ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 11 հունվարի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանադայի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիայի նպատակը Կողմերի ռեզիդենտների եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու միջոցով երկու պետությունների միջեւ տնտեսական, գիտական, տեխնիկական եւ մշակութային հարաբերությունները զարգացնելն է:

Գույքի եւ եկամուտների կրկնակի հարկումը կանխելու ընթացակարգը սահմանված է կոնվենցիայի 23 հոդվածում, ընդ որում, Կողմերի ռեզիդենտների նկատմամբ այն իրականացվում է անխտրականության սկզբունքով:

2. Կոնվենցիայի շրջանակներում կիրառման ենթակա հարկատեսակները, ինչպես նաեւ հարկվող սուբյեկտները սահմանված են 2 եւ 4 հոդվածներում: Կոնվենցիան կիրառելի չէ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հաստատությունների անդամների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, դրանց մարմինների, պաշտոնատար անձանց նկատմամբ: Կոնվենցիայի կիրառման այլ սահմանափակումները նախատեսված են 28 հոդվածում:

3. Կոնվենցիայի մի շարք հոդվածներում սահմանված են հարկման հետեւյալ օբյեկտները.

- անշարժ գույքից ստացված եկամուտը, ինչպես նաեւ գույքի արժեքի հավելաճը,

- ձեռնարկատիրական գործունեությունից, ինչպես նաեւ փոխկապակցված ձեռնարկություններից ստացված շահույթը,

- միջազգային փոխադրումներից՝ նավերի կամ օդանավերի շահագործման արդյունքում, ստացված շահույթը,

- շահաբաժինները, տոկոսները, ռոյալթին,

- անկախ եւ կախյալ անհատական ծառայությունները, ռեզիդենտ հանդիսացող ընկերությունների տնօրենների հոնորարները,

- արտիստների եւ մարզիկների գործունեությունից ստացված եկամուտը,

- կենսաթոշակները, պետական ծառայության դիմաց վճարված աշխատավարձը,

- ուսանողին կամ ստաժորին տրված վճարումները, ինչպես նաեւ այլ եկամուտներ՝ 20 եւ 21 հոդվածներում սահմանված կարգով:

4. Բացի կոնվենցիայի կիրառումն ապահովող վերոհիշյալ հիմնական պարտավորություններից, Հայաստանի Հանրապետությունը նաեւ պարտավորվում է.

- մյուս Կողմի ռեզիդենտ հանդիսացող կամ մինչեւ Հայաստանի Հանրապետություն ժամանելը մյուս Կողմի ռեզիդենտ հանդիսացած ուսանողին կամ ստաժորին ազատել ապրելու, ուսանելու, մասնագիտանալու համար ստացած վճարումների հարկումից (20 հոդված),

- կրկնակի հարկումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի՝ մյուս Կողմում հարկվող եկամուտ ստանալիս թույլատրել այդ եկամտի կամ գույքի հարկի նվազեցում մյուս Կողմում վճարված հարկին հավասար գումարի չափով (23 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետ),

- կոնվենցիայի 26 հոդվածում նախատեսված պայմաններին համապատասխան մյուս Կողմի իրավասու մարմիններին ապահովել այնպիսի տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է կոնվենցիայի եւ դրանում ընդգրկված հարկերի վերաբերյալ ներպետական օրենսդրության նորմերի կիրառման համար:

5. Կոնվենցիայում նախատեսված են Կողմերի պարտականությունների համաձայնեցված կատարման առնչությամբ ծագած խնդիրների լուծման, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու եւ գործողությունը դադարեցնելու ընթացակարգեր (25, 29 եւ 30 հոդվածներ):

6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 4, 8, 9 հոդվածների դրույթներին, քանի որ կոչված են Կողմերի միջեւ զարգացնելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ինչպես նաեւ ստեղծելու բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանադայի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

11 հունվարի 2005 թվականի

ՍԴՈ - 548

print page Տպել էջը