ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 29 ապրիլի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի փետրվարի 25-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Տեխնիկական աջակցության մասին» շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Տեխնիկական աջակցության շրջանակային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի (այսուհետեւ՝ Բանկ) միջեւ ստորագրվել է 2005թ. փետրվարի 25-ին՝ Բանկի կողմից ՀՀ կառավարությանը տեխնիկական աջակցության տրամադրման ընդհանուր պայմաններ սահմանելու նպատակով։

2. Յուրաքանչյուր դեպքում տեխնիկական աջակցությունը տրամադրվում է քննության առարկա համաձայնագրով սահմանված ընդհանուր պայմաններին, ինչպես նաեւ Բանկի եւ ՀՀ կառավարության միջեւ փոխանակվող նամակով սահմանված հատուկ պայմաններին համապատասխան։

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տեխնիկական աջակցությունը Բանկի կողմից տրամադրվում է միայն ի պատասխան ՀՀ կառավարության կողմից ներկայացված եւ Բանկի կողմից հաստատված խնդրանքի։

Տեխնիկական աջակցությունն իրականացվում է խորհրդատուների կողմից, որոնց ֆինանսավորումն իրականացնում է Բանկը։

Հայկական կողմը պարտավորվում է տեխնիկական աջակցության իրականացման ընթացքում խորհրդատուներին ապահովել համապատասխան տեղական փոխարինողներով՝ խորհրդատուներին աջակցելու եւ նրանց հետ համագործակցելու նպատակով։

Հայկական կողմը կֆինանսավորի յուրաքանչյուր տեխնիկական աջակցության այն հատվածը եւ կկատարի այնպիսի լրացուցիչ պարտավորություններ, որոնք կնախատեսվեն տվյալ տեխնիկական աջակցության նամակով։

4. Քննության առարկա համաձայնագրի հավելվածը սահմանում է տեխնիկական աջակցության տրամադրման ընդհանուր պայմանները։ Ընդհանուր պայմանների համաձայն՝ տեխնիկական աջակցություն իրականացնող խորհրդատուներին տրամադրվում են այն արտոնություններն ու անձեռնմխելիությունները, որոնք Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագրին համապատասխան տրամադրվում է փորձագետներին։ Չսահմանափակվելով ընդհանուր պայմաններով՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաեւ.

- ճանաչել խորհրդատուների անձեռնմխելիությունն իրավական գործընթացից՝ տեխնիկական աջակցության առնչությամբ խորհրդատուների կողմից իրենց իրավասության սահմաններում կատարվող բոլոր գործողությունների կապակցությամբ,

- ազատել խորհրդատուներին եւ նրանց ընտանիքները (եթե նրանք ՀՀ քաղաքացիներ չեն) ներգաղթային սահմանափակումներից, օտարերկրացիների գրանցման պահանջներից եւ ՀՀ ազգային ծառայության պարտավորությունից,

- թույլատրել խորհրդատուներին Հայաստանի Հանրապետություն բերել տարադրամի ողջամիտ քանակ տեխնիկական աջակցության նպատակների կամ իրենց անձնական օգտագործման համար եւ դուրս բերել Հայաստանի Հանրապետությունից տարադրամի նույն չափով գումար՝ տեխնիկական աջակցության հետ կապված ՀՀ-ում իրենց վաստակած գումարի հետ մեկտեղ,

- տրամադրել խորհրդատուներին եւ նրանց ընտանիքներին մուտքի եւ ելքի վիզաներ, բնակվելու թույլտվություններ, աշխատանքի թույլտվություններ, տարադրամի փոխանակման թույլտվություններ եւ ճանապարհորդական փաստաթղթեր, որոնք պահանջվում են Հայաստանի Հանրապետությունում նրանց գտնվելու ընթացքում,

- մաքսատուրքերից ազատել յուրաքանչյուր տեխնիկական աջակցության համար պահանջվող ցանկացած սարքավորում, նյութ կամ պաշար,

- ազատել խորհրդատուներին բոլոր հարկերից, տուրքերից, վճարներից կամ այլ գանձումներից՝ կապված տեխնիկական աջակցության իրականացման առնչությամբ խորհրդատուին տրվող վարձատրության, ՀՀ տարածք որեւէ սարքավորման, փոխադրամիջոցի, նյութի կամ այլ առարկայի ներմուծման հետ։

Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է բոլոր այն հայցերի համար, որոնք ծագում են տեխնիկական աջակցությունից կամ դրա արդյունք են, որոնք երրորդ անձինք կարող են հարուցել ընդդեմ Բանկի կամ խորհրդատուների։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005թ. փետրվարի 25-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Տեխնիկական աջակցության մասին» շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 ապրիլի 2005 թվականի
ՍԴՈ - 561

print page Տպել էջը