ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 1 նոյեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1996 թվականի սեպտեմբերի 10-ին Ժնեւում ստորագրված՝ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրում եւ դրան կից արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը, դրան կից արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը, դրան կից արձանագրությունը՝ հավելվածներով հանդերձ, մասնակից պետությունների կողմից ստորագրվել են 1996թ. սեպտեմբերի 10-ին՝ Ժնեւում։ Հայաստանի Հանրապետության կողմից այդ փաստաթղթերն ստորագրվել են 1996թ. հոկտեմբերի 1-ին։

Պայմանագրի նպատակը միջուկային փորձարկումների եւ ցանկացած այլ միջուկային պայթյունների համապարփակ արգելման միջոցով միջուկային զենքերի տարածումը կանխարգելելը, դրանով իսկ՝ միջուկային խաղաղությունը եւ անվտանգությունն ամրապնդելն է։

2. Պայմանագրի 1-ին հոդվածի համաձայն մասնակից պետությունները պարտավորվում են չիրականացնել միջուկային զենքի որեւէ փորձարկումային պայթյուն կամ ցանկացած այլ միջուկային պայթյուն, ինչպես նաեւ արգելել ու կանխարգելել ցանկացած այդպիսի միջուկային պայթյուն միջազգային իրավունքին համապատասխան ճանաչված իրենց իրավազորության կամ հսկողության տակ գտնվող ցանկացած վայրում, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ միջուկային զենքի որեւէ փորձարկումային պայթյունի կամ այլ բնույթի միջուկային պայթյունի իրականացում առաջացնելուց, խրախուսելուց կամ դրան ցանկացած այլ ձեւով մասնակցելուց։

3. Պայմանագրի նպատակներն իրագործելու, ինչպես նաեւ այդ ուղղությամբ միջազգային վերահսկողություն իրականացնելու եւ պետությունների միջեւ համագործակցություն ապահովելու համար մասնակից պետությունները՝ անդամության եւ ֆինանսական մասնակցության սկզբունքներով, հիմնում են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն), որի գործառույթներն իրականացվում են Կազմակերպության շրջանակներում ստեղծված այնպիսի մարմինների միջոցով, ինչպիսիք են՝ Մասնակից պետությունների խորհրդաժողովը, Գործադիր խորհուրդը եւ Տեխնիկական քարտուղարությունը, այդ թվում նաեւ՝ Տվյալների միջազգային կենտրոնը:

Պայմանագրի 2-րդ հոդվածում մանրամասնված են վերոհիշյալ մարմինների կազմը, աշխատակարգը, լիազորությունները:

4. Մասնակից պետությունները պայմանագրով ստանձնած պարտավորությունների կամ գործառույթների կատարման նպատակով համագործակցում են Կազմակերպության կամ ուղղակիորեն միմյանց հետ, կամ միջազգային այլ ընթացակարգերի, ներառյալ՝ ՄԱԿ-ի շրջանակներում: Այդ պարտավորությունները կատարելու նպատակով յուրաքանչյուր մասնակից պետություն հիմնում է Ազգային մարմին՝ այդ մասին տեղեկացնելով Կազմակերպությանը։

5. Մասնակից պետությունների տարածքում պայմանագրից բխող անհրաժեշտ գործունեություն ծավալելու նպատակով, կնքվելիք առանձին համաձայնագրերի ուժով, միջազգային համապատասխան սկզբունքների կիրառմամբ եւ պայմանագրի 2-րդ հոդվածի 55-րդ կետում մատնանշված անձանց շրջանակներում, Կազմակերպությունն օգտվելու է արտոնություններից եւ անձեռնմխելիությունից: Ընդ որում, պայմանագրին կից արձանագրությամբ նախատեսված են այդպիսի արտոնությունները կամ անձեռնմխելիությունը հնարավոր չարաշահումներից պաշտպանելու հատուկ ընթացակարգեր:

6. Պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում է վերահսկողության ընդլայնված համակարգ, որը ներառում է Դիտարկման միջազգային համակարգը, խորհրդակցություններն ու պարզաբանումները, տեղերում անցկացվող տեսչությունները, վստահություն ամրապնդող միջոցառումները, ընդ որում, մասնակից բոլոր պետությունները, անկախ իրենց տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններից, օգտվում են վերահսկողության հավասար իրավունքներից եւ ստանձնում վերահսկվելու հավասար պարտավորություններ:

Պայմանագրով սահմանվում են Դիտարկման միջազգային համակարգի կազմը, տեղում տեսչություն անցկացնելու կարգը, որն առավել մանրամասնված է պայմանագրին կից արձանագրությամբ:

7. Ընդհանուր առմամբ, պայմանագիրը կոչված է չխոչընդոտելու խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հետագա զարգացման ուղղությամբ մասնակից պետությունների տնտեսական եւ տեխնիկական առաջընթացը:

8. Պայմանագրով հատկապես կարեւորված է մասնակից պետությունների ինքնիշխանության եւ իրավահավասարության սկզբունքների ապահովումը պայմանագրով նախատեսված միջոցառումների եւ այլ ընթացակարգերի իրականացման շրջանակներում: Նախատեսված են նաեւ իրավական երաշխիքներ միջազգային վերահսկողական գործունեության արդյունքում ձեռք բերված գաղտնի տեղեկատվության պաշտպանության նպատակով:

9. Պայմանագրով եւ կից արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- սահմանադրական ընթացակարգերի համաձայն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ստանձնած պարտավորությունները կատարելու համար,

- միջազգային իրավունքին համապատասխան ճանաչված իր իրավասության կամ հսկողության տակ գտնվող ցանկացած այլ վայրում չիրականացնել միջուկային զենքի որեւէ փորձարկումային պայթյուն կամ ցանկացած այլ միջուկային պայթյուն, եւ արգելել ու կանխարգելել ցանկացած այդպիսի միջուկային պայթյուն կամ այդպիսին պատճառելը, խրախուսելը կամ ցանկացած ձեւով մասնակցելը, ինչպես նաեւ արգելել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ՀՀ տարածքում պայմանագրով արգելված գործունեության իրականացումը,

- Կազմակերպությանը տեղեկացնել պայմանագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ, Ազգային մարմնի միջոցով համագործակցել ինչպես Կազմակերպության, այնպես էլ մասնակից պետությունների հետ,

- ստեղծել անհրաժեշտ պայմաններ պայմանագրի շրջանակներում վերահսկողական միջոցառումների իրականացման, Դիտարկման միջազգային համակարգի մաս կազմող ազգային կայաններից տվյալների տրամադրման համար, այնպիսի հնարավոր բացառություններով, որոնք նախատեսված են պայմանագրին կից արձանագրությամբ,

- թույլատրել տեղում տեսչական ստուգումների անցկացում,

- համագործակցել Կազմակերպության եւ մասնակից մյուս պետությունների հետ վերահսկողության ռեժիմի բարելավման եւ վերահսկողության տեսանկյունից դիտարկվող լրացուցիչ տեխնոլոգիաների հնարավորությունների ուսումնասիրման գործում,

- ՄԱԿ-ի վճարումների սանդղակին համապատասխան, տարեկան հիմունքներով հոգալ Կազմակերպության գործունեության ծախսերը,

- համագործակցել երկրաշարժաբանական, մթնոլորտում ռադիոնուկլիդների, հիդրոձայնագիտական, ենթաձայնային տվյալների միջազգային փոխանակման գործում,

- ներպետական ընթացակարգերին համապատասխան, տեսուչներին եւ նրանց օգնականներին՝ տեսչական գործունեություն իրականացնելու համար, տրամադրել բազմակի մուտքի եւ /կամ/ ելքի տարանցիկ արտոնագրեր եւ այլ փաստաթղթեր:

10. Պայմանագրով նախատեսված են դրույթներ մասնակից պետությունների միջեւ պայմանագրի կատարման շրջանակներում ծագած հնարավոր վեճերի կարգավորման, պայմանագրում, պայմանագրի արձանագրությունում եւ վերջիններիս հավելվածներում փոփոխություններ կատարելու կամ պայմանագրի վերանայման, դրա ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարելու վերաբերյալ:

11. Պայմանագրով եւ արձանագրությամբ ստանձնած վերոհիշյալ պարտավորություններով Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը ՀՀ Սահմանադրությունում եւ միջազգային իրավական հանրաճանաչ փաստաթղթերում արտացոլված համամարդկային արժեքներին, դրանով լրացուցիչ կայուն երաշխիքներ ստեղծելով բոլոր պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան ապահովելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1996թ. սեպտեմբերի 10-ին Ժնեւում ստորագրված՝ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրում եւ դրան կից արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1 նոյեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 614

print page Տպել էջը