ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ԿԱԶՄՎԱԾ՝ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1954 ԹՎԱԿԱՆԻ ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 հուլիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի մարտի 26-ին Հաագայում կազմված՝ Զինված կոնֆլիկտների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով Երկրորդ արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն Երկրորդ արձանագրությունը կազմվել է 1999 թ. մարտի 26-ին՝ Հաագայում։ Այն բաց է միանալու համար 2000 թվականի հունվարի 1-ից։ Երկրորդ արձանագրությունն ուժի մեջ է 2004 թվականի մարտի 9-ից։

Երկրորդ արձանագրությունը լրացնում է Զինված կոնֆլիկտների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի մայիսի 14-ի Հաագայի կոնվենցիան եւ որի նպատակն է համաշխարհային ժառանգություն հանդիսացող մշակութային արժեքների պաշտպանության ուժեղացված համակարգի ստեղծումը։

Հաագայի կոնվենցիային եւ արձանագրությանը (առաջին) Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականի հունիսի 22-ին։

2. Երկրորդ արձանագրությունը նախատեսում է մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության տրամադրման ընթացակարգը, այդպիսի պաշտպանության կասեցման եւ դադարման հիմքերն ու կարգը, մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող այն գործողությունները, որոնք պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ, տվյալ հանցագործությունների նկատմամբ պետությունների՝ իրենց իրավազորությունը սահմանելու, այդպիսի հանցագործություններ կատարած անձանց հանձնելու հիմքերը եւ կարգը։

3. Երկրորդ արձանագրությունը նախատեսում է նաեւ կազմակերպել Կողմերի հանդիպումներ եւ սահմանել դրանց գործառույթները, ստեղծել Մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտե եւ Մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամ։

4. Երկրորդ արձանագրությունը չի կիրառվելու խռովությունների, առանձին եւ եզակի բռնության դեպքերի ու նման բնույթի այլ գործողությունների նկատմամբ եւ մի շարք այլ դեպքերում։

5. Երկրորդ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- միջոցներ ձեռնարկել համոզվելու համար, որ հարձակման ենթակա օբյեկտները, Կոնվենցիայի 4-րդ հոդվածին համապատասխան, պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքներ չեն, ինչպես նաեւ այդ մշակութային արժեքները պատահականորեն վնաս պատճառելուց խուսափելու եւ նվազագույնի հասցնելու համար,

- որպես հակամարտության մասնակից՝ ռազմական օբյեկտների մոտակայքից հեռացնել շարժական մշակութային արժեքները կամ ապահովել դրանց պաշտպանությունը,

- բռնազավթված տարածքներում արգելել կամ կանխել մշակութային արժեքի ցանկացած անօրինական արտահանումը, այլ տեղափոխումը կամ սեփականության իրավունքի փոխանցումը, հնագիտական պեղումները, մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձեւի փոփոխությունը,

- ապահովել ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը,

- ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Արձանագրության 15 հոդվածում նախատեսված գործողությունները քրեական հանցագործություններ ճանաչելու եւ այդպիսի հանցագործությունների համար համապատասխան պատժամիջոցներ սահմանելու համար,

- Կոնվենցիայի եւ Արձանագրության շրջանակներում հետապնդում իրականացրած անձի նկատմամբ երաշխավորել արդարացի վերաբերմունք ու արդար դատաքննություն,

- Կողմերի միջեւ փոխադարձ իրավական օգնության մասին փաստաթղթերի բացակայության դեպքում Արձանագրության 15 հոդվածում նշված հանցագործությունների առնչությամբ ցուցաբերել օգնություն՝ ներպետական օրենսդրության համաձայն,

- ընդունել այնպիսի օրենսդրական, վարչական կամ կարգապահական միջոցներ, որոնք անհրաժեշտ են մշակութային արժեքի առնչությամբ անօրինական գործողությունները կանխելու համար,

- իր զինված ուժերի կանոնադրությունում ընդգրկել մշակութային արժեքների պաշտպանությանն առնչվող ղեկավար ցուցումներն ու հրահանգները։

6. Երկրորդ արձանագրությամբ սահմանված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներին, մասնավորապես 9 եւ 11 հոդվածների դրույթներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1999 թվականի մարտի 26-ին Հաագայում կազմված՝ Զինված կոնֆլիկտների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 հուլիսի 2005 թվականի
ՍԴՈ - 591

print page Տպել էջը