ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4095 AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 4 հոկտեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հուլիսի 20-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4095 AM զարգացման վարկի հա- մաձայնագրում (Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի հուլիսի 20-ին՝ Երեւանում:

Համաձայնագրի նպատակը Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի իրականացման համար Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը վարկի տրամադրումն է:

Ըստ համաձայնագրի՝ Ընկերակցության 1985թ. հունվարի 1-ի (մինչեւ 2004թ. մայիսի 1-ը կատարված փոփոխություններով) «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները»՝ քննության առարկա համաձայնագրում ամրագրված փոփոխություններով, կազմում են համաձայնագրի բաղկացուցիչ մասը։

Համաձայնագրի շրջանակներում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնումները պետք է կատարվեն 2004 թվականի մայիսի՝ «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի եւ Միջազգային զարգացման ընկերակցության կողմից հատկացվող վարկերի եւ փոխառությունների միջոցով կատարվող գնումների» ուղեցույցների 1-ին բաժնի եւ համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, իսկ խորհրդատվական ծառայությունների գնումները՝ 2004 թվականի մայիսի՝ «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության եւ վարձման» ուղեցույցների 1-ին եւ 4-րդ բաժիններին եւ համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան։

Համաձայնագիրն ունի վեց հավելված. «Հավելված 1. Վարկի միջոցներից առհանում», «Հավելված 2. Ծրագրի նկարագրություն», «Հավելված 3. Գնումներ», «Հավելված 4. Իրականացման ծրագիր», «Հավելված 5. Հատուկ հաշիվ» եւ «Հավելված 6. Ծրագրի Ա.1.բ, Ա.2. եւ Գ մասերի ընթացակարգերը, ժամկետները եւ պայմանները»։

2. Ծրագրի նպատակն է աջակցել Վարկառուի փոքր եւ միջին ծավալի գյուղական ձեռնարկությունների զարգացմանը՝ մեծացնելով ֆերմերների եւ գյուղական ձեռներեցների՝ շուկա մուտք գործելու կարողությունը, խթանելով գյուղական վայրերում շուկայական կողմնորոշում ունեցող մասնավոր եւ պետական ներդրումները։

Ծրագիրը բաղկացած է հետեւյալ մասերից, «Մաս Ա. Աջակցություն փոքր գյուղական ձեռնարկություններին», որը ներառում է ԳՖԿ գյուղական ֆինանսական ծառայությունների հզորացումը, ՄՖՀ-ների տեղական կարողությունների զարգացման համար խորհրդատվական ծառայությունների տրամադրումը, շրջանառու կապիտալի եւ երկարաժամկետ ներդրումային կապիտալի տրամադրումը, շուկայի մատչելիության մեծացման եւ արտադրողների ու վերամշակողների միջեւ կապերի ամրապնդման համար դրամաշնորհների տրամադրումը, «Մաս Բ. Աջակցություն ֆերմերային տնտեսության զարգացմանը», որը ներառում է ապակենտրոնացված գյուղատնտեսական խորհրդատվական համակարգի հզորացումը, խորհրդատվական համակարգի հստակեցումը, տեխնոլոգիաների գնահատումը եւ տարածումը, գյուղական վայրերում աջակցության շրջանակների ընդլայնումը, Վարկառուի սերմերի եւ տնկիների շուկայի հզորացումը, «Մաս Գ. Համայնքների տնտեսական զարգացում», որը ներառում է համայնքային գրասենյակների օգնությամբ համայնքների տնտեսական զարգացման պլանի մշակումը եւ համայնքի տնտեսական զարգացման պլանում ընդգրկված համայնքային առաջնահերթ ներդրումների ֆինանսավորման համար դրամաշնորհների եւ խորհրդատվական ծառայությունների տրամադրումը, «Մաս Դ. Ծրագրի իրականացում», որը ներառում է Ծրագրի արդյունավետ իրականացման համար աջակցությունը ԾԻԳ-ին։

Նախատեսվում է Ծրագիրն ավարտել 2009 թվականի նոյեմբերի 30-ին։

3. Ըստ համաձայնագրի՝ Ընկերակցությունը պարտավորվում է համաձայնագրի հավելված 2-ում նկարագրված՝ Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի իրականացման նպատակով համաձայնագրում նշված ժամկետներում եւ պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել տասներեք միլիոն երեք հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին (SDR 13.300.000) համարժեք գումար:

Վարկը տրամադրվում է ֆինանսավորելու ծախսերի տարբեր ուղղություններ՝ աշխատանքներ, ապրանքների ձեռքբերում, վերապատրաստում, խորհրդատվական ծառայություններ, գործառնական ծախսեր ԳՖԿ-ի համար, ԳԱՀԿ-ների եւ Վարկառուի սերմերի գործակալության համար միջոցներ եւ այլն։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ 13,3 մլն SDR վարկային միջոցների ավելի քան 6 միլիոնը նախատեսվում է տրամադրել որպես դրամաշնորհ, որի բաշխումը չպետք է խտրական իրավիճակ առաջ բերի։

Վարկի փակման օրը 2010թ. մայիսի 31-ն է կամ ավելի ուշ ժամկետը, որը կհաստատվի Ընկերակցության կողմից։

Վարկառուն, իր հերթին, պարտավորվում է.

- վարկի չառհանված հիմնական գումարից հաշվարկված՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին Ընկերակցությանը վճարել պարտավճար՝ տարեկան 0.5% տոկոսադրույքով,

- վարկի հիմնական գումարից ժամանակ առ ժամանակ առհանված եւ չվճարված գումարներից հաշվարկված՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին Ընկերակցությանը վճարել սպասարկման վճար՝ տարեկան 0.75% տոկոսադրույքով,

- կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին, սկսած 2015 թվականի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2045 թվականի հունիսի 15-ը, մարել վարկի հիմնական գումարը,

- ԾԻԳ-ի միջոցով պատշաճ ջանասիրությամբ եւ արդյունավետությամբ իրականացնել Ծրագիրը՝ պահպանելով վարչական, ֆինանսական, ճարտարագիտական, բնապահպանական բնույթի համապատասխան պահանջները եւ սեղմ ժամկետներում տրամադրել Ծրագրի համար պահանջվող ֆինանսական միջոցներ, գրասենյակներ, ծառայություններ եւ այլ ռեսուրսներ,

- վարել ֆինանսական կառավարման համակարգ եւ պատրաստել Ընկերակցության համար ընդունելի ֆինանսական հաշվետվություններ,

- Ընկերակցության համար ընդունելի ժամկետներով եւ պայմաններով բացել նախնական ավանդով Ծրագրի հաշիվ՝ 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով,

- համաֆինանսավորել վարկի միջոցներից ֆինանսավորվող աշխատանքների ծախսերի 10 տոկոսը, ապրանքների ծախսերի 20 տոկոսը, ԳՖԿ-ի համար խորհրդատվական ծառայությունների եւ աճող գործառնական ծախսերի 50 տոկոսը՝ մինչեւ 2007թ. դեկտեմբերի 31-ը եւ 80 տոկոսը՝ այդ ժամկետից հետո, ԳԱՄԿ-ների, ԳԱՀԿ-ների եւ Վարկառուի սերմերի գործակալության համար խորհրդատվական ծառայությունների եւ աճող գործառնական ծախսերի 25 տոկոսը՝ մինչեւ 2007թ. դեկտեմբերի 31-ը եւ 65 տոկոսը՝ այդ ժամկետից հետո։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005թ. հուլիսի 20-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4095 AM զարգացման վարկի համաձայնագրում (Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 հոկտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 613

print page Տպել էջը