ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 14 հունվարի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Միավորման ազատության եւ կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1948թ. հունիսի 17-ին՝ միավորման ազատությունը եւ կազմակերպելու իրավունքն ապահովելու նպատակով։

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1954թ. հուլիսի 4-ին։

Կոնվենցիան հիմնվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության նախաբանում հռչակված՝ միավորման ազատության սկզբունքի վրա։

2. Կոնվենցիայով Պայմանավորվող պետությունները պարտավորվում են ապահովել.

- աշխատողների եւ գործատուների՝ իրենց ընտրությամբ կազմակերպություններ ստեղծելու եւ այդ կազմակերպություններին անդամակցելու իրավունքը,

- աշխատողների եւ գործատուների կազմակերպությունների՝ իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը մշակելու, իրենց ներկայացուցիչներին ազատորեն ընտրելու եւ իրենց ծրագրերը կազմելու իրավունքը,

- աշխատողների եւ գործատուների կազմակերպությունների՝ դաշնություններ եւ համադաշնություններ ստեղծելու իրավունքը։

Պայմանավորվող պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ աշխատողների եւ գործատուների կազմակերպելու իրավունքի ազատ իրականացումը երաշխավորելու նպատակով։

3. Կոնվենցիան արգելում է աշխատողների եւ գործատուների կազմակերպությունների լուծարումը կամ ժամանակավորապես արգելումը վարչական մարմնի կողմից։

Զինված ուժերի եւ ոստիկանության նկատմամբ կոնվենցիայով նախատեսված երաշխիքների կիրառելիությունը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ որոշում է իր ներպետական օրենսդրությամբ։

4. Կոնվենցիան լրացուցիչ իրավական երաշխիքներ է ստեղծում ՀՀ Սահմանադրության 25 հոդվածում ամրագրված՝ միավորման ազատության իրացման համար։ Կոնվենցիայի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության ստանձնած այլ միջազգային պարտավորություններին, մասնավորապես, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11 հոդվածի եւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին 1966թ. միջազգային դաշնագրի 22 հոդվածի պահանջներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Միավորման ազատության եւ կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 հունվարի 2005 թվականի
ՍԴՈ - 550

print page Տպել էջը