ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 20 սեպտեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Վ. Պողոսյանի (հարգելի պատճառով չի մասնակցել որոշման ընդունմանը),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված՝ Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով ընդհանուր կանոնակարգը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Ընդհանուր կանոնակարգն ընդունվել է Համաշխարհային փոստային միության 22-րդ համագումարի կողմից 1999թ. սեպտեմբերի 15-ին Պեկինում՝ ի կիրառումն Համաշխարհային փոստային միության կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 22 հոդվածի 2-րդ կետի դրույթների։

Ընդհանուր կանոնակարգի նպատակը Կանոնադրության կիրառման եւ գործողության ապահովումն է։

Ընդհանուր կանոնակարգն ուժի մեջ է մտել 2001թ. հունվարի 1-ին։

Հայաստանի Հանրապետությունն ընդհանուր կանոնակարգն ստորագրել է 1999թ. սեպտեմբերի 15-ին՝ Պեկինում։

Ընդհանուր կանոնակարգը, ի թիվս այլոց, Կանոնադրության 22 հոդվածի 2-րդ կետի դրույթների ուժով հանդիսանում է Համաշխարհային փոստային միության (այսուհետ՝ Միություն) փաստաթղթերից մեկը, պարտադիր է Միության բոլոր անդամ երկրների համար եւ Կանոնադրության 25 հոդվածի 4-րդ կետի ուժով ենթակա է հավանության՝ այն ստորագրած յուրաքանչյուր երկրի ներքին սահմանադրական դրույթներին համապատասխան։

2. Ընդհանուր կանոնակարգը սահմանում է ընթացակարգային կանոններ, որոնք մանրամասնում եւ կոնկրետացնում են Կանոնադրության դրույթները եւ կոչված են ապահովելու դրանց արդյունավետ կիրառումը եւ գործողությունը։ Մասնավորապես, կանոնակարգի դրույթները վերաբերում են Միության մարմիններ հանդիսացող՝ Համագումարների եւ արտակարգ Համագումարների կազմակերպմանը եւ հրավիրմանը, Վարչական եւ Փոստային շահագործման խորհուրդների կազմին, գործունեությանը եւ ժողովներին, Միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենի եւ Գլխավոր տնօրենի տեղակալի ընտրություններին, վերջիններիս գործառույթներին։

Ընդհանուր կանոնակարգը սահմանում է Միության մարմինների քարտուղարության կարգավիճակը, Համագումարին եւ երկու Համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում առաջարկությունների ներկայացման եւ քննարկման ընթացակարգը, Միության ծախսերի սահմանի հաստատման եւ դրանց փոխհատուցման ընթացակարգը, արբիտրաժային ընթացակարգը։

Ընդհանուր կանոնակարգով նախատեսված են սանկցիաներ, որոնք վերաբերում են անդամ երկրների կողմից այլ անդամ երկրներին իրենց ունեցած պարտքը կամ դրա մի մասը Միությանն անվերադարձ կերպով զիջելուց եւ իրենց պարտքն ըստ հաշիվների մարելու պլանը ստորագրելուց հրաժարվելու դեպքերին, որոնց դեպքում տվյալ երկիրը կորցնում է իր ձայնի իրավունքը Համագումարում, Վարչական խորհրդի եւ Փոստային շահագործման խորհրդի ժողովներում եւ չի կարող ընտրվել այդ երկու խորհուրդներում։

3. Ընդհանուր կանոնակարգով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

  • կրել Փոստային շահագործման խորհրդի աշխատանքներին մասնակցող՝ ՀՀ ներկայացուցիչների ուղեւորությունների եւ կեցության հետ կապված ծախսերը,
  • լեզվաբանական տվյալ խմբի մյուս անդամների հետ մեկտեղ մասնակցել տվյալ լեզվով թարգմանության, ինչպես նաեւ համաժամանակյա թարգմանության ծախսերին՝ Միության ծախսերում ՀՀ մուծումներին համամասնորեն,
  • որպես Միության անդամ՝ Միությանը մուծել անդամավճար, այդ թվում նաեւ՝ Միությունից դուրս գալու տվյալ ամբողջ տարվա համար։ Վճարման համար սահմանված ժամկետը խախտելու դեպքում հօգուտ Միության վճարել վճարման ենթակա գումարին հաշվարկվող տոկոսներ՝ տարեկան 3% հաշվարկով՝ առաջին 6 ամսվա ընթացքում եւ տարեկան 6%՝ սկսած յոթերորդ ամսից,
  • իրավական կամ մեկ այլ պատճառով վճարման ենթակա պարտադիր մուծումները վճարել չկարողանալու դեպքում ստորագրել ըստ հաշիվների ՀՀ պարտքերը մարելու պլանը,
  • վճարել Միջազգային բյուրոյի կողմից նյութերի տրամադրման դիմաց։ Պահանջվող վճարների մուծման համար նախատեսված ժամկետի խախտման դեպքում հօգուտ Միության վճարել վճարման ենթակա գումարին հաշվարկվող տոկոսներ՝ տարեկան 5% հաշվարկով՝ սկսած նշված ժամկետի օրվանից։
  • Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

    1. 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված՝ Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

    2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

    ՆԱԽԱԳԱՀՈՂ

    Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    20 սեպտեմբերի 2005 թվականի
    ՍԴՈ - 600

    print page Տպել էջը