ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4102 AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՔԱՂԱՔԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 4 հոկտեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կ. Աթոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հուլիսի 20-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4102 AM զարգացման վարկի համաձայնագրում (Քաղաքային ջեռուցման ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի հուլիսի 20-ին՝ Երեւանում:

Համաձայնագրի նպատակը Քաղաքային ջեռուցման ծրագրի իրականացման համար Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը վարկի տրամադրումն է :

Ըստ համաձայնագրի՝ Ընկերակցության 1985թ. հունվարի 1-ի (2004թ. մայիսի 1-ին կատարված փոփոխություններով) «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները»՝ քննության առարկա համաձայնագրում ամրագրված փոփոխություններով, կազմում են համաձայնագրի բաղկացուցիչ մասը։

Համաձայնագրի շրջանակներում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնումները պետք է կատարվեն 2004 թվականի մայիսի՝ «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի եւ Միջազգային զարգացման ընկերակցության կողմից հատկացվող վարկերի եւ փոխառությունների միջոցով կատարվող գնումների» ուղեցույցների 1-ին բաժնի եւ համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, իսկ խորհրդատվական ծառայությունների գնումները՝ 2004 թվականի մայիսի՝ «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության եւ վարձման» ուղեցույցների 1-ին եւ 4-րդ բաժիններին եւ համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան։

Համաձայնագիրն ունի վեց հավելված. «Հավելված 1. Վարկի միջոցներից առհանում», «Հավելված 2. Ծրագրի նկարագրություն», «Հավելված 3. Գնումներ», «Հավելված 4. Իրականացման ծրագիր», «Հավելված 5. Հատուկ հաշիվ» եւ «Հավելված 6. Ծրագրի Բ եւ Գ մասերի շրջանակներում ընթացակարգերն ու թույլատրելիության չափանիշները»։

2. Ծրագրի նպատակն է մեծացնել Վարկառուի քաղաքային դպրոցներում եւ բազմաբնակարան շենքերում մաքուր, արդյունավետ, ապահով եւ մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների օգտագործումը։

Ծրագիրը բաղկացած է մի քանի մասերից, որոնցում նախատեսված են համայնքային եւ մասնավոր հատվածի համախմբում, ջեռուցման եւ դրան առնչվող ենթակառուցվածքների ֆինանսավորում, դպրոցների ջեռուցում եւ Ծրագրի իրացում։

Նախատեսվում է Ծրագիրն ավարտել մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը։

3. Ըստ համաձայնագրի՝ Ընկերակցությունը պարտավորվում է համաձայնագրի հավելված 2-ում նկարագրված՝ Քաղաքային ջեռուցման ծրագրի իրականացման նպատակով, համաձայնագրում նշված ժամկետներում եւ պայմաններով, Հայաստանի Հանրապետությանը տրամադրել տասը միլիոն փոխառության հատուկ իրավունքներին (SDR 10.000.000) համարժեք գումար:

Վարկը տրամադրվում է ֆինանսավորելու ծախսերի հետեւյալ ուղղությունները. ապրանքներ եւ աշխատանքներ դպրոցների ջեռուցման համակարգերի համար, խորհրդատվական ծառայություններ, ներառյալ աուդիտը, վերապատրաստում, ենթավարկեր, դրամաշնորհներ, աճող գործառնական ծախսեր, Ծրագրի նախապատրաստման կանխավճարի վերաֆինանսավորում, չբաշխված միջոցներ։

Վարկի փակման օրը 2010թ. հունիսի 30-ն է կամ ավելի ուշ ժամկետը, որը կհաստատվի Ընկերակցության կողմից։

Վարկառուն, իր հերթին, պարտավորվում է.

- վարկի չառհանված հիմնական գումարից հաշվարկված՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին եւ նոյեմբերի 15-ին Ընկերակցությանը վճարել պարտավճար՝ տարեկան 0.5% տոկոսադրույքով,

- վարկի հիմնական գումարից ժամանակ առ ժամանակ առհանված եւ չվճարված գումարներից հաշվարկված՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին եւ նոյեմբերի 15-ին Ընկերակցությանը վճարել սպասարկման վճար՝ տարեկան 0.75% տոկոսադրույքով,

- կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին եւ նոյեմբերի 15-ին, սկսած 2015 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2045 թվականի մայիսի 15-ը, մարել վարկի հիմնական գումարը,

- R2E2 հիմնադրամի միջոցով պատշաճ ջանասիրությամբ եւ արդյունավետությամբ իրականացնել Ծրագիրը՝ պահպանելով վարչական, ֆինանսական, ճարտարագիտական, բնապահպանական բնույթի համապատասխան պահանջները եւ սեղմ ժամկետներում տրամադրել Ծրագրի համար պահանջվող ֆինանսական միջոցներ, գրասենյակներ, ծառայություններ եւ այլ ռեսուրսներ,

- վարել ֆինանսական կառավարման համակարգ եւ պատրաստել Ընկերակցության համար ընդունելի ֆինանսական հաշվետվություններ,

- R2E2 հիմնադրամի հետ կնքել լրացուցիչ համաձայնագիր,

- համաֆինանսավորել վարկի միջոցներից ֆինանսավորվող աշխատանքների եւ ապրանքների ծախսերի 20 տոկոսը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005թ. հուլիսի 20-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4102 AM զարգացման վարկի համաձայնագրում (Քաղաքային ջեռուցման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 հոկտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 605

print page Տպել էջը