՝ առանց միմյանց համաձայնության։

Նշված պարտավորությունները չեն գործում, եթե տվյալ միջազգային դատարանը հիմնվել կամ լիազորվել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից։

3. Համաձայնագիրը կնքվում է մեկամյա ժամկետով։ Միաժամանակ, համաձայնագրի դրույթները կշարունակեն գործել մինչեւ մի Կողմը կծանուցի մյուս Կողմին համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ անձանց միջազգային դատարաններ փոխանցելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 544

print page Տպել էջը