ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 19 հուլիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի նոյեմբերի 22-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի միջեւ համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2004 թվականի նոյեմբերի 22-ին՝ Երեւանում, նպատակ ունենալով Հայաստանում Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակ հիմնելով՝ անմիջական պայմաններ ստեղծել, ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված իրավական փաստաթղթերին համապատասխան, հօգուտ փախստականների եւ այլ անձանց միջազգային պաշտպանության եւ մարդասիրական գործառույթներ իրականացնելու համար: Այդ գրասենյակը գործելու է տարածաշրջանային (տեղական) գրասենյակի կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ ՄԱՓԳՀ) միջեւ համագործակցությունը պետք է իրականացվի ՄԱՓԳՀ-ի կանոնադրության եւ ՄԱՓԳՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված այլ որոշումների ու բանաձեւերի հիման վրա:

3. Իր գործառույթներն իրականացնելիս ՄԱՓԳՀ-ն համագործակցելու է ինչպես կառավարական, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

4. ՀՀ կառավարությունը ՄԱՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնելու է երկկողմ այլ համաձայնագրերի հիման վրա:

5. Իր գործառույթներն իրականացնելու նպատակով ՄԱՓԳՀ-ն իրավասու է ձեւավորել անձնակազմ՝ իր հայեցողությամբ գրասենյա- կում նշանակելով պաշտոնյաներ, այլ աշխատակիցներ, որոնք կգործեն իրենց կարգավիճակը հաստատող եւ ՀՀ կառավարության կողմից տրամադրված հատուկ փաստաթղթերի հիման վրա:

ՄԱՓԳՀ-ի պաշտոնյաները կարող են այցելել Հայաստանի Հանրապետություն՝ կապված.

- միջազգային պաշտպանության եւ մարդասիրական օգնության ծրագրերի վերանայման, պատրաստման, վերահսկման եւ գնահատման հետ,

- ՄԱՓԳՀ-ի կողմից տրամադրված ապրանքների, սարքավորումների առաքման, ստացման, բաշխման կամ օգտագործման հետ,

- փախստականների հիմնախնդրի լուծման համար մշտական լուծումներ որոնելու հետ,

- որեւէ այլ հարցի հետ, որն առնչվում է համաձայնագրի կիրառմանը։

6. ՄԱՓԳՀ-ի պաշտոնյաները եւ այլ անձինք, իրենց գործառույթների շրջանակներում, օգտվելու են համաձայնագրով նախատեսված արտոնություններից եւ անձեռնմխելիությունից:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ՝ կապված ՀՀ-ում ՄԱՓԳՀ-ի անհրաժեշտ եւ արդյունավետ գործունեության ապահովման հետ, մասնավորապես.

- ՄԱՓԳՀ-ի անձնակազմին հնարավորություն ընձեռել ցանկացած ժամանակ առանց խոչընդոտի այցելել փախստականներին եւ ՄԱՓԳՀ-ին առնչվող այլ անձանց, ՄԱՓԳՀ-ի ծրագրերի իրականացման վայրեր,

- ձեռնարկել ցանկացած միջոց համաձայնագրի շրջանակներում ՄԱՓԳՀ-ի անունից ծառայություններ մատուցող անձանց գործառույթների եւ ծրագրերի արդյունավետ ու անխոչընդոտ իրականացման համար,

- օժանդակել ՄԱՓԳՀ-ի պաշտոնյաներին գրասենյակային անվճար կամ ընդունելի այլ պայմաններով համապատասխան շինություններ գտնելու գործում,

- ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները ՄԱՓԳՀ-ի անձնակազմի, գրասենյակի, շինությունների եւ սարքավորումների անվտանգությունն ապահովելու նպատակով,

- ՄԱՓԳՀ-ի սեփականության, դրամական միջոցների, գույքի պաշտոնյաների եւ գործուղված այլ անձանց նկատմամբ կիրառել Միավորված ազգերի արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին 1946թ. փետրվարի 13-ի կոնվենցիայի, ինչպես նաեւ համաձայնագրի 8, 9, 10, 11 եւ 12 հոդվածների համապատասխան դրույթները: Ընդ որում, տեղում հավաքագրված եւ ՄԱՓԳՀ-ի համար ծառայություններ մատուցող անձանց տրամադրվող արտոնությունները կապված են նրանց գործառույթների շրջանակներում արտահայտած կարծիքի կամ գրավոր խոսքի եւ կատարած գործողության հետ, իսկ ՄԱՓԳՀ-ի անունից տեղում չհավաքագրված անձանց արտոնությունները եւ անձեռնմխելիությունը նախատեսված են համաձայնագրի 12 հոդվածում:

8. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 4 հոդվածի դրույթներին, քանի որ կոչված են միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան ապահովելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004 թվականի նոյեմբերի 22-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի միջեւ համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

19 հուլիսի 2005 թվականի
ՍԴՈ - 592

print page Տպել էջը