ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1952 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՄԱՆ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 26 օգոստոսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1952 թվականի հունվարի 10-ին Ժնեւում ստորագրված՝ Երկաթուղով փոխադրվող բեռների սահմանահատման դյուրացման մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով միջազգային կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն կոնվենցիան ստորագրվել է 1952 թ. հունվարի 10-ին՝ Ժնեւում, եւ ուժի մեջ մտել 1953թ. ապրիլի 1-ին։ Այն բաց է Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող պետությունների միանալու համար (ՀՀ-ն անդամակցում է 30 հուլիսի 1993 թ.)։

Կոնվենցիայի նպատակը երկաթուղով միջազգային բեռնափոխադրումների դյուրացման եւ հատկապես սահմանահատման միասնական ընթացակարգի ձեւավորումն է։

2. Կոնվենցիայի հավելվածն է կազմում միջազգային մաքսային հայտարարագրի ստանդարտ ձեւը։

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- սահմանակից պետությունների իրավասու իշխանությունների հետ համատեղ ուսումնասիրել սահմանը հատող երկաթուղային գծի վրա սահմանին մոտ կայարան նշանակելու հնարավորությունը եւ այդ կայարանում ստեղծել այնպիսի գոտի, որում սահմանակից տարածքի պետության իրավասու մարմինների աշխատակիցներն իրավունք ունեն ստուգելու ցանկացած ուղղությամբ սահմանը հատող բեռները,

- անհրաժեշտ գործունեության համար ժամանակավորապես ներմուծվող եւ վերարտահանվող սարքավորումներն ազատել մաքսային բոլոր հարկումներից եւ գանձումներից,

- չկիրառել ներմուծումը կամ արտահանումն արգելակող կամ սահմանափակող կանոնակարգեր,

- սահմանակից պետության իրավասու մարմինների ստուգումներ իրականացնող աշխատակիցներին ազատել անձնագրային ձեւակերպումներից,

- տեղակայման կայարանի պետությունում բնակվող՝ սահմանակից պետության աշխատակիցներին երկկողմ համաձայնագրերի հիման վրա ազատել հարկերից եւ տուրքերից,

- փոխադարձաբար ճանաչել մաքսային մարմինների կնիքները,

- սահմանակից պետության սահմանային կայարանների միջեւ ստեղծել երկաթուղային ծառայության ուղիղ հեռախոսային գիծ,

- երկաթուղու, մաքսային եւ շահագրգիռ այլ մարմինների անձնակազմերի աշխատանքային ժամերը հարմարեցնել գնացքների ժամանակացույցին եւ երթեւեկության պահանջներին,

- փոստի, հեռագրատան, հեռախոսային կետերի բացման ժամերը հարմարեցնել համապատասխան մաքսային գրասենյակների աշխատանքային ժամերին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1952 թվականի հունվարի 10-ին Ժնեւում ստորագրված՝ Երկաթուղով փոխադրվող բեռների սահմանահատման դյուրացման մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

26 օգոստոսի 2005 թվականի
ՍԴՈ-596

print page Տպել էջը