ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 հուլիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի փետրվարի 23-ին Վիեննայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի (այսուհետեւ՝ Հիմնադրամ) միջեւ ստորագրվել է 2005թ. փետրվարի 23-ին՝ Վիեննայում։ Համաձայնագրի նպատակն է սահմանել ներդրումների հստակ պայմաններ, ինչը կնպաստի տնտեսական միջոցների արդյունավետ օգտագործմանը եւ կենսապայմանների բարելավմանը։

2. Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Հյուրընկալող պետություն, Հիմնադրամի կողմից իր տարածքում կատարվող ներդրումներին տրամադրում է առավելագույն բարենպաստման ռեժիմ։ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Հիմնադրամի ներդրումների նկատմամբ ցուցաբերել արդարացի եւ անաչառ վերաբերմունք, ապահովել դրանց լիարժեք պաշտպանվածությունն ու անվտանգությունը։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաեւ Հիմնադրամը, նրա ակտիվները, գույքը, գործառնությունները, նրա պաշտոնյաներին, գործակալներին եւ այլ ներկայացուցիչների ազատել շահաբաժիններից կամ վճարումներից կամ փոխանցումներից ՀՀ տարածքում գանձման ենթակա հարկերից։ Այս արտոնությունը, սակայն, չի վերաբերում ՀՀ քաղաքացիներին եւ ՀՀ տարածքում բնակվող երրորդ անձանց։

3. Համաձայնագրի 4-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետությունում Հիմնադրամի կատարած ներդրումների հարկադիր օտարումը կամ ազգայնացումը թույլատրում է միայն հանրության կարիքի համար, առանց խտրական վերաբերմունքի, նախնական, արագ եւ համարժեք փոխհատուցմամբ եւ օրենքով սահմանված կարգին համապատասխան։ Համաձայնագրի այս հոդվածում ամրագրված դրույթները բավարարում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ սեփականության հարկադիր օտարմանը ներկայացվող պահանջները։

4. Ըստ քննության առարկա համաձայնագրի՝ եթե ՀՀ ներպետական օրենսդրությունը եւ ՀՀ ստանձնած այլ միջազգային պարտավորությունները նախատեսում են ներդրումների համար ավելի բարենպաստ պայմաններ, ապա գործում են այդ օրենսդրության դրույթները եւ համապատասխան միջազգային պարտավորությունները։

Համաձայնագիրը նախատեսում է դրա մեկնաբանման եւ կիրառման հետ կապված վեճերն արբիտրաժի միջոցով լուծելու կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005 թվականի փետրվարի 23-ին Վիեննայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 հուլիսի 2005 թվականի
ՍԴՈ - 590

print page Տպել էջը