ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1981 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՕԴԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 17 մայիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված՝ Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1981թ. փետրվարի 12-ին Բրյուսելում՝ օդային երթուղիների սպասարկման վճարների գանձման միասնական եվրոպական համակարգ ստեղծելու նպատակով։ Այն փոխարինում է 1970թ. սեպտեմբերի 8-ի «Օդային երթուղիների սպասարկման վճարների գանձման մասին» բազմակողմ համաձայնագրին։

2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը համաձայնում են ստեղծել օդային երթուղիների սպասարկման վճարների սահմանման եւ գանձման միասնական համակարգ եւ այն գործարկելու համար օգտվել «Եվրակոնտրոլի» ծառայություններից։

Օդային երթուղիների սպասարկման վճարները գանձում է «Եվրակոնտրոլը»։ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները պետք է համագործակցեն «Եվրակոնտրոլի» հետ՝ օդային երթուղիների սպասարկման վճարների սահմանման եւ գանձման հարցում։

3. Համաձայնագրով ընդլայնվում են «Եվրակոնտրոլի» Մշտական հանձնաժողովը եւ նրա կառավարման կոմիտեն՝ ընդգրկելով «Եվրակոնտրոլի» անդամ չհանդիսացող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչներին։ Ընդլայնված Հանձնաժողովը ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ ուղղված օդային երթուղիների սպասարկման վճարների սահմանման եւ գանձման միասնական համակարգի ստեղծմանը։

Համաձայնագիրը սահմանում է օդային երթուղիների սպասարկման վճարների գանձման կարգը, ինչպես նաեւ չվճարման դեպքում՝ դատական կարգով այդ վճարների փոխհատուցման կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1981թ. փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված՝ Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

17 մայիսի 2005 թվականի
ՍԴՈ - 570

print page Տպել էջը